PR մրցանակաբաշխությանը ՀՀ բնապահպանության նախարարության հատուկ մրցանակը հանձնվեց «ԷկոԼուր»-ին

PR մրցանակաբաշխությանը ՀՀ բնապահպանության նախարարության հատուկ մրցանակը հանձնվեց «ԷկոԼուր»-ին

ԷկոԼուր

Մայիսի 31-ին կայացած Հայկական PR մրցանակաբաշխությանը ՀՀ բնապահպանության նախարարության հատուկ մրցանակը հանձնվեց «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությանը: Մրցանակը՝ ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերը, հանձնեց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը:

Բնապահպանության նախարարի տեղակալը նշեց, որ մրցանակը շնորհվում է «ԷկոԼուր»-ին բնապահպանության ոլորտում կատարվող աշխատանքները և առկա հիմնահարցերը հետևողականորեն և անաչառ լուսաբանելու համար:

Խաչիկ Հակոբյանը բարձր է գնահատել «Էկոլուր» կայքի գործունեությունը և համոզմունք հայտնել, որ հետագայում էլ կայքը կշարունակի օբյեկտիվ տեղեկատվության տարածումը և կիրականացնի կառուցողական երկխոսության հարթակի իր առաքելությունը` պատասխանատու պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, տնտեսվարող սուբյեկտների և անհատների միջև:

Միջոցառման ժամանակ հայտարարվեցին PR մրցանակաբաշխության մրցանակակիրները և հաղթողները տասներեք անվանակարգերում:

Մրցանակակիրները յուրաքանչյուր անվանակարգում ընտրվել էին հանրային կապերի ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում: Ուսումնասիրությանը մասնակցել էր 50 փորձագետ, 50 խմբագիր և լրագրող, 7 ֆոկուս խումբ:

Հայկական PR մրցանակաբաշխությունը նախաձեռնել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը: Մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն է «Beeline Հայաստանը»:

Հունիս 01, 2016 at 18:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր