ԷկոԼուր
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով ստույգ կկարգավորվի ռազմավարական էկոլոգիական գնահատումը: ՀՀ բնապահպանության նախարարությունը մշակել է օրենքում լրացումների նախագիծ, որտեղ առանձին գլխով ներկայացված են ռազմավարական գնահատման վերաբերյալ դրույթները:
«Ռազմավարական էկոլոգիական գնահատման ենթակա են բոլոր հիմնադրութային փաստաթղթերը և դրանց ցանկացած փոփոխություն, որոնք հնարավոր ազդեցություն կունենան բնության հատուկ պահպանվող և անտառային տարածքների, պատմամշակութային հուշարձանների վրա», - նշված է օրենքի նախագծում:
«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, իրավաբան Նազելի Վարդանյանի կարծիքով` նոր փոփոխությունները չեն լուծում օրենքում առկա թերությունները: Դրանցից մեկն էլ ազդակիր համայնքներում հանրային լսումների անցկացման կարգն է: Ըստ իրավաբանի, եթե ազդակիր համայնքների թիվը մեկից ավելի է, ապա լսումները պետք է անցկացվեն բոլոր համայնքներում, այլ ոչ միայն այն, որի վարչական տարածքում պետք է իրականացվի գործունեություն:
Նազելի Վարդանյանը օրինակ բերեց Ամուլսարի ոսկու ծրագիրը և այն` ինչպես Ջերմուկի բնակիչները զրկվեցին իրավունքից` մասնակցելու որոշումների կայացմանը, որովհետև Ջերմուկն ավելի ուշ ճանաչվեց ազդակիր համայնք:
«Եթե համայնքը սկզբում ազդակիր չի ճանաչվել, հետո է ճանաչվել, բայց չի մասնակցել հանրային լսումներին, ապա պետք է օրենքում դրույթ լիներ անվավեր ճանաչել այդ փորձաքննությունը», - նշեց Նազելի Վարդանյանը:
Հոկտեմբեր 13, 2017 at 16:05