ԷկոԼուր
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարտի 31-ին այցելել է «Արփա-Սևան» թունել, որտեղ ծանոթացել է իրականացվող վերականգնողական շինարարական աշխատանքների ընթացքին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժինը, շինարարական աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա հերթափոխներով՝ տարեկան 7 ամիս տևողությամբ (սեպտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ը), իսկ գարնանային հեղեղումների ժամանակ՝ ապրիլի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակաշրջանում այդ աշխատանքները դադարեցվում են, և, ընդունված կարգի համաձայն, թունելով ջուրը տեղափոխվում է դեպի Սևանա լիճ:
«Այս տարվա համար նախատեսված ընթացիկ վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, ուստի մենք կարող ենք ապրիլի 5-ից արդեն Սևանա լիճ ջուր բաց թողնել»,- ասել է Սերգո Կարապետյանը:
Նախարարը նաև նշել է, որ թունելի հետագա շահագործումն ապահովելու համար անհրաժեշտ են նոր ծրագրեր, որոնք հնարավորություն կտան, որպեսզի «Արփա-Սևան» թունելն աշխատի իր հզորությունների ողջ ծավալով:
Պաշտոնական աղբյուրի համաձայն՝ 2010-2014թթ. ընթացքում «Արփա-Սևան» թունելով դեպի Սևանա լիճ է տեղափոխվել 545,5 միլիոն խմ ջուր:
Լուսանկարը վերցված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքից:
Ապրիլ 01, 2015 at 14:22