Բնապահպաններ` Ամուլսարի ծրագիրն իրականացվում է քաղաքական ու ֆինանսական ճնշումների ներքո

Բնապահպաններ` Ամուլսարի ծրագիրն իրականացվում է քաղաքական ու ֆինանսական ճնշումների ներքո

ԷկոԼուր

Կրքերը Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման եւ ցիանային ֆաբրիկայի կառուցման ծրագրի շուրջ ավելի են բորբոքվել: Պատճառը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից ծրագրին տրված դրական եզրակացությունն է:

Հանքավայրը մտադիր է շահագործել «Lydian International» ընկերությունը` ի դեմս «Գեոթիմ» ՓԲԸ-ի:

«Դա պայմանական դրական եզրակացություն է, քանի որ բնապահպանական փորձաքննությունը ընկերության առջև դրել է 6 պայմաններ, և եզրակացությունը տրված է միայն այդ պայմանների կատարման դեպքում: Մենք ուսումնասիրել ենք այդ պայմանները և մեզ համար հասկանալի է, որ եթե այդ պայմանները կատարվեն, նախագիծն ընդհանրապես հնարավոր չի լինի իրականացնել», - դեկտեմբերի 2-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Նա հիշեցրեց, որ Ամուլսարի հանքավայրի հասարակական լսումները անցել են աննախադեպ ճնշման տակ. «2014 թ. օգոստոսի 25-ին հասարակական լսումների անցկացման վայրում՝ Գնդեվազ գյուղում, ներկա էր ոստիկանությունը: Նրանք միջամտեցին, երբ գյուղացիները վրդովվեցին: Հոկտեմբերի 30-ին, երբ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակը իբր հասարակական քննարկում էր կազմակերպել այդ նախագծի համար, ոստիկանությունը կրկին միջամտեց և թույլ չտվեց հասարակության ներկայացուցիչներին մասնակցել քննարկմանը»:

Գնդեվազ գյուղի բնակչուհի, լրագրող Թեհմինե Ենոքյանը նշեց՝ ինչ խնդիրների առջև են կանգնում գյուղացիները ընկերության գործունեության արդյունքում:

«Ընկերությունն առաջարկում է աստղաբաշխական գներ գյուղացիներին իրենց հողատարածքները գնելու համար: Գյուղացիները բաժանվել են 3 խմբի՝ առաջին խումբը պատրաստ է, ինչ գնով էլ լինի, վաճառի իր հողատարածքը, տունը և ուղղակի հեռանա գյուղից, երկրորդ խումբը պատրաստ է միայն շատ մեծ գներով վաճառել իր հողատարածքը, իսկ երրորդ խումբն ընդհանրապես հրաժարվում է վաճառել իր հողատարածքը՝ համարելով, որ դա իր ժառանգությունն է և ինքը պարտավորված է զգում իր թոռներին թողնել այն ծիրանի այգիները, որոնցով նա այս պահին վաստակում է իր հացը», - ասաց Թեհմինե Ենոքյանը՝ նշելով որ ինքը ևս ունի գյուղում մեծ այգի, որը մշտապես եկամուտ է բերել իր ընտանիքին:

«Ասում են, որ եթե ձեզ մոտ հանքը շահագործվի, միրգն արդեն աղտոտված կլինի, և մենք չունենք այնպիսի երաշխիքներ, որ դուք կկարողանաք այստեղից մաքուր արտադրանք արտահանել: Սա առաջացրել է բավականին մեծ շահերի բախում ինչպես գնդեվազցիների, այդպես էլ Ջերմուկ համայնքի, Սարավան, Սարալանջ և Գորայք գյուղերի միջև», - նշեց Թեհմինե Ենոքյանը:

Բնապահպանության նախարարության կողմից տրված դրական եզրակացության վերաբերյալ Թ. Ենոքյանը հայտնեց. «Անգամ եթե Գնդեվազից մնամ մենակ ես, որպես պատշաճ հայցվոր,  ես պատրաստվում եմ վիճարկել փաստաթուղթը ինչպես վճռաբեկ դատարանում, այդպես էլ Եվրադատարանում: Իմ շահերի և Գնդեվազ գյուղի շահերի, իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու է փաստաբան Հայկ Ալումյանը»:

Եզրակացության մեջ նշված պայմանները Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը համարում է տեխնիկական և կարծում, որ դրանք դիտավորյալ են ընտրված այնպես, որպեսզի ընկերությունը հեշտությամբ կարողանա իրականացնել: Նա նաև նշեց, որ մինչև դրական եզրակացություն տրամադրելն օրենսդրությունը համապատասխանեցվել է այս ծրագրի նպատակներին:

«Մենք ունենք օրենք, որն արգելում է այն վայրերում, որտեղ կան Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ, իրականացնել ընդերքշահագործում: Ստացվել է այնպես, որ 2014 թ. հուլիսի 30-ին՝ հանրային լսումներից երկու շաբաթ առաջ, կառավարությունը կառավարության որոշման կարգով որոշակի լրացումներ է կատարել և սահմանել, որ ընդերքօգտագործման գոտիներից կարող են այդ բուսատեսակները տեղափոխվել բուսաբանական այգիներ և այլ վայրեր: Բայց բնապահպանական օրենսդրության ամբողջ տրամաբանությունն այն է, որ կարևոր է այդ տարածքը, որտեղ կա համապատասխան միկրոկլիմա, համապատասխան պայմաններ այդ բուսատեսակների աճման համար, այլ ոչ թե բուսատեսակը: Շատ լավ հասկանալով, որ չեն կարող շրջանցել օրենքի այս կետը, ուղղակի կառավարության որոշման կարգով փոխել են որոշումը», - ասաց Արթուր Գրիգորյանը: Նրա կարծիքով՝ Ամուլսարի ծրագիրը իրականացվում է ամենաբարձր հովանավորության տակ և քաղաքական ու ֆինանսական ճնշումների ներքո: «Այս հանքավայրի շահագործման աշխատանքերը իրականացվում են կառավարության, նախագահի հովանավորության տակ և միջազգային ճնշումների ներքո: Տարիներ շարունակ անմիջական, անթաքույց քաղաքական ճնշումներ են եղել ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի կողմից, Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լինչի կողմից, նրա ամուսնու կողմից, որը ևս դեսպան է: Անմիջական ճնշումներ են եղել թե բնապահպանության նախորդ նախարարի վրա, թե կառավարության վրա: Համաշխարհային բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) իրենց հերթին գործադրել են ֆինանսական ճնշումներ: Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչպես EBRD-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, անմիջականորեն հղում կատարելով այս նախագծի ձգձգման վրա, ուղղակիորեն կառավարությանն էր մեղադրում ծրագիրը ձգձգելու համար», - ասաց Արթուր Գրիգորյանը՝ նշելով, որ սա այնպիսի քաղաքական խնդիր է, որ առաջացնում է կառավարության հրաժարականը պահանջելու հարց: Նրա խոսքով՝ սա բարձրագույն մակարդակով արված կոռուպցիոն գործարք է, որի համար պետք է պատասխանատվություն կրեն թե միջազգային օղակները, թե մեր կառավարությունը՝ հատկապես բնապահպանության նախարարությունը: Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ առաջիկայում այս հարցի շուրջ կսկսվի դատական գործընթաց:

«Հերթական անգամ բնապահպանության նախարարությունն ապացուցեց, որ ինքը կայացնում է ոչ թե բնապահպանական որոշում, այլ քաղաքական որոշման հաստատում: Ամուլսարի հանքավայրի շահագործումն ի վերջո դարձավ քաղաքական որոշում, որովհետև եզրակացության մեջ գրված 10 էջը ուղղակի իրենց 467 էջանոց ՇՄԱԳ-ի կոնսպեկտն է: Այստեղ ոչ մի գնահատական չկա, թե ինչ վտանգներ են տեսել մեր հարգարժան 3 փորձագետները, ովքեր ստորագրել են այս նախագծի տակ», - ասաց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը:

Նա նշեց, որ, կարդալով եզրակացությունը, թվում է, թե Ամուլսարի հանքավայրը շահագործվում է անապատում, որի շրջակայքում ոչ մարդ կա, ոչ կենդանի, ոչ բուսականություն:

«Հանքավայրը գտնվում է մի այնպիսի ջրհավաք ավազանում, որտեղ գոյանում են Որոտան և Արփա գետերի հիմնական ջրային պաշարները: Մոտավորապես ամեն գետից 5-6 վտակ սկիզբ է առնում Ամուլսարից, բայց երբ կարդում ես նախագիծը, պարզվում է, որ Ամուլսարում ընդհանրապես ջուր չի առաջանում: Պայմանների մեջ գրված է մի կետ. «նախատեսվող գործունեությունը իրականացնելիս ապահովել Սպանդարյան-Կեչուտ թունելի շահագործման համար նախատեսվող տարածքի պահպանման հետ հարցերը»: Ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ անել, երբ նախագծի մեջ ոչ մի բառ չկա գրված այդ թունելի մասին», - նշեց Լ.Գալստյանը: Վերջինս թունելի հետ կապված առանձնացրեց 2 հիմնական ռիսկ: «Առաջինը՝ ջրերը, փոփոխելով իրենց քիմիական կազմը, իսկ որ ջրերը փոխելու են իրենց քիմիական կազմը՝ միանշանակ է, ներծծվելու են և, բնականաբար, թունելի միջով խառնվելու են թունելով տեղափոխվող ջրին: Երկրորդը՝ պայթեցումների արդյունքում ի՞նչ է լինելու թունելի հետ: Ոչ մի գնահատական չկա նախագծում, նախարարությունն էլ դրա մասին ընդհանրապես ոչինչ չի գրել: Նաև բնապահպանության նախարարությունը ոչ մի այլ նախարարությունից ոչ մի կարծիք կամ եզրակացություն չի ուզել այսպիսի հսկայածավալ և վտանգավոր հանքավայրի շահագործման վերաբերյալ. ոչ Առողջապահության նախարարությունն է տվել կարծիք, թե Գնդեվազից 1.5 կմ հեռավորության վրա ցիանային տարրալվացման տեխնոլոգիան կիրառելուց ինչ վտանգներ կան մարդկանց առողջության համար, ոչ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, թե ինչ արտակարգ իրավիճակներ կարող են առաջանալ այդ ողջ գործընթացում՝ հատկապես կապված թունելի հետ, ոչ Գյուղատնտեսության նախարարությունը, թե ինչ է կատարվելու Գորայքի արոտավայրերի հետ, որոնք Հայաստանի լավագույն արոտավայրերն են և որոնց վրա միլիոնավոր դոլարներ փող է ծախսվել Համաշխարհային բանկի վարկային փողերից», - ասաց Լևոն Գալստյանը: Ըստ նրա`  նախագծին տրվել է փորձաքննական դրական եզրակացություն առանց որևէ գնահատման:

«Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը կառավարական կոռուպցիա է»

Նելլի ԲԱԲԱՅԱՆ, Առավոտ

Կառավարությունը «Լիդիան ինթերնեյշնլի» հայաստանյան դուստր ընկերությանը` «Գեոթիմ» ընկերությանը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման թույլտվություն է տվել. ընկերությունը իրավունք է ստանում իրականացնել Ամուլսարի ծրագիրը տեխնիկատնտեսական հիմնավորման ցուցանիշների համապատասխան: Այսինքն` Ամուլսարի հանքը շահագործվելու է բաց եղանակով, կառուցվելու է ցիանային ֆաբրիկա: Բնապահպանները պնդում են, որ եզրակացությունը մի շարք խախտումներով է տրվել: Այսօր «Էկոլուր» ակումբում «Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը վստահեցրեց, որ ՀՀ օրենսդրությունը դիտավորյալ փոփոխել են, որպեսզի համապատասխանեցնեն Ամուլսարի ծրագրին եւ տեխնիկական պայմանները դիտավորյալ այնպիսին են ընտրել, որ ընկերությունը հեշտությամբ իրականացնի. «Մենք ունեինք օրենք, որն արգելում էր այն վայրերում, որտեղ Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ կային, հանքարդյունաբերություն իրականացվեր: Կառավարությունը որոշակի լրացումներ է կատարել եւ սահմանել, որ ընդերքօգտագործման գոտուց այդ բուսատեսակները կարելի է տեղափոխել բուսաբանական այգիներ եւ այլ տարածքներ: Բայց խնդիրն այն է, որ կարեւորը տարածքն է, եւ նրա միկրոկլիման, որտեղ աճում է այդ բուսատեսակը»: Արթուր Գրիգորյանի հավաստմամբ` Ամուլսարի հանքավայրի շահագործման աշխատանքները կատարվում են կառավարության եւ դրսի ուժերի ամենաբարձր հովանավորությամբ. «Նախագահի, միգուցե` նրա եղբոր հովանավորչությամբ է այդ հանքի շահագործումն իրականացվում: Տարիներ շարունակ, անընդհատ, անթաքույց քաղաքական ճնշումներ են եղել` ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի, Մեծ Բրիտանիայի դեսպանի եւ նրա կնոջ կողմից, ֆինանսական ճնշումներ են եղել Համաշխարհային բանկի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրասիական բանկի կողմից. նրանք նախկին կառավարությանը մեղադրում էին, թե ինչո՞ւ է ձգձգվում Ամուլսարի հանքի շահագործումը: Սա անմիջական կոռուպցիոն գործարք է կառավարության եւ միջազգային ինստիտուտների միջամտությամբ»:

Արթուր Գրիգորյանի խոսքերով` Ամուլսարի ծրագիրը կեղտոտ ծրագիր է, որովհետեւ հանքը գտնվում է Սեւանա լճի ջրահավաք ավազանում, այսինքն՝ Սեւանա լճի վրա անմիջական ազդեցություն է ունենալու եւ Սեւանա լճի փորձագիտական բացասական եզրակացություն կա, իսկ Ամուլսարի նոր նախագծում չկա որեւէ տող, թե ինչպիսի ազդեցություն է թողնելու:

Ասուլիսի մեկ այլ մասնակից «Համահայկական բնապահպանական ճակատի» անդամ Լեւոն Գալստյանն էլ անդրադառնալով փորձագիտական եզրակացությանը, նշեց, որ դրանից կարելի է ենթադրել, թե Ամուլսարի ոսկու հանքը շահագործվում է անապատում, մարդ չկա շրջակայքում, բուսականություն գոյություն չունի: Պարոն Գալստյանի տեղեկացմամբ` տարածքի ամեն մի գետից 5-6 վտակ սկիզբ է առնում հենց Ամուլսարից, իսկ նախագծից այնպիսի տպավորություն է, որ այնտեղ ընդհանրապես ջուր չի առաջանում: Եզրակացության մեջ, ինչպես ասացին բնապահպանները, չկա առողջապահության նախարարությունից որեւէ տվյալ, թե ի՞նչ վտանգներ կան մարդկանց առողջության համար:

Առաջնային վտանգներից, պարոն Գալստյանը նշեց, որ նախագծում գրված չէ, թե ցիանիդով հանքի շահագործումից առաջացած թափոնների մոտ 100 միլիոն տոննա կույտը հետագայում վնասազերծելու համար որքան գումար է պետք գալու. «Այդ թափոնները դարերով մնալու են տարածքում, ոչ ոք չի գնահատել, ասենք` 50-100 տարի հետո այդ թունավոր զանգվածը վնասազերծելու համար ինչքան փող են ծախսելու: Այդ կույտը թաղվելու է մի տեղ, որի հատակի 30 սմ շերտը կավից կամ հողից է լինելու, որն իբր թե պաշտպանելու է, չի ներծծվելու, շրջակա միջավայր չի տարածվելու, բայց հարց եմ տալիս` իսկ այդ շերտը 100 տարի կպահպանվի՞, չի պահպանվի, այն քայքայման ենթակա է»:

«Կոռուպցիոն գործարք է». Ամուլսարի ոսկու հանքի բաց շահագործման մասին

Panorama.am

«Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը դրական եզրակացություն է տվել Ամուլսարի ոսկու հանքի բաց շահագործման և ցիանային ֆաբրիկայի կառուցման ծրագրին: Սա դժգոհություններ է առաջացրել բնապահպանների, Գնդեվազ գյուղի բնակիչների շրջանում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: 

«Կարելի է ասել, որ դա պայմանական դրական եզրակացություն է, քանի որ ՊՈԱԿ-ը վեց պայման էր դրել ընկերության առջև, որոնք կատարելուց դեպքում կարող էին դրական եզրակացություն տալ: Մենք ուսումնասիրել ենք այդ պայմանները: Հասկանալի է, որ եթե պայմանները կատարված լինեին, ծրագիրը հնարավոր չէր լինի իրականացնել: Ընդհանրապես, Ամուլսարի հանքավայրի հասարակական լսումներն անցել են աննախադեպ ճնշման տակ»,- ասաց նա:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը չհամաձայնվեց Ի. Զարաֆյանի այն դիտարկմանը, թե այդ պայմանները հնարավոր չէր իրականացնել:

«Իմ կարծիքով, դրանք տեխնիկական պայմաններ էին, ընկերության կողմից հնարավոր էին հեշտորեն իրականացել»,- ասաց նա՝ հավելելով, որ նույնիսկ օրենսդրությունն են հարմարացրել այս դրական եզրակացությանը: 

Ա. Գրիգորյանն ասաց, որ օրենքով արգելվում է Կարմիր գրքում գրանցված բույսերի տարածքում ընդերքօգտագործում իրականացնել. «Մինչև Ամուլսարի հարցով հանրային լսումներ սկսելը, կառավարությունը հստակեցրել է օրենսդրությունը, որ ընդերքօգտագործում հնարավոր է, եթե Կարմիր գրքում ամրագրված բուսատեսակները տեղափոխվեն այլ տարածք, օրինակ՝ Բուսաբանական այգի: Բայց նման դեպքում կարևորը ոչ թե բուսատեսակներն են, այլ այն տարածքը, միկրոկլիման, որտեղ աճում են այդ բուսատեսակները»: 

Նա նշեց, որ բարձրագույն մակարդակով արված կոռուպցիոն գործարք է, պետք է պատասխանատվություն կրեն միջազգային կազմակերպությունները, տեղի պատասխանատուները, այս նախագծով սկսվելու է դատական գործընթաց:

Ասուլիսին ներկա Գնդեվազ գյուղի բնակչուհի, լրագրող Թեհմինե Ենոքյանն ասաց, որ այսօր հանքավայրը շահագործող «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ»-ի դուստր «Գեոթիմ» ընկերությունն գնդեվազցիներին առաջարկում է գումար՝ հողատարածքները վաճառելու համար: Գյուղացիները բաժանվել են երեք խմբի՝ մի մասը ցանկանում է ամեն գնով վաճառել իր հողերը ու հեռանալ այդտեղից, երկրորդ խումբը մեծ գումար առաջարկելու դեպքում կվաճառեն, երրորդ խումբը՝ հրաժարվում է վաճառել իր հողատարածքները: 

«Մենք ունենք հողատարածք, ծիրանի այգիներ: Տոննաներով վաճառում ենք: Այս հանքավայրի շահագործումից հետո մենք մեր ծիրանը չենք կարող արտահանել»,- ասաց նա:

Թ. Ենոքյանն ասաց, որ իրենք պատրաստվում են վիճարկել ՊՈԱԿ-ի տված եզրակացությունը: Գյուղացիների շահերը պաշտպանելու է փաստաբան Հայկ Ալումյանը: 

«Հայաստանյան դատական ատյաններից ակնկալիքներ չունենք: Կդիմենք Եվրադատարան»,- ասաց Թ. Ենոքյանը:

«Համահայկական բնապահպանական ճակատի» անդամ Լևոն Գալստյանն ասաց, որ անհնար էր այս ծրագրին դրական եզրակացություն տալ մի քանի պատճառով. Ամուլսարից 5-6 գետակ է սկիզբ առնում, մինչդեռ եզրակացության մեջ նշված է, որ այդտեղ որևէ ջուր չի առաջանում, առաջանալու դեպքում որևէ փոփոխության չի ենթարկվի ջրի բաղադրությունը: Նա նաև նշեց, որ Եվրոպայում արգելված է ցիանայիդային տեխնոլոգիայի օգտագործումը, որոշ տեղերում թույլ են տալիս բնակավայրերից միայն 30 կմ հեռավորության վրա, իսկ Ամուլսարի դեպքում՝ հանքավայրը 500 մետր հեռու է գտնվում Արփա գետից, 1 կիլոմետր՝ Գնդեվազից: 

Ի դեպ, բանախոսները նշեցին, որ Ամուլսարը աղքատ հանքավայր է՝ մեկ տոննա հանքանյութում՝ 0,8-0,9 գրամ ոսկի: Ընկերությունը ցանկանում է մեծ տարածքների հաշվին ավելացնել ոսկու պաշարները: Իսկ նման պարագայում միայն ցիանիդային վտանգավոր տեխնոլոգիայով է հնարավոր շահագործել:

«Այստեղ ընդամենը մախինացիայի հարց է, բայց ոչ հանքի շահագործման ու աշխատատեղերի ստեղծման»,- եզրափակեց Ա. Գրիգորյանը:

Ամուլսարի հանքի շահագործումը կառավարության հրաժարականի հարց է բարձրացնում. բնապահպան

 www.ankakh.com

 «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը դրական եզրակացություն է տվել Ամուլսարի ոսկու հանքի բաց շահագործման և ցիանային ֆաբրիկայի կառուցման ծրագրին:

Սա մեծ վրդովմունք է առաջացրել բնապահպանների մոտ: Նրանք նշում են, որ փորձաքննությունը շատ կարևոր կետեր է անտեսել:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ օրենսդրությունը համապատասխանեցվել է ծրագրին: «Հուլիսի 30-ին, այսինքն` հանրային լսումներից առաջ, կառավարությունը օրենքում լրացումներ է կատարել, ըստ որի` ընդերքի բուսականությունը կարելի է տեղափոխել: Սակայն ամբողջ տրամաբանությունն այն է, որ այդ բույսերը, կենդանիները մնան այն տարածքում, որի բնակլիմայական պայմանները ամենահարմարն են իրենց: Այդ լրացումը կատարվեց օրենքի կետերը շրջանցելու նպատակով: Այս ամենը կատարվում է կառավարության և նախագահի հովանավորությամբ», - գտնում է նա:

Ըստ Արթուր Գրիգորյանի` ֆինանսական և քաղաքական ճնշում են գործադրել նաև Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի դեսպանները. սա արդեն կապ ունի ինքնիշխանության հետ:

«Ամուլսարը ջրահավաք ավազանում է գտնվում: Ինչպիսի՞ ազդեցություն է ունենալու այն լճի ռադիացիոն ֆոնի վրա. այս մասին չկա գրված: Հսկայական խնդիրներ կան նաև կապված մշակությաին ժառանգության հետ»:

Հանքի շահագործման 6 պայմանները բնապահպանը անվանեց «ուղղակի մեյմունություն». «Թեղուտի դեպքում էլ ասում էին, որ միայն որոշակի պայմաններում կթույլատրեն հանք շահագործել, բայց ոչ ոք չհետևեց դրան: Այս մասին օմբուդսմենը ամեն տարի խոսում է: Ո՞վ է հետևելու, որ այդ պայմանները կատարվեն: Սա քաղաքական խնդիր է, որը կառավարության հրաժարականի հարց է բարձրացնում»,- նշեց նա:

«Համահայկական բնապահպանական ճակատի» անդամ Լևոն Գալստյանը նկատեց, որ թե ինչ կլինի պայթեցումների արդյունքում, հայտնի չէ. տարածքը համարվում է սեյսմիկ գոտի:

«Ո´չ Առողջապահության նախարարությունը, ո´չ Արտակարգ իրավիճակների նախարարությունը իրենց մեկնաբանությունը չեն տվել այս խնդրի վերաբերյալ», - ասաց նա:

Ըստ Լևոն Գալստյանի` ջուրը փոխելու է իր քիմիական կազմը, ներծծվելու է ու խառնվելու թունելով տեղափոխվող ջրերին:

Ցիանիդային տեխնոլոգիաները ամբողջ աշխարհում արգելվում են: Որոշ երկրներում թույլ են տալիս բնակավայրերից միայն 30 կմ հեռավորության վրա, իսկ Ամուլսարի դեպքում՝ հանքավայրը 500 մետր հեռու է գտնվում Արփա գետից, 1 կիլոմետր՝ Գնդեվազից: Լևոն Գալստյանի խոսքով` եթե 50 տարի հետո որոշեն վնասազերծել այդ տարածքը, անհրաժեշտ կլինեն ավելի մեծ գումարներ, քան հանքի շահագործման արդյունքում ձեռբերածը

«Շատերն ասում են, որ այս ծրագիրը լայն հնարավորություններ է ստեղծում, նոր աշխատատեղեր են բացվում: Սակայն պետք է հաշվի առնել, որ դրանք ժամանակավոր աշխատատեղեր են, իսկ հետո գործ ենք ունենալու թունավորված տարածքի հետ. աճեցրած ծիրանը անպիտան կլինի, իսկ Ջերմուկում աշխատատեղերը կփակվեն», - ասաց Լևոն Գալստյանը:

«Ոսկու հանքը շահագործել պատրաստվող ընկերությունը առաջարկում է գնել բնակիչների տները աստղաբաշխական թվերով: Բնակիչների մի խումբը պատրաստ է ցանկացած գնով վաճառել տները, մյուս խումբը աշխատում է անել դա որքան հնարավոր է թանկ: Կան նաև մարդիկ, ովքեր ամեն գնով պատրաստ են պահել իրենց տունը, իրենց սերունդներին կտակել ծիրանի ծառերը: Գնդեվազը այնպիսի տարածք է, որ անգամ եթե Հայաստանի այլ շրջաններում ծիրան չի լինոփւմ, մեզ մոտ միշտ լինում է: Ծիրանը այստեղ ապրուստի միակ միջոցն է: Եթե հանքը շահագործվի ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ միրգը վնասակար չէ, և արտահանումը կդադարեցվի: Ես որպես սեփականատեր կկրեմ վնասներ ծիրանի չարտահանվելու դեպքում: Սա խնդրի մի կողմն է», - իր հերթին ասաց լրագրող, Գնդեվազի բնակիչ Թեհմինե Ենոքյանը:

Նրա խոսքով` շատ քաղաքացիներ են պատրաստ պայքարել. «Եթե անգամ միայն ես մնամ, պատրաստ եմ, շարունակել պայքարը, վիճարկել հանքը շահագործելու մասին որոշումը Հայաստանի դատարաններում, իսկ հետո նաև Եվրադատարանում», - ընդգծեց նա:

«Դեսպանը ով ա, որ ճնշում գործադրի ու հասնի այլանդակ ծրագրի իրագործմանը»

www.a1plus.am

«Բնապահպանության նախարարությունը համաձայնել է Ամուլսարի շահագործմանը, ինչը խիստ անօրինական է»,-ահազանգում են բնապահպանները։ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանի փոխանցմամբ՝ Ամուլսարի հանքավայրի շահագործումը իրականցվում է ամենաբարձր հովանավորության տակ՝ Կառավարության, նախագահի և միգուցե նաև նախագահի եղբոր։

Այս համատեքստում նա անդրադարձավ նաև միջազգային մակարդակով ճնշումներին։ Բնապահպանի խոսքերով՝ տարիներ շարունակ անմիջական, անթաքույց քաղաքական ճնշումներ են եղել ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի, Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի և նրա ամուսնու կողմից։
«Ով ա ինչ-որ մի հատ դեսպան, որ սենց ճնշումներ գործադրի ու հասնի էսպիսի այլանդակ ծրագրի։ Համաշխարհային բանկը և Վերակառուցման զարգացման եվրոպական բանկն էլ իրենց հերթին ֆինանսական ճնշումներ էին գործադրում»։

Արթուր Գրիգորյանը համոզված է, որ սա այնպիսի քաղաքական խնդիր է, որը առաջացնում է Կառավարության հրաժարականը պահանջելու հարց։
«Իմ գնահատմամբ՝ սա անմիջական, բարձրագույն կոռուպցիոն գործարք է, որի համար պետք է պատասխանատվություն կրեն թե՛ միջազգային կառույցները, որոնք ներգրավված են, և թե՛ Կառավարության տարբեր օղակները, հատկապես Բնապահպանության նախարարությունը, և պետք է լինի նաև դատական գործընթաց»։

Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն էլ շարունակելով քննարկումն ասաց՝ սա հերթական ապացույցն էր այն բանի, որ Բնապահպանության նախարարությունը կայացնում է ոչ թե բնապահպանական, կամ էկոլոգիական որոշումներ, այլ քաղաքական՝ այնպիսիք, ինչպիսիք որ ձեռնտու են իրենց։

«Ոչ մի գնահատական չկա, թե ինչ վտանգներ են տեսել փորձագետները, որոնք ուսումնասիրել են հանքավայրի շահագործման խնդիրները։ Մեր Կառավարությունը ոչ մի վտանգ չի տեսնում, քանի որ մեր երկրի մասին չի մտածում։ Վտանգներն իրենք չեն տեսել և այնպես են անտեսել, կարծես թե շահագործելու են անապատում, որտեղ չկա բնակչություն և բուսականություն»,-կարծում է Լևոն Գալստյանը։

Հիշեցնենք, որ Ամուլսարի ծրագիրը իրականացվում է «Լիդիան ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից, իսկ բնապահպանները շեշտեցին, որ «Գեոթիմը» Գնդևազի գյուղացիներին խոշոր գումարներ է առաջարկում, որպեսզի վերջիններս վաճառեն իրենց հողատարածքները։

Ի դեպ, «Գեոթիմն» այսօր ներկայացրել է հանքավայրի շահագործման թույլտվության մասին տեղեկանքը, որ ներկայացնում ենք ստորեւ.

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը «Լիդիան ինթերնեյշնլի» հայաստանյան դուստր ընկերությանը՝ Գեոթիմ ՓԲԸ-ին հատկացրել է Ամուլսարի ոսկու ծրագրի հանքարդյունահանման թույլտվությունը:
Սա թույլտվությունների տրամադրման վերջին փուլն էր, որը ընկերությանը իրավունք է ընձեռում իրականացնել Ամուլսարի ծրագիրը Տեխնիկատնտեսական հիմնավորման ցուցանիշների համապատասխան: Թույլտվությունը ներառում է.
ա) ծրագրի բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ ջարդիչ կայանը, փոխակրիչը, կույտային տարրալվացման հրապարակը,
բ) հանքարդյունահանման թույլտվություն բացահանքերի համար,
գ) գործունեության իրականացման տեղանքի սահմանումը,
դ) ընդերքօգտագործման պայմանագիր, որը ընդգծում է հանքարդյունահանման բնույթը և տևողությունը:

Հանքարդյունահանման թույլտվության տրամադրումը հետևել է թույլտվության համար դիմումների, խորհրդակցությունների և ուսումնասիրության գործընթացին: Լիդիանը ստացել է նաև Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) դրական եզրակացությունը Բնապահպանության նախարարությունից՝ ՀՀ Ընդերքի մասին և ՇՄԱԳ-ի մասին օրենքի շրջանակներում՝ փորձագիտական խմբերի կողմից ծրագրի ուսումնասիրության և հանրային քննարկումների հիման վրա: Զուգահեռաբար Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է Տեխնիկական անվտանգության ծրագիրը:

«ՇՄԱԳ-ի և Տեխնիկական անվտանգության ծրագրի հաստատումը, ինչպես և այժմ արդեն հանքարդյունահանման թույլտվությունը, տրամադրվել են Հայաստանի կառավարության, շրջակա համայնքների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ բազմակողմանի և ընդգրկուն աշխատանքի և համագործակցության արդյունքում»,- ասել է Լիդիան ինթերնեյշնլի գլխավող գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը,- «Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս գործընթացին: Մենք ակնկալում ենք երկարատև գործընկերային հարաբերություններ Հայաստանում ծրագրի շինարարության և արդյունահանման ողջ ընթացքում: Լիդիանը նպատակ ունի ապահովել, որ Ամուլսարը դառնա օրինակելի հանքարդյունաբերական և ներդրումային ծրագիր, որը շահավետ կլինի թե՛ երկրի, թե՛ ներդրողների համար: Լիդիանը պատրաստակամ է կիրառել միջազգային լավագույն փորձը Ամուլսարում, համապատասխանելով Միջազգային ֆինանասական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի բնապահպանական և սոցիալական չափանիշներին՝ ծրագրի իրականացման ողջ ընթացքում»:

Գեոթիմ ՓԲԸ գլխավոր գործադր տնօրեն Հայկ Ալոյանը ասել է. «Ամուլսարի ծրագիրը 420 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր է, որը երկրի և շրջակա համայնքների համար զգալի տնտեսական հնարավորություններ է բերելու: Այն կստեղծի մոտ 1500 աշխատատեղ շինարարության և ավելի քան 700 մշտական աշխատատեղ` ծրագրի իրականացման ավելի քան 10 տարիների ընթացքում: Ամուլսարը նաև հնարավորություն է՝ Հայաստանում համաշխարհային լավագույն փորձի համապատասխան, միջազգային բնապահպանական և սոցիալական կառավարմամբ հանքարդյունաբերական ծրագիր իրականացնելու, որից կշահեն թե՛ երկիրը, թե շրջակա համայնքները: Մենք վստահ ենք, որ Հայաստանը կարող է ունենալ ժամանակակից և լավ կառավարվող հանքարդյունաբերություն, որը կնպաստի երկրի քաղաքացիների բարեկեցությանը: Ակլնկալում ենք արդյունավետ համագործակցություն համայնքների, ինչպես նաև Հայաստանում բոլոր շահագրգիռ կողմերի հետ, ապահովելով, որ Ամուլսարի ծրագիրը երկրի համար շահեկան, արդյունավետ ներդրումային ծրագիր լինի»:

Ամուլսարի հանքի շահագործման համար ճնշումներ են կիրառել ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանները

Newsbook.am

Բնապահպանության նախարարությունը տվել է իր համաձայնությունը Ամուլսարի հանքի շահագործման համար, սակայն սա հակապետական և անօրինական է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասացին բնապահպանները: Նրանք համոզված են` սա քաղաքական որոշում է: «Անմիջական և անթաքույց քաղաքական ճնշումներ են եղել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն ՀեֆՖերնի և Անգլիայի դեսպանների կողմից: Նրանք այս հարցում շատ ակտիվ են եղել, և վստահ եմ, որ նախարարի հետ և Կառավարության վրա ճնշումների լեզվով են խոսել»,- ասաց Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը: Նրա հետ համակարծիք է Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը: Նա ևս մեկ անգամ Կառավարությանը և Ամուլսարի հանքի շահագործման համար համաձայնություն տված Բնապահպանության նախարարությանը հիեցնում է, որ այս հանքի շահագործումն աղետալի է լինելու: «Սակայն մեր Կառավարությունը ոչ մի վտանգ չի տեսնում, քանի որ այս երկրի մասին մի նշույլ անգամ չի մտածում: Ամուլսարի հանքի շահագործումն, ի վերջո դարձավ քաղաքական որոշում: Վտանգներն իրենք չեն տեսել, և այնպես են անտեսել, կարծես թե այն շահագործվելու է անապատում, որտեղ չկա մարդ և բուսականություն: Բնապահպանության նախարարություն էլ չի աշխատել: Մի՞գուցե նաև, որ համաձայնություն տվող մասնագետները համապատասխան գիտելիքներ չեն ունեցել», նշեց Լևոն Գալստյանը: Ասուլիսին ներկա էր նաև Գնդևազ գյուղի, որի հարևանությամբ է գտնվում Ամուլսարը, բնակչուհի, լրագրող Թեհմինե Ենոքյանը: Նա նշեց, որ Գնդևազի 230 բնակիչ արդեն դիմել են դատարան, քանի որ դեմ են հանքի շահագործմանը, իսկ քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ առանձին են դիմել: «Բոլոր գործերը դատարանն արդեն վարույթ է ընդունել, քանի որ Հայաստանի դատական համակարգից առանձնապես մեծ ակնկալիքներ չունենք, հավատացնում եմ, որ այս գործը կհասնի մինչև ԵՄ դատարան»,- շեշտեց Թեհմինե Ենոքյանը: Այն դիտարկմանը, որ Ամուլսար ծրագիրն իրականացնող «Լիդիան» (Lydian international) ընկերության կողմից հանքի շահագործմամբ տասնյակ հազարավոր աշխատատեղ է բացվելու, Գնդևազի բնակչուհին պատասխանեց. «Մեր գյուղում կան առողջարաններ և հյուրանոցեր, որոնք հանքի շահագործումից հետո չգիտեմ ինչպես կաշխատեն և ասեմ, որ այնտեղ էլ են հազարից ավել մարդիկ աշխատում: Բացի դա, մեր գյուղն ունի մի աշխատանք, որը կապված չէ շուկայում կամ բորսայում գների տատանումից՝ դա իր սեփական հողն է, որը նա մշակում է: Երբ որ ծիրան չկար, մեր գյուղի ծիրանենիներն առատ բերք էին տալիս, նույնիսկ արտահանում էինք, սակայն հանքի շահագործումն այնպես կթունավորի մեր գյուղի ծիրանը, որ անգամ ուտելու պիտանի չի լինի»,- շարունակեց Թեհմինե Ենոքյանը: Բնապահպաններն ընդգծեցին, որ «Գեոթիմ»-ն այս պահին Գնդևազի գյուղացիներին զգալի գումարներ է առաջարկում, որպեսզի նրանք վաճառեն իրենց հողատարածքները:



18:25 Դեկտեմբեր 02, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news