«Սեւան» ազգային պարկը 270 միլիոն դրամի փոխարեն 1.4 միլիո՞ն է ներկայացրել

«Սեւան» ազգային պարկը 270 միլիոն դրամի փոխարեն  1.4 միլիո՞ն է ներկայացրել

ԷկոԼուր 

«2007 թ-ից սկսած բնապահպանական ոլորտում կատարվում է դարի ամենախոշոր բնապահպանական չարագործությունը, որը այլ կերպ կոչվում է «թալան»… Խոսքս Սեւանա լճի մասին է, երբ 2006թ-ին սկսվեցին լճի անտառածածկ տարածքների մաքրման աշխատանքները»: Այս մասին ԷկոԼուրին ահազանգեց Հենրիկ Մարտիրոսյանը, ով  2001-2007թթ-ին զբաղեցնում էր ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի  տեղակալի պաշտոնը:

Սեւան ազգային պարկում 2006-2007թթ-ին կատարված ծառահատումների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության համաձայն`  իրացվել է 380 000 հատ սոճենի եւ 60 000 հատ բարդի , որը համարվում է պետության սեփականություն: Ըստ Հենրիկ Մարտիրոսյանի` այս գործընթացը ուղկեցվել է օրինախախտումներով. «Բացակայում էր ՀՀ  բնապահպանության նախարարի հրամանը, բնանյութի մթերման կարգերը եւ այլն»: 

2007թ-ին «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը որպես բնավճարի վերջնահաշվարկ  տեսչությանը ներկայացրել է 1.400.000 դրամի հաշվետվություն, այն դեպքում, երբ ըստ Հենրիկ Մարտիրոսյանի իրականացրած հաշվարկների գումարը պետք է կազմեր 270 միլիոն դրամ:

Այս օրինախախտումների մասին Հենրիկ Մարտիրոսյանը պաշտոնապես տեղեկացրել է բնապահպանական պետական տեսչությանը, ՀՀ բնապահպանության նախարարին, ՀՀ  քաղծառայության խորհրդին: 2007թ-ից սկսած մինչ օրս ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ ներկա գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանդյանին Հենրիկ Մարտիրոսյանը ուղարկել է 7 դիմում: Պատասխանը եղել է. «Կուսումնասիրենք եւ կպատասխանենք»: «Նրանք պարտավոր էին անմիջապես արձագանքել, սակայն չեն արձագանքել եւ իրենց կասկածելի ուսումասիրություններով օժանդակել են հանցագործությանը»,-ասաց Հենրիկ Մարտիրոսյանը: Նրա խոսքով` անտառածածկ տարածքները մաքրվել են  թանկարժեք փայտանյութից, որը հիմնականում վաճառվել է Իրանին: Իսկ ափամերձ տարածքներում մնացել են միայն չիչխանի փշոտ թփեր: Հենրիկ Մարտիրոսյանը պնդում է, որ այդ անօրինականությունը շարունակվում է մինչ օրս. «Սեւանի անտառածածկ ափամերձ տարածքներում փշոտ թփերը մնում են, իսկ թանկարժեք ծառեը մինչեւ 1905 մ հատվում, այսինքն, այն նիշը, մինչեւ որը պետք է հասնի Սեւանի մակարդակը, ընդ որում Սեւանի մակարդակը այսօր չի գերազանցում 1900 մետրը»:

Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության հաշվետվություններում Սեւնանա լճի անտառածածկ տարածքների մաքրման աշխատանքների վերաբերյալ նշվում է միայն տարածքի չափը եւ ՀՀ պետբյուջեից ծախսված գումարները: Օրինակ, 2013թ-ի հաշվարկների համաձայն`Սեւանա լճի անտառային տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 2038 հա, որից մաքրվել է 1372 հա: Պետբյուջեից ծախսվել է շուրջ 726 միլիոն դրամ: Իսկ ծառատեսակների քանակի, տեսակի եւ վաճառքից ստացված գումարների մասին ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկատվություն չի տրամադրում: 

11:23 Փետրվար 19, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news