Ծովինար Հովհաննիսյան, Հայաստանի Թռչունների Պահպանման Միություն http://www.aspbirds.org
Մինչ Հայաստանում Բնապահպանության նախարարության կողմից սահմանվում են օրինական որսի ժամկետները, որսագողությունը և անօրինական որսը լայն թափ են առնում հանրապետության տարածքում` ոչնչացնելով նույնիսկ այնպիսի թռչնատեսակներ, որոնք լայն տարածված են եղել Հայաստանում: Չարտոնագրված որսը սպառնում է բնաջնջել անգամ այն տեսակներին, որոնց բախտ է վիճակվել առայժմ խուսափել «անհետացող տեսակ» պիտակավորումից: Ցավոք, այս սպառնալիքը չշրջանցեց նաև կռունկների այն փոքրաթիվ խմբին, որոնք դեռ շարունակում էին բնադրվել Հայաստանի հյուսիսային շրջաններում` Ստեփանավան, Տաշիր քաղաքներին և Արփի լճի տարածքին հարող շրջակայքի ճահճուտներում և խոնավ մարգագետիններում: Ստեփանավան և Տաշիր քաղաքների շրջակայքում գտնվող բազմաթիվ մանր լճերը բնակատեղի և բնադրավայր են մեծաթիվ ջրաճահճային թռչնատեսակների համար, այդ թվում նաև Մոխրագույն կռունկի համար: Նմանատիպ և շատ ավելի մեծ կարևորություն ունի Շիրակի հյուսիսում գտնվող Արփի լճին հարող տարածքը:
Մինչ այժմ թռչնաբանները Անդրկովկասում բնադրող կռունկի տեսակը նկարագրում էին որպես Մոխրագույն կռունկի արևմտյան ենթատեսակ` Grus grus lilfordi Sharpe, 1894թ: Դեռևս 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին Հայկական Բարձրավանդակում (Ջավախք) բնադրող կռունկների պոպուլյացիան ժամանակակիցների կողմից գնահատվում էր մի քանի հարյուրներով:
2007թ-ին Ռոստով քաղաքում կայացած միջազգային կոնֆերանսի ընթացքում Հայաստանը ներկայացնող Մամիկոն Ղասաբյանի ելույթը Հայաստանում բնադրող կռունկների մասին զարմացրեց և հետաքրքրեց կոնֆերանսի մասնակիցներին: Հետաքրքրությունը պայմանավորված էր նրանով, որ Մոխրագույն կռունկի (Grus grus) հիմնական բնադրավայրերը գտնվում են հեռավոր Ասիայում և Եվրոպայում:
Հետաքրքրության հետքերով 2008թ-ի գարնանը Հայաստան ժամանեց ռուս թռչնաբան Վ. Իլյաշենկոն, որը համատեղ Հայաստանի Թռչունների Պահպանման Միության անդամների հետ, ուսումնասիրեց Շիրակի մարզում բնադրվող մի խումբ կռունկների: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ կռունկները մորֆոլոգիապես տարբերվում են Մոխրագույն կռունկի այն ենթատեսակից, որը նկարագրվել էր որպես Հայաստանում հանդիպող և բնադրող տեսակ: Այս հանգամանքը մեծ կարևորություն ունի գիտական և բնապահպանական շրջանակներում:
Մինչ գիտնականները պարզաբանում են տվյալ կռունկների խմբի դասակարգման կարգավիճակը, տեղի ունեցավ այն սարսափելին, որն արդեն բնորոշող է դարձել մեր ազգի համար` սպանվեց կռունկներից մեկը: Շիրակի Արփի լճին հարող տարածքն այժմ Հայաստանում այն միակ վայրն է, որտեղ բնադրում են կռունկները, քանի որ Ստեփանավանի հարակից տարածքներում նրանք՝ որպես բնադրող տեսակ, վերացել են անօրինական որսի և մարդկային գործողությունների անկառավարելիության հետևանքով: Անօրինական որսը պատճառ դարձավ, որ սպանվեց Հայաստանում հայտնաբերված «նոր ֆորմայի» կռունկներից մեկը, այլև տվյալ տարածքի մյուս կռունկների վաղաժամ հեռանալու հիմք հանդիսացավ: Հուսանք, որ գարնան գալստի հետ կվերադառնան նաև կռունկները, հակառակ պարագայում մենք կկորցնենք Հայաստանում բնադրվող ևս մի թռչնատեսակ:
Դեկտեմբեր 12, 2008