Ի՞նչ ծրագրեր են իրականացվել Սևանից հավելյալ ջրառի արդյունքում ստացված գումարներով. հարցում էներգետիկայի նախարարությանը

Ի՞նչ ծրագրեր են իրականացվել Սևանից հավելյալ ջրառի արդյունքում ստացված գումարներով. հարցում էներգետիկայի նախարարությանը

ԷկոԼուր

Ի՞նչ ծրագրերի իրականացմանն են ուղղվել Սևանա լճից 2008, 2012, 2014, 2017 թթ-ին իրականացված հավելյալ ջրառի արդյունքում ստացված գումարները: Այս և այլ հարցերով «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն նամակով դիմել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին:

«ԷկոԼուր»-ի հարցման մեջ նշված է.

«Մինչ հեղափոխությունը` 2017 թ-ի դեկտեմբերի 28-ին, ՀՀ կառավարության նիստի ընթացքում, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հայտարարել է, որ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքի համաձայն` Սևանա լճից բաց թողնված ջրի՝ 170 մլն խմ-ն գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից էներգահամակարգի ընկերություններում առաջացել է լրացուցիչ շահույթ: Նախարարությունն արտաբյուջետային հաշիվ է բացելու: «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և ՀԷՑ ՓԲԸ-ները առաջացած լրացուցիչ շահույթի գումարներն այդ հաշվին կփոխանցեն, որով կկառավարվեն 170 մլն խմ-ից ավելի ջրառից առաջացած ֆինանսական միջոցները: Երկու ընկերությունները, ըստ Աշոտ Մանուկյանի, փոխանցել են արդեն 1 միլիարդ 650 միլիոն դրամ, և նախարարությունը պետք է կառավարության հաստատմանը ներկայացներ այն ծախսերի ուղղությունները, որոնց իրականացման համար կառավարությունը նպատակահարմար կգտներ այդ գումարներն օգտագործել։

Խնդրում ենք տեղեկացնել.

- 2017թ-ին Սևանա լճից հավելյալ 100 միլիոն խմ ջրառի արդյունքում քանի՞ կՎտ/ժ հավելյալ էլեկտրաէներգիա է արտադրվել և որքա՞ն լրացուցիչ շահույթ է առաջացել:

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը բացե՞լ է արտաբյուջետային հաշիվ այդ լրացուցիչ շահույթի համար:

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը կառավարության հաստատմանը ներկայացրե՞լ է այդ լրացուցիչ շահույթի ծախսերի ուղղությունները, ի՞նչ  ներդրումային ծրագրերի վրա է նախատեսված ծախսել այդ գումարները:

- Քանի՞ կՎտ/ժ հավելյալ էլեկտրաէներգիա է արտադրվել  2008, 2012, 2014 թվականներին առանձին-առանձին Սևանա լճից իրականացված լրացուցիչ ջրառից և որքան լրացուցիչ շահույթ է առաջացել ամեն անգամ, ի՞նչ ծրագրերի իրականացման վրա են ծախսվել այդ գումարները»:

Օգոստոս 22, 2018 at 17:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր