Սևանա լճի համար ի՞նչ ծրագրեր են իրականացվել 2017 և 2018 թթ-ի հավելյալ ջրառի արդյունքում էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված գումարներով. հարցում ՏԿԵ նախարարին

Սևանա լճի համար ի՞նչ ծրագրեր են իրականացվել 2017 և 2018 թթ-ի հավելյալ ջրառի արդյունքում էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված գումարներով. հարցում ՏԿԵ նախարարին

ԷկոԼուր

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ տեղեկանալու, թե Սևանա լճի համար ի՞նչ ծրագրեր են իրականացվել 2017 և 2018 թվականների հավելյալ ջրառի արդյունքում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված գումարներով:

Հարցման մեջ նշված է.

«Հարգելի պարոն Սուրեն Պապիկյան,

2018թ. ընթացքում Սևանա լճից 40 միլիոն խմ հավելյալ ջրառ իրականացվեց: 2019թ-ի հունվարի 17-ին 42-Ն որոշմամբ սահմանվեց 2018 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի՝ 170 մլն խորանարդ մետրը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններում առաջացող լրացուցիչ գումարների հաշվարկման և վճարման կարգը: Սահմանվեց նաև, որ Սևանա լճի առաջնային խնդիրների լուծման նպատակային ներդրումների իրականացման համար անհրաժեշտ գումարները կտրամադրվեն ըստ անհրաժեշտության` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով: Որոշման հավելվածի համաձայն՝ հավելյալ ջրառի արդյունքում արտադրված էլեկտրաէներգիայի գումարը պետք է ուղղվեր Ֆինանսների նախարարության գանձապետարանի ստորաբաժանումում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության արտաբյուջետային հաշվին:

Մինչ այդ՝ 2017թ-ին, Սևանա լճից հավելյալ 100 միլիոն խմ ջրառի արդյունքում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից գոյացած 1.6 միլիարդ դրամը, սակայն, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համաձայն՝ արտաբյուջետային հաշվից փոխանցվել էր պետական բյուջե: Նախատեսվում էր այդ բոլոր գումարներն օգտագործել Սևանա լճի խնդիրների լուծման համար:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ խնդրում ենք տրամադրել մեզ տեղեկատվություն հետևյալի մասին.

• Որքա՞ն գումար է գոյացել 2018թ-ին Սևանա լճից իրականացված հավելյալ 40 միլիոն խմ ջրառի արդյունքում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից:

• Ի՞նչ հաշվի վրա է եղել այդ գումարը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության լուծարումից հետո, և այդ գումարով Սևանա լճի համար ի՞նչ ծրագրեր են իրականացվել, կամ նախատեսվո՞ւմ են իրականացնել:

• Սևանա լճի համար ի՞նչ ծրագրեր են իրականացվել 2017թ-ին լճից 100 միլիոն խմ հավելյալ ջրառի արդյունքում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից գոյացած 1.6 միլիարդ դրամով»:

16:24 Հոկտեմբեր 16, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news