Սևանա լիճ բաց է թողնվել 371 000 գեղարքունի և ամառային իշխանի մանրաձուկ

Սևանա լիճ բաց է թողնվել 371 000  գեղարքունի և ամառային իշխանի մանրաձուկ

ԷկոԼուր

Նոյեմբերի 27-ին Սեւանա լիճ բաց թողնվեց    371 000  գեղարքունի և ամառային իշխանի մանրաձուկ նախատեսված 366 667-ի փոխարեն:   Ինչպես հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, մանրաձկան բացթողնման աշխատանքներին հետևել են   ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Արշակ Աղաջանյանը, տարբեր գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ, հարակից համայնքների բնակիչներ:

«Այսօր նախատեսված էր 366 700 մանրաձուկ բաց թողնել Սևանա լիճ, սակայն այս պահին լիճ է բաց թողնվելու 371 000 գեղարքունի և ամառային իշխան տեսակի մանրաձուկ: Բացի այդ՝ ս.թ. հունիս-հուլիս ամիսներին արտահերթ կարգով «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» կողմից լիճ էր բաց թողնվել մոտ 238 000 մանրաձուկ, այսինքն՝ 2015թ. կտրվածքով՝ մոտ 610 000 մանրաձուկ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից անցկացված մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ լճում ձկան պաշարներն ավելանում են, ինչը շատ ուրախալի և ոգևորիչ է մեզ համար: Սակայն մենք ունենք մի խնդիր՝ ապօրինի ձկնորսություն, հատկապես ձվադրման շրջանում իրականացվող ձկնագողություն, որի դեմ պետք է պայքարենք ազգովի, համատեղ ջանքերով: Ես կոչ եմ անում զե՛րծ մնալ ձկնորսություն իրականացնելուց, չխաթարե՛լ լճում ձկան բնական վերարտադրությունը, որպեսզի մոտ ապագայում մենք հասնենք ձկնապաշարի ցանկալի ծավալների և լճում արդյունագործական որսի հնարավորության հեռանկար ունենանք: Եթե մեզ հաջողվի ձվադրման շրջանում լիակատար կերպով կանխել ձկան ապօրինի որսը, ապա երկու տարի հետո մենք կկարողանանք խոսել արդյունագործական որսի հնարավորությունների մասին»,- ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն նշել է, որ իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ որսի արգելքի շրջանում խեցգետնի և ձկան որսն առհասարակ կանխելու նպատակով, անց են կացվում բացատրական աշխատանքներ հարակից համայնքների ղեկավարների, բնակիչների հետ, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության, «Սևան» ազգային պարկի և ՀՀ ոստիկանության աշխատակիցների համատեղ ջանքերով իրականացվում է նախարարի հրամանը:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հրամանով Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է մանրաձկան բացթողնման աշխատանքներից հետո երեք օր ուժեղացնել հսկողությունը բացթողնման վայրի հարակից տարածքներում:

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարվել է մանրաձկան բացթողնման տարածքում երեք օր կազմակերպել շուրջօրյա հերթապահություն:

Նշենք, որ Սեւանա  լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եվ օգտագործման 2015 թվականի միջոցառումների տարեկան ծրագրով Սեւանա լիճ մանրաձուկ բացթողնելու համար պետբյուջեով նախատեսված է 60 միլիոն դրամի հատկացում: Սակայն 2016թ. ծրագրով այլեւս Սեւանի ձկնապաշարների համալրման համար գումար չի նախատեսում:

Նոյեմբեր 27, 2015 at 18:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր