Սևանի ակտիվ հասարակությունը սկսում է «S.O.S Սևան» նոր քարոզարշավը

Սևանի ակտիվ հասարակությունը  սկսում է «S.O.S Սևան» նոր քարոզարշավը

ԷկոԼուր

Սևանի ակտիվ հասարակությունը սկսում է «S.O.S Սևան» նոր քարոզարշավ` հայտարարելով, որ ազգային ռազմավարական առաջնահերթությունը` Սևանա լիճը հայտնվել է նոր մարտահրավերների առջև:

Առաջինը՝ ՀՀ կառավարությունը ցանկանում է 3 տարվա ընթացքում Սևանա լճից հավելյալ 1 միլիարդ խմ ջուր վերցնել՝ պատճառաբանելով, թե այն հավելյալ կուտակված ջրաքանակ է:

Երկրորդը՝ կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգ» կառավարության արձանագրային որոշման նախագիծը, որի համաձայն` «Սևան» ազգային պարկի հենքի վրա պետք է կենսոլորտային տարածք ստեղծվի և ազգային պարկի տարածքում զարգանա քաղաքաշինությունը:

Երրորդ` բնապահպանական փորձաքննական գործընթաց են անցնում «Սևան Ակվա» ՓԲԸ-ի կողմից ներկայացված «Սևանի ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսության» ՇՄԱԳ-ի և «Սևանի իշխան» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Սևանա լճի տարածքում սելեկցիոն տնտեսության և բացօթյա ավազանների ՇՄԱԳ-ի հայտերը, որոնք ռիսկեր են պարունակում Սևանա լճի համար:

Գեղարքունիքի մարզի «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ում Մարտունու, Գավառի, Արծվանիստի, Վերին Գետաշենի և մարզի այլ համայնքների ակտիվիստները քննարկեցին խնդիրները «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի և CEE Bankwatch Network միջազգային ցանցի փորձագետներ Ֆիդանկա Բաչևայի ու Մանանա Կոչլադզեի հետ: Նրանք նշեցին, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ բոլոր քաղաքական ուժերին դիմավորել են «Ձեռքերդ հեռու Սևանից», «Ապամոնտաժել Սևանի ափին կառուցված անօրինական շինությունները», «Ապամոնտաժել Աևանա լճում կառուցված արհեստական ձկնաբուծարանները», «Սոթքում բացառել ոսկու հանքանյութի հարստացումը» գրությամբ պաստառներով:

«Սևանի մեջ արհեստական ձկնաբուծարան են դրել: Ազոտով ու ֆոսֆորով ձուկ են կերակրում, հորմոնը լցնում լիճը… Մեր ձկները կրկնակի անգամ մեծացել են, երբեք այդ չափսերի ձուկ Սևանում չի եղել: Մեր մաքուր քաղցրահամ ջուրն են աղտոտում, որն այսօր ոսկուց թանկ է…

… Սևանում կենսոլորտային տարածք են ստեղծելու` առանց մեզ հետ հաշվի նստելու: Պետք է գային ու յուրաքանչյուրիս հարցնեին՝ ուզում ենք, թե՝ ոչ, բացատրեին՝ ինչ օգուտներ ու վնասներ կան, պարտավոր են մեզ ներկայացնել: Եթե վնասն ավելի շատ է, այդտեղ մտածելու բան էլ չկա: Ոչ մի փող, ոչ մի աշխատատեղ չի կարող մեզ փոխարինել Սևանը…

Ուզում են Սևանից 1 միլիարդ խմ ջուր բաց թողնել, արհեստականորեն իջեցնել լճի մակարդակը, որ իրենց շինությունները, հյուրանոցները փրկեն: Արփա-Սևան թունելը հենց այնպես չեն կառուցել, ժայռերը ճեղքելով, 48 կմ բերել, որ Սևանը փրկեն…

…Ըստ օրենքի՝ Սևանից թույլատրվում է բաց թողնել մինչև 170 միլիոն խմ ջուր: 1 միլիարդ ջրի բաց թողման դեպքում Սևանը կունենա բացասական հաշվեկշիռ: Բնապահպանության նախարարությունը խիստ բացասական կարծիք է հայտնել դրա վերաբերյալ, որ եթե ջրի մակարդակն այդքան իջնի, շատ լուրջ խնդիրներ են առաջանալու: Էներգետիկայի նախարարությանը մենք հարցրել էինք՝ ի՞նչ հիմնավորում եք ներկայացրել վարչապետին: Մեզ պատասխանել են՝ գրել ենք՝ շատ լավ էլեկտրաէներգիա կարտադրենք, էսքան փող կաշխատենք…Այդ պատասխանից հստակ երևում է՝ ինչի համար են ուզում բաց թողնել, Սևան-Հրազդան հիդրոէներգետիկ կասկադն աշխատացնելու, էլեկտրաէներգիա ստանալու…»:

Այսպիսին են գեղարքունիքցիների մտահոգությունները Սևանա լճի վերաբերյալ նոր նախաձեռնությունների առնչությամբ:

17:41 Հունիս 12, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news