Սեւանա լճի վերաբերյալ Հովիկ Աբրահամյանին ուղղված բաց նամակի տակ հավաքվել է 1233 ստորագրություն

Սեւանա լճի վերաբերյալ Հովիկ Աբրահամյանին ուղղված բաց նամակի տակ  հավաքվել է 1233 ստորագրություն

ԷկոԼուր

Սեւանա լճի գոյությանը սպառնացող ծրագրերի վերաբերյալ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված բաց նամակի տակ մի քանի օրվա ընթացքում հավաքվել է 1233 ստորագրություն։ Ստորագրահավաքը դեռ շարունակվում է։ Հիշեցնենք, որ  ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Սեւանա լճից ջրբացթողումները 5 տարվա ընթացքում կավելանան 40%-ով, եւ լիճը կսկսի իջնել ու ճահճանալ: Հաստատվել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր»-ը, որի համաձայն` Սեւանա լճում արհեստական կերի հաշվին աճեցվելու է տարեկան 50 000 տոննա ձուկ:  Այս կապակցությամբ Երեւանի, Գեղարքունիքի, Արարատի եւ Արմավիրի մարզերի ակտիվ հասարակությունը, անկախ փորձագետները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին։

Նամակում ասված է․

«ՀՀ վարչապետ

պարոն Հովիկ Աբրահամյանին

Պարո՛ն վարչապետ,

նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնաթող եղավ` ստորագրելով եւ ամբողջ ազգին պարտադրելով երկու որոշում, որոնք Սեւանա լիճը դնում են ոչնչացման վտանգի տակ: Առաջինը` փոփոխություններ կատարել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում, որի համաձայն՝ Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան սահմանաչափը նախկին 170 միլիոն խորանարդ մետրից կարող է հասցվել մինչև 240 միլիոն խորանարդ մետրի 5 տարի ժամկետով: Երկրորդը՝ Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրն է, որը նախատեսում է մինչեւ 2023 թվականը Սեւանա լճում ցանցավանդակային եղանակով տարեկան 50 հազար տոննա ձկան աճեցում արհեստական կերի հաշվին։ 

Հասարակությունը դեմ է այս որոշումներին` առաջին հերթին մատնանշելով այն, որ ծրագրերի իրականացման դեպքում մենք կկորցնենք  քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարը` 37 միլիարդ խմ, կկորցնենք այլ ջրային աղբյուրները, որոնց գոյությունն ապահովված է Սեւանա լճի բարձր մակարդակի շնորհիվ:

Այս ծրագրերի իրականացման դեպքում առավել դժվարին իրավիճակում կհայտնվեն Գեղարքունիքի մարզի բնակիչները: Սեւանն այս տարածքի ժողովրդի եկամտի միակ աղբյուրն է: Մարդիկ այստեղ եկել և ապրում են ջրի և ձկան համար:

Ե՛վ հասարակությունը, ե՛ւ Գեղարքունիքի, Արարատի եւ Արմավիրի բնակիչները համոզված են, որ Սեւանա լճից ջրբացթողումների ավելացումը պետական շահ չի հետապնդում, որ Արարատյան դաշտի ջրային պաշարների դեֆիցիտը ուղղակի առիթ է Սեւանա լճից ջրբացթողումներն ավելացնելու համար, ինչն իրականում պայմանավորված է առանձին անհատների սեփական շահով:

Սեւանա լճի ափամերձ համայնքների բնակիչներին կառավարությունը մերժում է ոռոգման նպատակով Սեւանա լճից ջուր տրամադրել` պատճառաբանելով, որ Սեւանի ջրի մեկ կաթիլն անգամ ոսկու արժեք ունի, և, որպես հայ, բնակիչները պետք է հասկանան, որ Սեւանա լճի ջրի հետ գործ չունեն:

Սեւանա լճում իշխանի պաշարների  վերականգնման համալիր ծրագիրը  ո՛չ բնապահպանական, ո՛չ տնտեսական գիտական հիմքեր չունի, հակառակը, այն վտանգում է Սեւանա լճի ջրի որակը եւ  կեսաբազմազանությունը:

Երկու ծրագրերն էլ հակասում են «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքին:

Երեւանի, Գեղարքունիքի մարզից հասարակության ներկայացուցիչները բազմիցս հանդիպել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի, բնապահպանության նախարարության, Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման փորձագիտական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, իսկ մարտի 19-ին ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` կապված Սեւանա լճի հիմնախնդիրների հետ:  Նամակներ են ուղղվել ՀՀ Նախագահին, կառավարությանը եւ Ազգային ժողովին: Նամակներում բերվել են փորձագիտական գնահատականներ, հիմնավոր փաստարկներ այս ծրագրերի ռիսկերի վերաբերյալ, ինչպես նաեւ առաջարկներ այդ ռիսկերի մեղմացման ուղղությամբ: Եվ այդուհանդերձ, ՀՀ կառավարությունը, չնայած հասարակության հետ կոնստրուկտիվ երկխոսության խոստումներին, անտեսեց բոլոր հիմնավորումները, անկախ փորձագիտական գնահատակնները եւ չընդունեց եւ ոչ մի առաջարկություն:

Հաշվի առնելով այն, որ Սեւանա լիճը ունի կենսական նշանակություն, մենք դիմում ենք Ձեզ` որպես ՀՀ նորանշանակ վարչապետի, կանգնեցնելու այս ծրագրերը եւ անցկացնելու արտաքին անկախ  փորձաքննություն` ներգրավելով միջազգային փորձագետների, օրինակ, ԵԱՀԿ-ի ENVSEC ծրագրի շրջանակներում, որի հետ ակտիվորեն համագործակցում է կառավարությունը:

Եթե ծրագրերը չկանգնեցվեն, ապա Սեւանա լճի փրկության համար Գեղարքունիքի մարզի բնակիչները եւ հասարակությունը պատրաստ է դիմել ակտիվ գործողությունների»:

12:03 Ապրիլ 25, 2014


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news