Մարդասպան ջրատար

Մարդասպան ջրատար

ԷկոԼուր

«ԷկոԼուր»-ը ներկայացնում «Մարդասպան ջրատարը» սոցիալական տեսահոլովակը:  

Մինչ տեղեկատվական դաշտում շարունակվում են պետական կառույցների եւ հասարակության սուր բանավեճերը Սեւանա լճից լրացուցիչ ջրառի վերաբերյալ, Սեւան-Հրազդան ջրատարով արդեն անցել է օրենքով սահմանված առավելագույն քանակի ջուր: Հուլիսի 19-ին կառավարությունը որոշեց լրացուցիչ ավելացնել ջրառը եւս 35 միլիոն խմ-ով: Կառավարության եւ խորհրդարանական երեք խմբակցությունների կողմից բիզնեսին նվիրված ջրի առաջին չափաբաժինը կծախսվի հուլիսի 21-ից մինչեւ օգոստոսի 4-ը:

Իսկ ի՞նչ է այդ 35 միլիոն խմ-ն: Առաջին հերթին դա ջրի կորուստ է Սեւան-Հրազդան ջրատարում, ոռոգման ցանցում եւ ջրամբարներում, քանի որ դրանք վաղուց վերակառուցման եւ վերանորոգման կարիք ունեն: Ներկայումս առավելագույն 170 միլիոն խմ ջուրը ծախսված է այն էլ անձրեւային եղանակին:

Հույսը, թե Սեւանին կխղճան, եւ բացթողումները խնայողաբար կարվեն, չի արդարանում:

Ջրի բաշխումը կառավարող բիզնեսը չի նկատում հասարակ մարդկանց կարիքները: Սեւան-Հրազդան ջրատարը պետք է բավարարի էներգետիկ, ոռոգման պահանջները: Միեւնույն ժամանակ, նրա վիճակը մտահոգիչ է: Գեղամավան գյուղը տեղակայված է ջրատարի երկու կողմում: Բնակիչները ռիսկի չեն դիմում` անցնելու երեք կամուրջներից երկուսով: Դեռ շատերն են հիշում այն դեպքը, երբ մարդիկ ընկել են ջրատարի մեջ եւ մահացել: Պնդում են, որ մոտ 60 մարդ իր մահն է գտել ջրատարի մեջ, որի խորությունը 7-10 մետր է: Իսկ որոշ մարդկանց համար ոռոգման համակարգը գործի գցելու համար օրական մի քանի անգամ ջրատարի մեջ իջնելը սովորական է դարձել: Անվտանգության համար նրանք կապում են իրենց պարանով: Իսկ անվտանգ ցանկապատի եւ ամուր կամուրջների համար պետք է անհանգստանան նրանք, ովքեր կառավարում են ջրատարը: Հասարակությունը փորձում է խնդիրը հասցնել նրանց, բայց արդյունքը դեռ չի երեւում:



Հուլիս 23, 2012 at 16:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր