ԷկոԼուր
ՀՀ կառավարության ապրիլի 12-ի նիստի օրակարգում է 2018 թ-ին ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառի չափաքանակը մինչև 170 միլիոն խմ սահմանելու նախագիծը: Այն մշակել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը հեղինակները պայմանավորել են այս տարվա ջրի դեֆիցիտի մեղման հետ:
2018 թ-ին ոռոգման ջրի պահանջարկը կազմում է 482 միլիոն խմ: Այն անհրաժեշտ է շուրջ 39 հազար հեկտար պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների համար, որոնք գտնվում են Սևան-Հրազդան էներգետիկ-ոռոգման համակարգից սնվող ոռոգման համակարգերի տակ: Ջրի այս պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից շուրջ 156,0 միլիոն խմ, Ազատի ջրամբարից շուրջ 31 միլիոն խմ, Ապարանի ջրամբարից շուրջ 11,5 միլիոն խմ ջրաքանակներով: Արդյունքում գոյանում է 283,5 միլիոն խմ ջրի դեֆիցիտ, որից 170 միլիոն խմ-ն առաջարկվում է լրացնել Սևանի ջրի հաշվին: Սա Սևանա լճի մասին օրենքով նախատեսված ջրառի առավելագույն չափաքանակն է: Ոլորտի պատասխանատուները չեն բացառում, որ սակավաջրության պայմաններում Սևանա լճից հավելյալ ջրառ կիրականացվի:
Հիշեցնենք, որ վերջին 10 տարվա ընթացքում Սևանա լճից 4 անգամ իրականացվեց օրենքով նախատեսվածից ավելի ջրառ: 3 անգամ լիճն ունեցավ բացասական հաշվեկշիռ:
Ապրիլ 10, 2018 at 19:18