Մի Գեւորգ Մարզպետունի էլ չկա

Մի Գեւորգ Մարզպետունի էլ չկա

Սիրանույշ Պապյան, Lragir.am

Սևանի տարածաշրջանի մի քանի գյուղերի` Նորաշենի, Չկալովկայի, Ծովագյուղի բնակիչներն արդեն շատ վաղուց Սևանն իրենցը չեն համարում, ասում են` երկրի նախագահի մերձավորներինն է:
 
Ռուբիկ պապը շատ լավ է հիշում, թե ինչպես երեք տարի առաջ`2008-ին, երբ Սերժ Սարգսյանը նախագահ դարձավ, անմիջապես Ծովագյուղին հարող տարածքի` Սևանա լճի ափին 5000 քառակուսի մետրի վրա սկսվեցին ինտենսիվ շինարարական աշխատանքներ: Իհարկե, բանվորներին, տեղացիների պատմելով, հիմնականում Երևանից էին բերում, որ «շուխուռ» չընկնի` ում է պատկանելու հսկայական բրգաձեւ շինությունը եւ ինքնաթիռը:
 
Սակայն ավելի ուշ, երբ տեղացիները պարբերաբար այստեղ սկսեցին տեսնել Սերժ Սարգսյանի փեսային` Միշիկին և եղբորը` Սաշիկին, խաղաքարտերը բացվեցին. “Ինչ ասենք, եթե երկրի նախագահն է հանրային տարածքները վերցնում, ինչ պահանջենք էլ ուրիշներից”, բողոքում են գյուղացիները:
 
Նրանցից մեկն էլ ուշացած է համարում Սերժ Սարգսյանի հրամանը` Սևանա լճի ափին հանրային լողափ կառուցելու վերաբերյալ, այս քայլը համարում են ոչ այլ ինչ, քան նախընտրական քարոզչության սկիզբ. «Դե մի բան պտի անի, որ ասենք`մեզ շատ ա սիրում, հեսա կարտոլի սերմնացան կտա, բայց հո իրականությունը գիտենք»:
 
Ի դեպ, նորաշենցիները պատմում են, որ 2008-ի մայիսին, երբ Ալիկ Սարգսյանը նշանակվեց ՀՀ ոստիկանապետ, մի տարածք էլ ինքը ստացավ Սերժ Սարգսյանի մերձավորների տարածքից մի փոքր վերև` Նորաշենում (իհարկե, ավելի փոքր` 1000 քմ):
 
«Սևանը բռնազավթված է, ու հիմա պետք է մի Գևորգ Մարզպետունի, որ գա ու կարողանա մեզ վերադարձնի բռնազավթվածը, ու Սևանն էլ ծփա առաջվա պես», ասում է Վարդան պապը` զարմանալով, որ այդպես էլ տևական ժամանակ Գևորգներ չեն գտնվում:
 
Այսպիսով, Սեւանի ափերի կառուցապատումը, սկիզբ առնելով Քոչարյանի իշխանության օրոք, շարունակվում է նաեւ այժմ:

Հուլիս 09, 2011 at 13:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր