

Արմենպրես
2012 թվականի հունվարի 10-ին Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 13 սանտիմետր բարձրության վրա: Ինչպես «Արմենպրես»-ի` Գեղարքունիքի թղթակցին տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, այն 22 սանտիմետրով ավել է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Սեւանի ներկա նիշը, ըստ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի կողմից տրամադրված տվյալների, հավասարվել եւ գերազանցել է 1962 թվականի մակարդակը: Այն 1961 թվականի հունվարին կազմել է 1902 մետր 11 սանտիմետր, 1962 թվականին` արդեն 1900 մետր 80 սանտիմետր` իջնելով 1 մետր 31 սանտիմետրով: Իսկ հաջորդ տարում` 1963 թվականին, Սեւանի մակարդակն հասել է 1899 մ 78 սանտիմետրի` մեկ տարվա ընթացքում նահանջելով եւս 1 մետր 2 սանտիմետրով: Դրանք Սեւանի համար այն աղետալի տարիներն էին, երբ անխնա ջրբացթողումների եւ բնական այլ ազդակների արդյունքում անխնա սպառվում էին ջրային ռեսուրսները` տարեկան մեկ-երկու մետրով: Բարեբախտաբար, վերջին տասը տարում արդեն Սեւանը նկատելիորեն բարձրացել է, եւ այդ միտումները կդրսեւորվեն նաեւ այս գարնան ընթացքում: Սեւանի հնարավոր եւ հերթական սառցակալումը մասնագետները քիչ հավանական են համարում այս ձմռանը երկու պատճառով. նախ, որ առայժմ բավականին մեղմ ձմեռ է ընթանում, եւ երկրորդ` ներկայիս մակարդակում նախկին տարիներին ջրի սառցակալում տեղի չի ունեցել:
Հունվար 12, 2012 at 14:19
