Բնապահպանությունը Հայաստանապահպանություն է

Բնապահպանությունը Հայաստանապահպանություն է

ԷկոԼուր

Փետրվարի 4-ին  «Սարդարապատ» շարժման նախաձեռնությամբ կազմակերպվեց Հայաստանի կարեւորագույն էկոլոգիական խնդիրների քննարկում: Զեկույցներով հանդես եկան «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա»-ի նախագահ Կարինե Դանիելյանը, Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, Թեղուտի պաշտպանության խմբի ակտիվիստներ Եղիա Ներսեսյանը եւ Մարիամ Սուխուդյանը, «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամներ եւ այլն: Հանդիպման կարգախոսն էր` «Բնապահպանությունը Հայաստանապահպանություն է»:

Հանդիպումը կայացավ մեկ  ժամ ուշացումով, քանի որ Կանազի մշակույթի տունը հրաժարվեց տրամադրել դահլիճը «Տեխնիկական պատճառներով»,- «ԷկոԼուր»-ին կարճ պատասխանեց մշակույթի տան տնօրեն Սուրեն Ազիզյանը: «Սարդարպատ» շարժման անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն ասաց, որ իրենց միջոցառումների համար տարածքի տրամադրման մերժման այս դեպքը առաջինը չէ: Տարածք տրամադրեց Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը:

Ստորեւ ներկայացնում ենք հատված Mardik.am կայքի լրագրող Ռիտա Կարապետյանի «Հայաստանի բնապահպանական խնդիրներից միայն Սևանի հարցում է դրական տեղաշարժ գրանցվել» վերնագրով հոդվածից:

«Ըստ բնապահպան Կարինե Դանիելյանի` Հայաստանում այսօր հիմնական խնդիրներն են  հանքերի անխնա շահագործումը, Երևանի կետային կառուցապատումը և Սևանի հիմնահարցը, որը միակն է, որտեղ դրական տեղաշարժ կա: Նրա խոսքով, Հայաստանն այսօր հայտնվել է նախաինդուստրիալ երկրների ցանկում և հանդիսանում է ընդերքօգտագործող երկիր: Ընդ որում, արտերկիր են արտահանվում այն մետաղները, որոնք աշխարհի մակարդակով հայտնվել են սպառման եզրակետին: Դանիելյանը նշեց, որ զարգացած ինդուստրիալ երկրները մի կողմից` շահագրգռված են, որ Հայաստանում կանխվի բնապահպանական աղետը, մյուս կողմից` հետաքրքրություն են դրսևորում բացառապես երկրի հանքարդյունաբերության նկատմամբ:     

Թեղուտի պաշտպանության նախաձեռնության անունից Եղիա Ներսիսյանը վստահեցրեց, որ այսօրվա երիտասարդ բանապահպանները չեն ուրանում ավագ սերնդի կողմից արվածը: Նա կոչ արեց վստահել միմյանց և քննադատելու փոխարեն համատեղ գործել»:

Փետրվար 06, 2012 at 14:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր