

ԷկոԼուր
Այս տարի հանրային լողափերը կբացվեն հունիս ամսի երկրորդ կեսին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Ըստ աղբյուրի` մայիսի 18-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ նախարարը այցելել է հանրային լողափների տարածք, ծանոթացել իրավիճակին եւ հանձնարարականներ տվել «Սևան» ազգային պարկ»-ի տնօրինությանը` հետևել բարեկարգման աշխատանքներին:
Արամ Հարությունյանը նաեւ ծանոթացել է Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների ընթացքին: Նա հանձնարարել է արագացնել մաքրման աշխատանքների ընթացքը: «Եթե անհարաժեշտություն կա, որ նախարարությունը միջամտի աշխատանքների ընթացքին, մենք պատրաստակամ ենք օժանդակել ավելի սեղմ ժամկետներում մաքրման աշխատանքներն ավարտին հասցնելու համար»,- նշել է նախարարը: Աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը պարտավորվել է 15 օրյա հաճախականությամբ զեկուցել կատարված աշխատանքների մասին:
Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրումն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՀՀ պետական բյուջեի միջոցներով: «Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման 2013թ. միջոցառումների տարեկան ծրագրի» համաձայն` Սեւանի ափամերձ տարածքների մաքրման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 125400,0 հազար դրամ:
Մայիս 20, 2013 at 12:55
