

ԷկոԼուր
Սեւանա լճից արդեն իսկ բաց է թողնվել 145 միլիոն խմ ջուր: Այս մասին հուլիսի 11-ին` Սեւանա լճից լրացուցիչ ջրառի խնդրին նվիրված քննարկման ժամանակ, հայտարարեց ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: Քննարկումը կազմակերպել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Եթե հաշվի առնենք, որ Սեւանից ջրառի համար օրենքով սահմանված առավելագույն քանակը 170 միլիոն խմ է, ապա պարզ է դառնում որ այդ ծավալի մեծ մասն արդեն ծախսվել է, ընդորում, շատ խոնավ ժամանակաշրջանում, երբ շոգը վրա չի հասել եւ գյուղատնտեսությունը կարող էր իր կարիքները բավարարել տեղումների եւ ձնհալի հաշվին: Այն ժամանակ, երբ գյուղատնտեսությունը իսկապես Սեւանի ջրի կարիքը կունենա, արդեն ծախսված կլինի լրացուցիչ 150 միլիոն խմ ջուրը:
Քննարկման ընթացքում այլ փաստեր էլ ի հայտ եկան: Մասնավորապես հասարակության համար բացարձակապես անսպասելի էր Ջրային տնտեսության պետական կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Մհեր Մկրտումյանի պնդումն այն մասին, որ խորհրդարանը հունիսի 22-ին արդեն իսկ ընդունել է Սեւանա լճից լրացուցիչ ջրառի վերաբերյալ օրենքի նախագիծը: Նշենք, որ խորհրդարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հունիսի 22-ին օրենքում փոփոխություններն ու լրացումներն ընդունվել են առաջին ընթերցմամբ, եւ հասկանալի չէ, թե երբ է եղել երկրորդ ընթերցումը, եւ ինչու հասարակայնությունն այդ մասին չգիտի:
Հասարակության իրավունքները խախտված են: Այս մասին քննարկման ընթացքում հայտարարեցին Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը, «ԷկոԼուր»-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, Գեղարքունիքի մարզի «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը, Գեղարքունիքի մարզի «Բլեջան» ՀԿ-ի նախագահ, Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանը: Պարզվեց, որ շահագրգիռ կողմերը` մասնավորապես Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը եւ ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը Սեւանա լճից լրացուցիչ ջրառի համար օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկի մասին տեղեկացված չեն եղել: Ինստիտուտի տօրեն Էվելինա Ղուկասյանն ասաց. «Մի ինստիտուտ, որը 90 տարի է` զբաղվում է Սեւանի հիմնախնդրով, կարծում եմ` տնօրենը գոնե պետք է ներկայացված լիներ Ազգային Ժողովում եւ մասնակցեր քննարկումներին: Ցավոք, ես` որպես տնօրեն, հայտարարում եմ, որ մենք այդ մասին լսել ենք հետագայում, միայն Սեւանի հանձնաժողովի պահանջից հետո, երբ որ մեզ խնդրեցին հիմնավորում տալ, թե ինչպես կանդրադառնան Սեւանա լճի տատանումները էկոհամակարգի վրա»:
«Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ, իրավաբան Ռուզաննա Ղազարյանը նշեց, որ հասարակության հետ երկխոսելու բարի կամքը կապ չունի, քանի որ կա Օրհուսի կոնվենցիա, եւ որ օրենքի դրույթները պարտադիր պետք է կատարվեն: «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա»-ի նախագահ Կարինե Դանիելյանը, փորձագետ-հիդրոլոգ Քնարիկ Հովհաննիսյանը, «Շողեր միության» նախագահ Հասմիկ Ասլանյանը հույս հայտնեցին, որ օրենքում կա վերապահում, որի համաձայն` Սեւանից բաց չեն թողնի այդ 320 միլիոն խմ-ն, այլ 320 միլիոն խմ-ից պակաս, եւ որ բացթողումները կկատարվեն ամենաքիչ ծավալով: Նշենք, որ Սեւանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովը եզրակացություն է տվել մինչեւ 280 միլիոն խմ ջուր Սեւանից բաց թողնելու մասին:
Ներկայումս Սեւանի մակարդակը 1900մ 47 սմ է, ինչը նախորդ տարվա համեմատ բարձր է ընդամենը 3 սմ-ով:
Հուլիս 11, 2012 at 21:08