

News.am
Երեւանյան լճից 2011 թ. դեկտեմբերին վերցված փորձանմուշներում դիտվել է վանադիումով բարձր աղտոտվածություն` սահմանային թույլատրելի նորման գերազանցվել է 11-21 անգամ: Այդ մասին նշված է ՀՀ բնապահպանության նախարարության «Հայ Էկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ի հաշվետվության մեջ:
Վանադիում 2011 թ. օգոստոսին հայտնաբերվել է նաեւ Սեւանա լճում`թույլատրելի նորման գերազանցվել է 5-6 անգամ, այն դեպքում, երբ նախորդ ամիսներին ջրի աղտոտվածություն չի արձանագրվել: Սեւանա լճում ջրի մոնիտորինգ անցկացվում է 17 մակերեւութային եւ 9 խորքային դիտակետերից:
Հանրապետության ջրային ավազանում թերեւս ամենաաղտոտվածը Դեբեդ գետի ավազանն է, հատկապես` Ախթալա գետը: Այդ գետի գետաբերանի հատվածում դիտվել է պղնձով եւ ցինկով արտակարգ բարձր աղտոտվածություն` սահմանային թույլատրելի նորմաները գերազանցվել են համապատասխանաբար 408 եւ 327,3 անգամ: Բացի այդ` առկա է նաեւ ալյումինով եւ մանգանով բարձր աղտոտվածություն: Բարձր աղտոտվածություն ունեն նաեւ այդ ջրային անազանի Փամբակ, Դեբեդ, Ձորագետ, Մարցիգետ գետերը, այդ թվում` Վանաձորի մերձակայքում վերցված փորձանմուշներում:
Հանքարդյունաբերական մյուս գոտում` Սյունիքում, եւս գետերը աչքի չեն ընկնում իրենց մաքրությամբ: Ողջի գետի Կապան քաղաքից ներքեւ ընկած հատվածում դիտվել է պղնձով արտակարգ բարձր աղտոտվածություն` սահմանային թույլատրելի նորման գերազանցվել է 231 անգամ: Նույն դիտակետում դիտվել է նաեւ մանգանով եւ ցինկով բարձր աղտոտվածություն` սահմանային թույլատրելի նորմաները գերազանցվել են համապատասխանաբար 35,4 եւ 28,2 անգամ:
Սակայն նշենք, որ ջրի աղտոտվածություն կա նաեւ առողջարանային գոտի համարվող Ծաղկաձորում: Այսպես` Ծառաղբյուր գետի 2 դիտակետից` Ծաղկաձոր քաղաքից վերեւ եւ ներքեւ ընկած հատվածներից, դեկտեմբեր ամսին վերցված փորձանմուշներում որոշ չափով գերազանցվել են ամոնիում իոնի , վանադիումի, քրոմի, մանգանի, պղնձի սահմանային թույլատրելի նորմաները:
Փետրվար 21, 2012 at 17:09
