

Tert.am
Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը Ջրային պետական կոմիտեին փորձագիտական եզրակացություն է տվել Սևանա լճից 280 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու վերաբերյալ: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի գլխադասային՝ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր ներկայացրել ՀՀ կառավարության «Սևանա լճի մասին» և «Uևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մասին» օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու նախագծերին, որով առաջարկվում է 2012 թվականին Uևանա լճից ջուր բաց թողնելու տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 320 մլն խմ: Այսինքն՝ 150 միլիոն խորանարդ մետրով ավելացնել օրենքով սահմանված ծավալը:
«Մեր առաջարկությունը հիմնավոր ենք համարում և գտնում ենք, որ սակավաջրությունից ելնելով՝ 280 խմ-ով կարող են այս տարի դուրս գալ ստեղծված իրավիճակից: Մենք մեր եզրակացությունը գրավոր ուղարկել ենք իրենց»:
Հիշեցնենք, որ այս որոշման հիմնավորումն այն էր, որ տարին չորային էր և հավելյալ ջուր է պետք գյուղատնտեսության համար: Ի պատասխան այն հարցին, թե իրենց համազի՞չ է թվում այս փաստարկը,Վլադիմիր Մովսիսյանն ասաց.«Մեր փորձագետները, շատ ներողություն, պատահական մարդիկ չեն, հետո մեր փորձագետներից ոչ ոք շահագրգռված չէ, որ Սևանին ինչ-որ չափով վնաս հասցվի: Մեր հաշվարկները հիմնավոր են հետևյալ առումով. այս տարի ոռոգման սեզոնը սկսվել է մայիսի 2-ին, անցյալ տարի՝ հունիսի 21-ին: Մյուսը հիմնավորումը. անցյալ տարի Ապարանի և Ազատի ջրամբարներում 75 միլիոն խորանարդ մետր ավել ջուր կար, քան այս տարի»:
Այս տվյալները ներկայացնելով՝ Վլադիմիր Մովսիսյանն ասաց, թե գտնում են, որ երաշտի մասին խոսելն ավելորդ է, որովհետև ոռոգելի երկրագործության մեջ «երաշտ» հասկացություն չկա, այլ կա սակավաջրության խնդիր:
«Ուրեմն, եթե մենք մինչ օրս Սևանից բաց ենք թողել 96 միլիոն խորանարդ մետր ջուր, անցյալ տարի բաց էին թողել 0: Հիմա, եթե այդ 96-ին գումարում ենք անցած տարի բաց թողնված 168-ը, մեր 280 խմ-ն հիմնավոր է և գտնում ենք, որ դա Սևանի մակարդակի վրա էական ազդեցություն թողնել չի կարող»,-ասաց հանձնաժողովի նախագահը, հավելելով՝ կարող է լինել պլյուս-մինուս մեկ սանտիմետր`տարվա վերջին:
Մեր հարցը, թե ճի՞շտ են բնապահպանների այն հաշվարկները, որ 320 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու դեպքում Սևանի մակարդակը կիջնի 3-5 սանտիմետրով (հաշվարկը հետևյալն է՝ յուրաքանչյուր 13 մլն խորանարդ մետր ջուրը 1 սանտիմետր է-Tert.am), Վլադիմիր Մովսիսյանը հաստատեց:
Նշենք, որ Կառավարության այս որոշումը՝ մամուլը, այդ թվում և այսօրվա «Հայկական ժամանակ» օրաթերթը կապում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների և օլիգարխների՝ լճի ափին գտնվող տարածքների՝ դղյակների ու հանգստյան գոտիների ջրի տակ մնալու հանգամանքով:
Վլադիմիր Մովսիսյանը նկատեց, որ 3-5 սմ-ի դեպքում ափամերձ տարածքների ազատման մասին խոսք լինել չի կարող: Անգամ եթե ինչ-որ տեղերում էլ ափը ազատվի, բայց շենք-շինություն չի ազատվի ջրից:
Հիշեցնենք, որ այս որոշման հետևանքով Կառավարության նիստից, որպես բողոքի նշան, դուրս էր եկել ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը՝ նշելով, որ եթե ուրիշներին պետք է Սևանի թերակղզի, ապա իրեն՝ Սևանա կղզի:
Հունիս 22, 2012 at 12:15