Գեղարոտ գետի ջուրը կրկին դարչնագույն է. Արագած համայնքի բնակիչները մտահոգված են, իսկ համայնքապետը վստահ է, որ պատճառը ձյան հալոցքն է

Գեղարոտ գետի ջուրը կրկին դարչնագույն է. Արագած համայնքի բնակիչները մտահոգված են, իսկ  համայնքապետը վստահ է, որ պատճառը ձյան հալոցքն է

ԷկոԼուր

Արագածոտնի մարզի Գեղարոտ գետի ջուրը, որը սնում է Արագած համայնքի և հարակից մի քանի համայնքների մշակովի հողերը, վերջին տարիներին փոխվել է և դարձել է դարչնագույն:  

Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող Նատալյա Մանուկյանը մայիսի 15-ին հանդիպել է Արագածի բնակիչների հետ, և վերջիններս իրենց մտահոգությունն են հայտնել գետի ջրի գույնի և որակի կապակցությամբ:

«Բնակիչներին հետաքրքրում էր, թե ո՞րն է գետի ջրի գույնի փոփոխության պատճառը և ջրի բաղադրության մեջ ի՞նչ նյութեր են պարունակվում, որ փոխում են ոչ միայն ջրի, այլև հատակային նստվածքների` տիղմի, ավազի, գլաքարերի գույնը:

Գյուղացիներից ոմանք գետում կատարվող այս փոփոխությունները, ինչպես և նախկինում, կապեցին գետի վրա գործող երկու փոքր ՀԷԿ-երի հետ»,- նշված է Օրհուս կենտրոնի պաշտոնական կայքում:

Խնդրի վերաբերյալ ԷկոԼուրը զրուցեց Արագած համայնքի ղեկավար Հենրիկ Հովհաննիսյանի հետ: Նրա կարծիքով՝ գետի ջրի գույնը պայմանավորված է ձյան հալոցքի հետ:

«Գարնան այս ամիսներին ձյան հալոցքից գետի ջրի գույնը փոխվում է: Ձյան տակ գտնվող հողային շերտը ձյան հալոցքի ժամանակ լվացվում է և լցվում է գետը: Այս ամիսներին միշտ այդպես է»,- ասաց Հենրիկ Հովհաննիսյանը:  

Հարցին, այս տարիների ընթացքում երբևէ իրականցվե՞լ է Գեղարոտի ջրի լաբորատոր անալիզ, Հովհաննիսյանը պատասխանեց, որ և նախկին համայնքապետի կողմից, և տարածքում գտնվող երկու ՀԷԿ-երի տնօրինության կողմից իրականացվել է գետի ջրի որակի լաբորատոր անալիզ: Արդյունքում նշվել է, որ վտանգավոր ոչինչ չկա:

Հենրիկ Հովհաննիսյանի խոսքով՝ այս տարի ևս, համայնքապետարանի միջնորդությամբ, ջրի որակի ստուգման նպատակով անալիզներ են ուղարկվել: Պատասխանը կլինի մոտ օրերս: Համայնքապետը դժվարացավ նշել, կոնկրետ որտեղ են ուղարկվել անալիզները, միայն ասաց, որ միշտ տարբեր կառույցների են ուղարկվել:  Իսկ վերջում նշեց. «Եթե ես իմանամ, որ մի փոքր խնդիր կա, ես պատրաստ եմ կանգնել ժողովրդի կողքին»:

Հիշեցնենք, որ նման հարց բարձրացվեց նաև 2014 թվականի ապրիլին, երբ Գեղարոտի ջուրը կրկին դարչնագույն էր: Արագած համայնքի բնակիչները պնդում էին, որ գետի ջուրը թունավոր է եւ ոչ մի բանի համար պիտանի չէ: Անասնապահների խոսքով՝ ջրի չնչին քանակությունն անգամ կարող է մահացու լինել կենդանիների համար: Բնակիչները գետի վիճակը պայմանավորել էին գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երով: Գեղարոտ գետի վրա կառուցված են «Գեղարոտ» եւ «Արագած-1» փոքր ՀԷԿ-երը:

Ահազանգի հետքերով «ՍՊԱրմԾ» ՊՈԱԿ-ի երկրաբանության բաժնի վարիչ Ռաֆայել Հարությունյանը և կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի գլխավոր մասնագետ Վալերի Խոնդկարյանը մայիսի 8-9-ը գործուղվել էին Արագած համայնք:

ՀՀ ԱԻՆ-ի «ՍՊԾ» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասել էր, որ գետում երկաթի երեւակումներ կան, որոնցից ժանգ է առաջանում եւ բնական ճանապարհով գունափոխում գետի գույնը` դարձնելով այն դարչնագույն: Սակայն մինչ այժմ գետը կարողացել է ինքնամաքրվել: Հիմա ՀԷԿ-ը խախտել է գետի հիդրոերկրաբանական վիճակը, եւ գետը չի կարողանում իր ճանապարհին մաքրվել:

ԷկոԼուրը պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում այս խնդրի վրա: Խոսքը մի քանի համայնքների կենսական կարիքների մասին է: Համայնքները կարիք ունեն մաքուր ջրի իրենց հողերը ոռոգելու եւ անասուններին ջրելու համար, որոնք համայնքներում բնակիչների եկամուտի հիմնական աղբյուրն են:  

Լուսանկարը` www.aarhus.am կայքի

16:40 Մայիս 20, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news