ՀՀ Լոռու մարզում գտնվող Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի տարածքից դուրս եկող ծանր մետաղներով աղտոտված ջրերն ու թթվային դրենաժը լցվել են Ձորագետ՝ դարչնագույն երանգ հաղորդելով գետին։ Գետի աղտոտման մասին հուլիսի 8-ին ահազանգ տարածեց Ստեփանավանի համայնքապետարանը՝ նշելով, թե գետի երեք հատվածներից վերցված ջրի նմուշները կուղարկվեն փորձաքննության։
«Բնակիչներն ահազանգում են, որ Արմանիսի հանքավայրից Ձորագետ են լցվում անհասկանալի նյութեր' մեծ քանակությամբ: Այսօր Ստեփանավանի քաղաքապետը' համապատասխան հանձնաժողովի և ոստիկանության ներկայացուցչի հետ այցելել է Ձորագետի այն հատվածը, որտեղ լցվում են թափոնները: Նշված տարածքում պարզ է դառնում, որ ծանր մետաղների պարունակությամբ ջուրն անարգել լցվում է գետը՝փոխելով ջրի գույնը, բացի դա, նույն վայրում տեսանելի են չորացած ծառեր, որը, հավանաբար, այդ թափոնների հետևանք է: Նշենք, որ նման ահազանգ հնչում է ոչ առաջին անգամ: Քաղաքապետարանում կազմված հանձնաժողովի ներկայացուցիչները, գետի երեք հատվածներից ջուր են վերցրել, որը կուղարկվի փորձաքննության, իսկ կազմված արձանագրությունը կուղարկվի Լոռու մարզպետարան: Ստեփանավանի համայնքապետարանը հորդորում է հանքի պատասխանատուներին օր առաջ միջոցներ ձեռնարկել այս աղետը կանխելու ուղղությամբ»,- իր կայքում հայտարարություն է հրապարակել Ստեփանավանի համայնքապետարանը:
Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրը 2011 թ․ սկսեց շահագործել «Գլոբալ Մեթալզ (ԱՐՄ) Լիմիթեդ» ընկերությունը՝ ի դեմս «Սագամար» ՓԲԸ-ի։ Ընկերությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ կնքած N ՊՎ-093 պայմանագրով պարտավորվել էր ապահովել ընդերքի, մթնոլորտի, հողի, անտառների, ջրերի ու բնության և շրջակա միջավայրի մյուu oբյեկտների, ինչպեu նաև շինությունների, պատմամշակութային հուշարձանների պահպանությունն ընդերքoգտագործման հետ կապված աշխատանքների վնաuակար ազդեցությունից: Սակայն ինչպես հանքի շահագործման ընթացքում, այնպես էլ հանքի շահագործման դադարեցումից հետո ԷկոԼուրը բազմաթիվ ահազանգեր է ստացել հանքարդյունաբերական կեղտաջրերով Ձորագետի աղտոտման, ձկների անկման մասին:
2015թ․ «Սագամար» ընկերությունը բնապահպանական փորձաքննության ներկայացրեց Արմանիսի հանքի ընդլայնման ծրագիրը, ստացավ դրական եզրակացություն, սակայն առանց որևէ հիմնավորման դադարեցրեց հանքի շահագործումը, թեպետ ընդերքօգտագործման պայմանագրի համաձայն, մինչև 2049թ-ը ընկերությունը պետք է շահագործեր հանքը:
Ահազանգի առնչությամբ ԷկոԼուրը դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:
Լուսանկարը՝ Ստեփանավանի համայնքապետարանի
Հուլիս 08, 2020 at 22:44