«Մուլտի գրուպ»-ը մտադիր է Մղարթի ոսկու հանքավայրում ընդլայնման աշխատանքներ իրականացնել (Լուսանկարներ)

«Մուլտի գրուպ»-ը մտադիր է Մղարթի ոսկու հանքավայրում ընդլայնման աշխատանքներ իրականացնել (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ն մտադիր է Մղարթի ոսկու հանքավայրում ընդլայնման աշխատանքներ իրականացնել: Այս կապակցությամբ սույն թվականի հունվարի 31-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Լոռու մարզի Օձունի համայնքապետարանում տեղի կունենան հանրային քննարկումներ:

Մղարթի հանքավայրին ազդակիր բնակավայրը Մղարթն է, որը համայնքների խոշորացումից հետո ընդգրկվեց Օձունի կազմի մեջ: Խոշորացված Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը «ԷկոԼուրի» հետ զրույցում ասաց, որ հանքավայրի ընդլայնման հարցով զրուցել է ընկերության ղեկավարության հետ: «Մեզ դիմեցին, որ թույլ տանք լսումներ անցկացնեն, մենք էլ համաձայնվեցինք: Իրենք ինձ վստահեցրել են, որ նոր տարածքներ չեն վերցնելու, արդեն ունեցած տարածքների վրա ընդլայնելու են իրենց աշխատանքները: 25 հեկտար մի մասում ունեն, 15 հեկտար էլ` մյուս», - ասաց Արսեն Տիտանյանը: Հարցին` ինչպես է առանց տարածքների ընդլայնման ընկերությունը ընդլայնելու հանքավայրը, համայնքապետն արձագանքեց` հանրային լսումների ժամանակ պարզ կդառնա: Ներկայացնելով իր տեսակետը` Արսեն Տիտանյանն ասաց. «Հանքն արդեն կա, հարստացման ֆաբրիկան ունեն, նոր տարածք չեն ուզում: Եթե բնապահպանական խնդիրներ չեն առաջացնելու, թող աշխատեն: Ես դեմ չեմ, մնացածը թող մասնագետները գան, ասեն»:

ՀՀ բնապահպանության նախարարության կայքում Մղարթի հանքավայրի ընդլայնման աշխատանքների վերաբերյալ դեռ որևէ փաստաթուղթ չկա: Կարգի համաձայն` համապատասխան հայտը բնապահպանական փորձաքննության է ներկայացվում համայնքի նախնական համաձայնության դեպքում:

«Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն պատկանում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին: Ընկերությունը բաց եղանակով շահագործել է Մղարթի ոսկու հանքը, իսկ վերջին տարիներին երկրաբանական ուսումնասիրություններ էր իրականացնում Մղարթի հանքային դաշտի տարբեր տեղամասերում:

2017 թ-ի ամռանը ԷկոԼուրի տեսախցիկը ֆիքսել էր` ինչպես է «Մուլտի գրուպ կոնցեռն»-ը շինարարական աշխատանքներ իրականացնում Մղարթի հանքավայրի պոչամբարի տարածքում:

Հունվար 26, 2018 at 15:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր