Ուսումնասիրվե՞լ են «ԱրմՕյլ»-ի նավթավերամշակման գործարանի ռիսկերը. հարցում ԱԻՆ-ին

Ուսումնասիրվե՞լ են «ԱրմՕյլ»-ի նավթավերամշակման գործարանի ռիսկերը. հարցում ԱԻՆ-ին

ԷկոԼուր

ԷկոԼուրը Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում «ԱրմՕյլ» ՓԲԸ-ի կողմից կառուցվող նավթավերամշակման գործարանի ռիսկերի վերաբերյալ հարցում է ուղարկել ՀՀ արատակարգ իրավիճակների նախարարություն:

Հարցման մեջ ասված է.

«Օրերս Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի «Նատի» թաղամասի բնակիչները «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ին ահազանգեցին իրենց տներից շուրջ 20 մետր հեռավորության վրա կառուցվող «ԱրմՕյլ» ընկերության նավթամթերքի վերամշակման գործարանի ռիսկերի մասին` նշելով կառուցվող օբյեկտի հրդեհավտանգ, պայթունավտանգ լինելը, մարդու կյանքի և շրջակա միջավայրի համար վտանգավոր թունավոր նյութերի արտանետումները, աղմուկը: Նրանք նշեցին, որ դիմել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, որից հետո նախարարության աշխատակիցներն այցելել են գործարան, սակայն արդյունքների մասին իրենց չեն հայտնել: Հաշվի առնելով, որ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության համաձայն, նախարարության նպատակներից և խնդիրներից են`

• արտակարգ իրավիճակներ առաջացնող երեւույթների ուսումնասիրությունը
• արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, առարկաների, գործընթացների, նախագծերի եւ լուծումների պետական փորձաքննության կազմակերպումը եւ համակարգումը
• արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպումն ու համակարգումը
• պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության հսկողության ապահովումը
• արտադրական վտանգավոր օբյեկտի ռիսկի վերլուծման և գնահատման` ըստ վտանգավորության աստիճանի դասակարգելու նպատակով ապահովումը
• արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության վիճակի փաստաթղթային դիտարկման, վերլուծման, դրա հիման վրա ամփոփ տեղեկատվության կազմման ապահովումը
խնդրում են տեղեկացնել.

1. Արդյո՞ք «Արմօյլ» ընկերությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացրել է գործարանի նախագծերը ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության եզրակացության համար, եթե այո, ապա խնդրում ենք տրամադրել մեզ այդ եզրակացության կրկնօրինակը:

2. Արդյո՞ք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Եղվարդի բնակիչների ահազանգի հիման վրա ուսումնասիրել է «ԱրմՕյլ» ընկերության կողմից կառուցվող այս վտանգավոր օբյեկտի ռիսկերը տեղի բնակչության կյանքի և առողջության համար: Եթե` այո, խնդրում ենք ներկայացնել ուսումնասիրության արդյուքները:

3. Արդյո՞ք գործարանը կառուցվում է արտակարգ իրավիճակները կանխարգելող նորմերի համաձայն և արդյո՞ք այն գտնվում է բնակելի տներից, այգիներից և ճանապարհից նորմատիվներին համապատասխան հեռավորության վրա:

4. Արդյո՞ք արտակարգ իրավիճակների նախարարությունն արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող այդ օբյեկտի կամ դրա նախագծի պետական փորձաքննություն կազմակերպել է, եթե այո, ապա խնդրում ենք ներկայացնել արդյունքները:

5. Արդյո՞ք արտակարգ իրավիճակների նախարարությունն ուսումնասիրել է գործարանի կառուցման համար շահագրգիռ պետական մարմինների թույլատրությունները, եթե այո, խնդրում ենք ներկայացնել արդյունքները»:

Հունիս 29, 2018 at 12:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր