ԷկոԼուր
ԷկոԼուրն իր «էկոահազանգ» էջում ահազանգ է ստացել Սևանա լճի ծաղկման մասին: «Նոյեմբեր է հեսա, բայց Սևանը նորից կանաչում է արևից։ Ու դեռ արդարացնում են էս հիվանդ վիճակում գտնվող լճի անողոք մսխումը, թե բա Սևանի համար մի քանի սանտիմետրը խնդիր չի։
Հիշեցնեմ, որ, չնայած լճի՝ էս ամառվա տարօրինակ պահվածքին ու գունավորմանը, ինչը հստակ ահազանգ էր հիվանդ լինելու մասին, դեռ մի բան էլ ավել ջուր բաց թողեցին»,- նշված է ահազանգում, որի հեղինակը Facebook սոցիալական ցանցի օգտատեր Մայիս Մարգարյանն է:
Ահազանգի վերաբերյալ ԷկոԼուրը պարզաբանումներ ստացավ ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանից: Նա մասնավորապես ասաց. «Սևանա լճի այս ծաղկումը ամառվա ծաղկման շարունակությունն է: Ամեն տարի եղել է ծաղկում աշնանը շատ քիչ մակարդակով: Ընդհանրապես` դիատոմային ջրիմուռներն են ծաղկում աշնանը: Սակայն այս տարի նաև նկատվել է կապտականաչ ջրիմուռներով ծաղկում:
Մի քանի գործոն իրար հետ համընկնում են և տալիս են ծաղկման նշան, օրինակ, ջերմաստիճան և ֆոսֆորի քանակ: Սա ազդակ է, որ պետք է զգույշ լինել, որի մասին մենք նախկինում խոսում էինք, որ չի կարելի Սևանա լճի մակարդակի հետ խաղ անել: Սա ազդանշան է, որ պիտի չթույլատրենք, որ լճի մակարդակն իջնի: Եթե իջավ, սա կազդի ջերմաստիճանային ֆոնի վրա: Դրան գումարած մենք ունենք կլիմայի փոփոխության պայմանները: Տարեցտարի ջերմաստիճանն ավելի է բարձրանում, քան նախկինում է եղել: Կլիմայի փոփոխության պայմաններում լճի մակարդակի բարձրացման հետ ափերը լվացվում են, շատ օրգանական նյութ է լցվում լիճ: Երբ իջեցնում ենք լճի մակարդակը, օրգանական նյութերի կոնցենտրացիան լճում ավելանում է, ինչն էլ նպաստում է լճի ծաղկմանը»:
Լուսանկարը վերցված է Մայիս Մարգարյանի ֆեյսբուքյան էջից։
Նոյեմբեր 06, 2018 at 18:58