

ԷկոԼուր
Ամենայն հավանականությամբ Սեւանա լճից 2013թ. եւս օրենքով նախատեսված առավելագույնը 170 միլիոն խմ ծավալից ավելի ջուր կվերցվի Aysor.am կայքում տեղադրված « Սևան. Դարդս լացեք սարի սմբուլ» նյութում Ջրային տնտեսության պետական կոմիտեի Ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ Կարեն Դաղբաշյանը հայտնել է, որ այս տարի ջրամբարները եւս կիսով չափ են լցված: Պատճառն այն է, որ սարերի վրա ձյուն եղած ժամանակ անձրևներ, սելավներ չեն եղել և ջրամբարները չեն լցվել: Միեւնույն ժամանակ ջրային, կլիմայական և ռեկրեացիոն ռեսուրսների միջազգային գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Թրահել Վարդյանյանը նշել է, որ տարին ջրառատ է և պետք է որ ջրամբարների լցվելու ընթացքը նորմալ լինի:
Aysor.am կայքի նյութն անհանգստություն է առաջացնում, քանի որ ինչպես երեւում է, Ջրային տնտեսության պետական կոմիտեն կրկին պատրաստվում է 2012թ. նման Արարատյան հարթավայրի ոռոգման համար Սեւանա լճից լրացուցիչ ջուր վերցնելու առաջարկությամբ հանդես գալ: Հիշեցնենք, որ չնայած ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կարծիքին, էկոլոգիական հասարակության բողոքին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի առաջարկով 2012թ. Սեւանա լճից բաց թողնվեց 320 միլիոն խմ ջուր: Դրա համար «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում, որը սահմանափակում է Սեւանա լճից ջրի բացթողումները մինչեւ 170 միլիոն խմ, մտցվեցին փոփոխություններ ջրի բացթողումների ավելացման մասին, որն էլ հաստատեց ՀՀ Ազգային Ժողովը:
Ապրիլ 29, 2013 at 14:51
