ԷկոԼուր
Սեւանա լիճը բացասական հաշվեկշիռ ունի: ՀՀ արտակարգ իրավիճակների Հիդրոմետ ծառայության Հիդրոլոգիայի կենտրոնի համաձայն Սեւանա լճի մակարդակը սույն թվականի նոյեմբերի 28-ի տվյալով կազմել է 1900 մետր 14 սանտիմետր, ինչը 5 սանտիմետրով պակաս է 2013թ-ի նույն օրվա մակարդակից:
Սեւանա լճի բացասական հաշվեկշիռը պայմանավորված է լճից օրենքով սահմանված 170 միլիոն խմ ծավալով ջրբացթողման փոխարեն 270 միլիոն խմ ծավալով ջուր բացթողնելու հետ: Պաշտոնական պատճառաբանությունը Արարատյան դաշտի ոռոգման ջրի անբավարությունն էր:
Հայաստանում ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանի համաձայն` պետք է ժամ առաջ Սևանա լճի մակարդակը բարձրացնել: «10 տարվա ընթացքում մենք պետք է շատ բարձրացնենք լճի մակարդակը: Մենք ունենք ուսումնասիրություն, որ այսօր Սեւանի ընդհանուր ծավալի ջերմաստիճանը մոտ 3 աստիճան է: 3 աստիճան նշանակում է, որ լճի մակարդակը պետք է բարձրանա ոչ թե 6.5 մետրով, այլ մոտ 12 մետրով»,- ԷկոԼուրի հետ հարցազրույցներից մեկում ասաց Արամ Գաբրիելյանը` նշելով, որ 6.5 մետր թիվը հաստատվել է 60-ականներին արված հետազոտությունների արդյունքում, երբ կլիմայական պայմաններն այլ էին:
Դեկտեմբեր 01, 2014 at 12:47