Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾSOS

Թռչկանի ջրվեժի պաշտպանությանն ուղղված բողոքի ակիցայի մամուլի տեսությունը

NA to discuss Trchkan Waterfall issue
13:40 Նոյեմբեր 02, 2011

Հոկտեմբերի 1-ին ՀՀ բնապահպանության նախարարության շենքի մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա` ի պաշտպանություն Թռչկանի ջրվեժի: Ներկայացնում ենք ակցիայի վերաբերյալ մամուլում տպագրված հոդվածները:

Թռչկանի հարցը կքննարկվի ԱԺ-ում

Ա1+

Թռչկանի ջրվեժի վրա կառուցվող ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները դադարեցնելու մասին հայտարարության իմաստը այսօրվա բողոքի ակցիան կանխելն էր` կարծում են «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության անդամները:

Այսօր նրանք Բնապահպանության նախարարության մոտ կազմակերպել էին բողոքի ակցիա եւ պահանջում էին չեղյալ հայտարարել «Ռոբշին» ընկերությանը ՀԷԿ-ի կառուցման համար տրված լիցենզիան:

«Այս ընկերությանը լիցենզիան տրվել է օրենսդրական խախտումներով, մեր հիմնական նպատակն է՝ անվավեր ճանաչել բոլոր փաստաթղթերը և պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր բնության հուշարձանի վրա ՀԷԿ կառուցելու մասին դրական եզրակացություն են տվել»,-ասաց նախաձեռնության անդամ, իրավաբան Մերի Խաչատրյանը:

Ակտիվիստ Հասմիկ Վարդանյանը կարծում է, որ պայքարը դադարացնելու դեպքում նորից կվերսկսվի ՀԷԿ-ի կառուցումը:

«Շինարարական աշխատանքները փաստացի դադարեցված են, տեխնիկայի որոշ մասը մի քանի 100 մ հեռացրել են մեր ճամբարից, ասել են ՝ մնացածն էլ կհանեն, բայց իրավական երաշխիքներ են պետք»,-նշեց Հասմիկ Վարդանյանը։

Բնապահպանության նախարարությունից ոչ ոք այսօր չարձագանքեց «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության անդամների բողոքին։ Իսկ ահա ԱԺ-ում մյուս շաբաթ Թռչկանի ջրվեժի պահպանության թեմայով կանցկացվեն խորհրդարանական լսումներ: 

Թռչկանցիներին չի բավարարում «Ռոբշին»-ի խոստումը. բողոքի ակցիան կշարունակվի

Tert.am

«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությունն ու նրանց աջակցող բնապահպանները կարծում են, որ Թռչկանի ջրվեժի մոտ հիդրոէլեկտրակայան կառուցող «Ռոբշին» ընկերության` շինարարական աշխատանքների կասեցման և տեխնիկայի դուրսբերման մասին հայտարարությունն ընդամենը հասարակության ուշադրությունը շեղելու միջոց է: Ակտիվիստները նշում են, որ «Ռոբշին» ընկերության հայտարարությունները որևէ իրավական ուժ չունեն այն պարագայում, երբ Բնապահպանության նախարարի կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունը և բնապահպանական փորձաքննության դրական եզրակցությունը մնում են ուժի մեջ:

Անկախ ամեն ինչից, Թռչկանի պաշտպանները չէին հետաձգել այսօր Բնապահպանության նախարարության դիմաց նախօրոք ծրագրված ցույցը: Բնապահպաններն ու Թռչկանի ջրվեժի պահապան երիտասարդ ակտիվիստները մտահոգված են. չնայած ջրվեժի մոտ հէկի շինարարությունն առայժմ դադարեցված է , Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժին սպառնացող վտանգը դեռ չի անցել: Ըստ նրանց, «Ռոբշին» ընկերությունը ցանկացած պահի կարող է հրաժարվել իր, այսպես կոչված, բարի կամքի դրսևորումից և վերսկսել ջրվեժի ջրից էլեկտրաէներգիա ստանալու գաղափարի իրագործումը: Թռչկանի պաշտպանները նշում են, որ կպայքարեն այնքան ժամանակ, մինչև այդ «բարի կամքին» ու կամայականություններին փոխարինելու գա օրենքը:

Tert.am-ի զրուցակիցներ Ավետիսն ու Հասմիկը առաջիններից էին, որ միացան Թռչկանի ջրվեժի պահպանության նախաձեռնությանը և որոշեցին ` այս անգամ երիտասարդների ձայնը չպետք է անտեսվի: Թռչկանի ջրվեժը էներգիայի աղբյուրի չի վերածվելու, եթե անգամ հարկ լինի օրեր շարունակ նստել ու սեփական ներկայությամբ խոչընդոտել հէկի կառուցման աշխատանքներին: Շուրջ երկու տասնյակ ակտիվիստների հետ մեկ շաբաթ շարունակ նրանք Թռչկանի մոտ ձևավորված վրանային ավանում էին: Միայն երեկ են վերադարձել Երևան, որպեսզի ներկա լինեն Բնապահպանության նախարարության մոտ կայանալիք ցույցին:

«Թռչկանում հէկի կառուցման աշխատանքները դադարեցվել էին այն օրվանից, երբ նստացույցը սկսվել էր: Իսկ հայտարարությունից հետո ոչ մի տեխնիկա էլ դուրս չի բերվել: Աշխատանքներն ուղղակի ժամանակավորապես են դադարեցվել»,- նշեցին նրանք ` վստահեցնելով, որ այսուհետ երիտասարդները շատ հետևողական են լինելու և պատրաստ՝ պայքարելու ցանակացած նմանատիպ իրավիճակում:

Թռչկանի պաշտպաններին բոլորովին չհուսահատեցրեց իրենց ակցիային Բնապահպանության նախարարության արձագանքը՝ լռությունը: Նրանք վճռական են տրամադրված: Հարկ եղած դեպքում ջրվեժի մոտ նստացույցը կշարունակեն այնքան, մինչև խնդիրը վերջնական լուծում ստանա: Այսօր ջրվեժի մոտ հերթապահող 15 ցուցարարներին պատրաստվում են միանալ ևս 30-ը, իսկ մյուսները կշարունակեն խնդիրը բարձրաձայնել Երևանում:

Հաղթանակը` «թռչկանասեր հասարակությանը»

Yerkir.am

ՀՀ բնապահպանության նախարարության առջեւ ավարտվեց «թռչկանասեր հասարակության» բողոքի ակցիան, որը տեւեց մեկուկես ժամ:

«Թռչկանի ջրվեժի ոչ մի կաթիլն ավելորդ չէ», «Թռչկանը չի լռելու», «ՀԷԿտիր Թռչկանից» եւ այլ կարգախոսներով ակցիայի մասնակիցները բնապահպանության նախարարից պահանջում էին օրենքով դադարեցնել Թռչկանի ջրվեժի տարածքում ՀԷԿ-ի կառուցումը եւ հետ կանչել իր իսկ ստորագրած որոշումն ու տրամադրած փորձաքննական փաստաթղթերը, բացի այդ` ցանկանում էին հանդիպել նախարարության որեւէ ներկայացուցչի հետ` ակնկալելով ստանալ իրենց հարցերի պատասխանները:

Նշենք, որ երեկ Թռչկանի ջրվեժի մատակայքում ՀԷԿ կառուցող «Ռոբշին» ՍՊԸ-ն հայտարարել էր, որ կասեցնում է շինարարական աշխատանքները եւ տարածքից դուրս է բերում  տեխնիկան: Սակայն բնապահպանները շարունակում են իրենց պայքարը, քանի դեռ կա'մ կառավարությունը, կա'մ բնապահպանության նախարարությունը պաշտոնական հայտարարություն չեն տարածել այդ կապակցությամբ եւ հատուկ որոշմամբ չեն ամրագրել այն:

Բնապահպաները համոզված են, որ ընկերության հայտարարությունը հասարակության ուշադրությունը շեղելու համար է: 

Ի դեպ, բնապահպանության նախարարությունից  ոչ ոք այդպես էլ չբարեհաճեց զրուցել ակցիայի մասնակիցների հետ: Սակայն «Երկիր»-ը բնապահպանության նախարարությունում տեղեկացավ, որ նախարարն իր սենյակում խորհրդակցություն էր անցկացնում, թե ի՞նչ թեմայով` այդպես էլ հայտի չդարձավ: 

Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանից «Երկիր» տեղեկացավ, որ նախարարը մի քանի օրից պաշտոնապես կմեկնաբանի ամեն ինչ` կապված Թռչկանի ջրվեժի եւ «Ռոբշին» ՍՊԸ-ի հայտարարության հետ: 

Հիշեցնենք, որ այս պահին Թռչկանի ջրվեժի մոտ դեռեւս շարունակվում է շուրջօրյա նստացույցը` հանուն Թռչկանի փրկության:

Բնապահպաններին չի բավարարում Թռչկանի ՀԷԿ-ի շինարարության դադարեցումը

Կարլեն Ասլանյան, www.azatutyun.am

«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությանը չի գոհացնում ջրժվեի տարածքում ՀԷԿ կառուցող «Ռոբշին» ընկերության հայտարարությունը շինարարությունը դադարեցնելու եւ շինարարական տեխնիկան տարածքից դուրս բերելու մասին:

Այսօր բնապահպանության նախարարության առջեւ անցկացված ցույցի մասնակիցները բնապահպանության նախարարին փոխանցեցին հերթական դիմումը, որում նշում են, թե «Ռոբշին»-ի հայտարարությունը դեռեւս չի նշանակում, որ  խնդիրը ստացել է վերջնական դրական լուծում: Բնապահպանները պահանջում են, որ նախարարի առաջարկությամբ ուժը կորցրած ճանաչվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Ռոբշին» ընկերությանը տրված արտոնագիրը, բնապահպանության նախարարության տված դրական փորձաքննական եզրակացությունը:

«Ռոբշին»-ը իր տարածած հայտարարության մեջ հույս է հայտնում, որ որ «հետագա քննարկումների ընթացքում կգտնվեն բոլորի շահերն արտացոլող լուծումներ»: Հենց այս նախադասությունը խորը կասկածներ է առաջ բերել բնապահպանների շրջանում, որոնք մտավախություն ունեն, թե ՀԷԿ-ի շինարարությունը կարող է ամեն պահի վերսկսվել, քանի որ այդ հայտարարությունը իրավական ուժ չունի:

Նախաձեռնության ակտիվիստ Արմեն Վերմիշյանի գնահատմամբ` ցույցի նախօրեին հայտարարություն տարածելով` «Ռոբշին»-ը ցանկացել է շեղել հասարակության ուշադրությունը խնդրից:  

«Որովհետեւ երեկ մեր ակտիվիստներից շատերը զանգահարում-հարցնում էին` արդեն հաղթել եք փաստորեն, ինչո՞ւ եք ակցիաներ անում… Մեր պայքարը ոչ այնքան մասնավոր ընկերության դեմ է, այլ այն որոշումների, թույլտվությունների դեմ, որոնք կանաչ լույս են տվել տվյալ ընկերությանը` սկսել այդպիսի գործունեություն», - ասաց Վերմիշյանը:

Նախաձեռնությունը մտադիր չէ նաեւ դադարեցնել ջրվեժի տարածքում արդեն յոթերորդ օրը շարունակվող անժամկետ նստացույցը, որի մասնակիցները բացօթյա վրանային ճամբար են հիմնել եւ հերթափոխով հսկում են տարածքը:

Այսօրվա բողոքի ցույցին մասնակցում էին Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ներկայացուցիչները, Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, «Ժառանգություն» խորհդարանական խմբակցության պատգամավորները:

«Ժառանգության» հիմնադիր նախագահ եւ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Ես ինքս մի քանի տարի առաջ լինելով Թռչկանի մոտ` օրհնվել եմ իր ջրով եւ գիտեմ որպես մարդ, որպես քաղաքացի, այս երկրի որդի, թե ինչ նշանակություն ունի Թռչկանը: Անհրաժեշտ է, որ մեր իշխանությունը նաեւ հասկանա` իր բոլոր սխալներով, անիրավ պահվածքներով հանդերձ, որ սա սկզբունքային հարց է, մեր ապագա սերունդների համար պիտի պահենք-պահպանենք Թռչկանը»:

Բնապահպանության նախարարությունից ոչ ոք չարձագանքեց ցուցարարների կոչերին:

Բնապահպանության նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժնից «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեցին, որ նախարարությունում քննարկում են եւ արագ կարձագանքեն այսօր իրենց իրենց հանձնված նամակին:

Հայաստանի ամենաբարձր եւ ամենաջրառատ ջրվեժի պահպանությամբ մտահոգված ակտիվիստները նախնական համաձայնությամբ առաջիկա օրերին հանդիպում կունենան վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Բողոքի ակցիա` ի պաշտպանություն Թռչկանի ջրվեժի

Հայացք

 «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության անդամները ի պաշտպանություն Թռչկանի ջրվեժի երեկ բողոքի ակցիա անցկացրին բնապահպանության նախարարության շենքի դիմաց: «Թռչկանը ՀԷԿ չի դառնա», «Թռչկանը չի լռելու», «Թռչկանի ջրվեժի ոչ մի կաթիլն ավելորդ չէ» և այլ բովանդակությամբ պաստառները պարզած` բնապահպաններն ու ակտիվիստները պահանջում էին. «Ձեռքներդ հեռու պահեք Թռչկանից»:

Ակցիայի մասնակիցները նախարարության շենքի առջև ներկայացրին իրենց պահանջները, երգեցին, պարեցին, պահանջեցին, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ներքև իջնի, սակայն ո՛չ նախարարը, ոչ էլ նախարարությունից որևէ մեկը նրանց չմոտեցավ:

Թեև Թռչկանի ջրանցքի վրա ՀԷԿ-ի կառուցման աշխատանքներն օրերս դադարել են, կառուցապատող «Ռոբշին» ընկերությունն էլ այդ մասին պաշտոնապես հայտարարել է, սակայն նախաձեռնության անդամները չեն հանգստանում: Նրանք չեն բացառում, որ ՀԷԿ-ի շինաշխատանքները դադարեցնելու մասին հայտարարությունը կարող է կեղծ լինել և հասարակության ուշադրությունը շեղելու նպատակ է հետապնդում:

Խնդիրը վերջնականապես լուծված համարելու համար «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության անդամները պահանջում են, որ ՀՀ կառավարությունը ուժը կորցրած ճանաչի հողերի կատեգորիան փոխելու մասին N1022 որոշումը, ուժը կորցված ճանաչվեն «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից «Ռոբշին» ՍՊԸ-ին տրված NԲՓ 58 դրական փորձաքննական եզրակացությունը, բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից «Ռոբշին» ՍՊԸ-ին տրված ջրօգտագործման համապատասխան թույլտվությունները և ջրօգտագործման իրավունքի գրանցումն ու դրա հիման վրա տրված վկայականը: Պահանջվում է նաև անհապաղ դադարեցնել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Ռոբշին» ՍՊԸ-ին տրված` փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման N0348 լիցենզիայի գործողությունը, վերականգնել տվյալ տարածքում բնությանը հասցված վնասը:

Թռչկանի ջրվեժն ավելորդ ջուր չունի

Հասմիկ Հարությունյան, Ազգ

Բնապահպանության նախարարության դիմաց հավաքված շուրջ 100 երիտասարդներ` բնապահպաններ, ակտիվիստներ, նախարարից պահանջում են օրենքով սահմանված կարգով դադարեցնել Թռչկանի ջրվեժի ՀԷԿ-ի շինարարությունը: «Թռչկանի ջրվեժի ոչ մի կաթիլ ավելորդ չէ», «Թռչկանը չի լռելու», «Հեռու Թռչկանից» եւ այլ կարգախոսներով նրանք պահանջում են բնապահպանության նախարար Արամ Հարությունյանիցՙ գործել ոչ թե ընդդեմ, այլ հանուն բնության: «Մենք ուզում ենք Թռչկանի ջրվեժի շառաչյունը հասցնել բնապահպանության նախարարին», ասում էին ակցիայի մասնակիցները:

Բողոքի ակցիային մասնակցում էին նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Թեպետ Ջրվեժի մոտակայքում ՀԷԿ կառուցող «Ռոբշին» ընկերությունը հայտարարել է աշխատանքների կասեցման եւ տեխնիկայի դուրսբերման մասին, սակայն բնապահպաններն ու ակիվիստները համոզված են` խորամանկ քայլ է, հասարակության ուշադրությունը շեղելու միջոց: Նրանք պահանջում են, որ ՀԷԿ-ի կառուցնան աշխատանքների դադարեցումն ամրագրվի օրեքով:

Կարծում ենքՙ «Ռոբշին» ընկերության հայտարարությունը նպատակ ունի հանդարտեցնելու կրքերը, մոռացության տալու խնդիրը եւ ՀԷԿ-ի կառուցումը տեղափոխելու առավել հանգիստ ժամանակահատված: Որովհետեւ երկու շաբաթ առաջ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին, այնուհետեւ «Ազգ» օրաթերթին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ասել է, որ իրենք սահմանափակումներ են մտցնում, որպեսզի հնարավորություն տան կառուցապատողին շարունակելու աշխատանքները: «Հակառակ պարագայում իրենք վարկային ռեսուրսներ ունեն ներգրավված, եւ հնարավոր է, որ դատական գործընթացների առաջ կանգնենք», ասել է նախարարը: Նախարարությունը մի քանի սահմանափակում է մտցրել, այն էՙ 400-500 լիտր/վայրկյան արագության ցուցանիշը գերազանցելու պարագայում միայն ավելացված ջուրը վերցնել: Նաեւ կարգելվի ամռան ամիսներին ՀԷԿ-ի գործածումը, սակայն բնապահպանները չեն համաձայնում` «Թռչկանն ավելորդ ջուր չունի», ասում են նրանք:

Բնապահպանները նախարար Հարությունյանից պահանջում են, որ «Ռոբշին» ընկերությանը ՀԷԿ-ի կառուցման իրավունք տվող բոլոր փաստաթղթերը ճանաչվեն ուժը կորցրած, վերականգնվի տարածքում բնությանը հասցված վնասը, քայլեր ձեռնարկվեն Թռչկանի ջրվեժի` որպես բնության ջրագրական հուշարձանի, անձնագիրը կազմելու եւ հաստատելու ուղղությամբ:

Թեպետ կառավարության թիվ 3-րդ մասնաշենքի բոլոր պատուհանները զբաղված էին, նախարարությունների աշխատակիցները պատուհաններից էին հետեւում բողոքի ակցիային, սակայն բնապահպանության նախարարությունից որեւէ մեկը չարձագանքեց կոչին եւ չմոտեցավ ակցիայի մասնակիցներին: Դա ակտիվիստներին չվրդովեցրեց: Թռչկանի ջրվեժի վերաբերյալ խորհրդարանական լսումներ պետք է լինեն: «Նախարարությունը ստիպված կլինի մեզ լսել»:

Հիշեցնենք, որ Թռչկանի ջրվեժի մոտակայքում արդեն մի քանի օր բնապահպաններն ու ակտիվիստները անժամկետ նստացույց են սկսել եւ խոստանում են հեռանալ ջրվեժի տարածքից միայն այն ժամանակ, երբ օրենքով կդադարեցվի շինարարությունը: «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությունը ստորագրահավաք է սկսել: Մի քանի օրվա ընթացքում կոչին միացել է 5000 մարդ: Նրանք շարունակելու են ստորագրահավաքը եւ արդյունքները ներկայացնելու են կառավարությանը:

Թռչկանի ջրվեժը վտանգված է. բնապահպանական ճամբար, ստորագրահավաք և ցույց

Կարինե Իոնեսյան, www.hra.am

«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության անդամների մի մասը ճամբար են կազմակերպել ջրվեժի մոտ և հսկում են, որ շինարարություն չիականացվի այնտեղ, իսկ նախաձեռնության մյուս անդամները ստորագրահավաք են անցկացնում և պատրաստվում ցույցի նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ բնապահպանության նախարարության առջև:

Հիշեցնենք, «Ռոբշին» ՍՊԸ-ին 2009-2010 թթ. տրվել է բնապահպանական փորձաքննական դրական եզրակացություն ջրվեժի վրա, անմիջական բացասական ազդեցության գոտում, 1 Մգվտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան կառուցելու թույլտվություն:

ՀՀ կառավարության որոշմամբ դեռևս 2008թ-ին Շիրակի և Լոռու մարզերի սահմանին գտնվող Հայաստանի ջրառատ Թռչկան ջրվեժը ներառվել է ՀՀ բնության հուշարձաների ցանկում՝ որպես գեղագիտական առանձնահատուկ արժեք ունեցող ջրագրական հուշարձան: Իսկ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետով՝ արգելվում  է  Հայաստանում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում հուշարձանի պահպանությանը սպառնացող որևէ  գործունեության իրականցումը:

 «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջները ևս խախտվել են ՀՀ բնապահպանության նախարարության որոշման պատճառով:

Ընդահնուր առմամբ խախտել են առնվազն միջազգային 6 կոնվենցիաներ և ներպետական 5 օրենքներ:

ՀՀ բնապահպանության նախարարը սկզբում ընդունեց ջրվեժի համար պայքարող երիտասարդներին՝ կազմակերպությանը տալով 10 օր ժամանակ, որ ջրվեժի աշխատանքը չխանգարելու համար ՀԷԿ-ը կառուցեն նրա ներքևում, բայց հետագայում նորից հաստատեցին ՀԷԿ-ի գործելու որոշումը:

ՀՀ կառավարության նիստի ժամանակ  բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը վարչապետին հավաստիացրել է, որ  ՀԷԿ-ի  ներկայումս ընթացող շինարարական աշխատանքները չեն խանգարում ջրվեժին, իսկ գարնան ամիսներից բացի մյուս ամիսներին ՀԷԿ-ը կշահագործվի, եթե ջրվեժում ջրի հոսքը գերազանցի 400-500 լիտր/վայրկյանը:

Սակայն բնապահպանները թերահավատորեն են վերաբերվում այս խոստումներին՝ մտածելով, որ եթե չպայքարեն Թռչկանը կդառնա  Սյունիքի մարզում գտնվող Շաքիի ջրվեժի նման, քանի որ այնտեղ էլ ՀԷԿ-ի կառուցումից հետո ջրվեժը դարձավ գումարով՝ «բացովի-փակովի»:

Ֆեյսբուքյան գրեթե 5000 անդամ ունեցող «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» խումբն արդեն ստորագրահավաք է սկսել ընդդեմ Թռչկանի ջրվեժի մոտ փոքր ՀԷԿ-ի կառուցման: Նրանց մի մասը 5 օր է վրաններում գիշերում են ջրվեժի մոտ, որ շինարարական աշխատանքները չշարունակվեն: Տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ պարբերաբար այցելում են նրանց: Վերջինները Գյումրիի  հասարակական կազմակերպություններն էին, ովքեր արդեն երկրորդ անգամ են այցելում Թռչկանի ջրվեժ բնապահպանական ճամբարի մասնակիցներին տանելով վառելափայտ, տաք հագուստ և սնունդ:

Նշենք, որ Շիրակի մարզի 24 հասարակական կազմակերպություններ նաև բաց նամակով դիմել են վարչապետին և բնապահպանության նախարարին:

Այս խնդրի շուրջ ակտիվացել են նաև ԱԺ խմբակցությունները: Հոկտեմբերի 27-ին հայտարարություն է տարածել  ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը՝ դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանին Թռչկանի ջրվեժի հարցով խորհրդարանական լսումներ հրավիրելու առաջարկով:

ԱԺ-ում հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը՝ ասելով որ բնապահպանական փորձաքննության եզրակացությունը մեղմ ասած լիարժեք չէ և նոր փորձաքննության կարիք կա, հետևաբար դրա հիման վրա տրված թույլտվությունները չեն կարող օրինական ճանաչվել:

«Վերջին շրջանում նախարարի հարցազրույցներից այն տպավորությունն եմ ստացել, որ ՀԷԿ-ի կառուցումն արգելելու դեպքում, ըստ նախարարի, կառուցապատողը կարող է կառավարությանը դատի տալ և պահանջել վնասների փոխհատուցում: Հետևաբար, կառավարությունն ու կառուցապատողը համատեղ եկել են սեզոնային ջրվեժի ու սեզոնով աշխատող ՀԷԿ-ի գաղափարին, ինչը նույնպես անընդունելի է հանրության համար»,- ասել է նա:

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը ևս հանդես է եկել հայտարությամբ, որտեղ ասել է, որ այս անգամ ևս բախվում ենք մի իրականության հետ, երբ  կառավարությունն ու իշխանությունները հայտարարում են մի բան, իրականացնում բոլորովին այլ, որովհետև նրանց կենսափիլիսոփայությունը սեփական գրպանից ու շահից այն կողմ չի անցնում:

Նշենք, որ այս խնդիրները կարող են առաջանալ նաև մյուս հուշարձանների դեպքում, քանի որ ՀՀ Կառավարության կողմից հաստատված 230 անուն բնության հուշարձանները մինչև այսօր համապատասխան անձնագրեր չունեն: Բացի այդ, արժեքավոր հուշարձանների թիվը 1500-ից ավելին են, որոնք ամրագրված էլ չեն կառավարության որոշումներով:

Հ.Գ. Այսօր՝ կեսօրից հետո, «Ռոբշին» ընկերությունը տարածեց հաղորդագրություն, որ ընդունելով ՀՀ բնապահպանության նախարարության առաջարկությունը, և քաղաքական տարաբնույթ շահարկումները կանխելու նպատակով, դադարեցնում է Թռչկանի ջրվեժի տարածքում, Չիչխան գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայանի շինարարությունը և տեխնիկան դուրս է բերում շինարարական տարածքից: «Մենք միաժամանակ հույս ենք հայտնում, որ հետագա քննարկումների ընթացքում կգտնվեն բոլորի շահերն արտացոլող լուծումներ»,– փոխանցում է «Ռոբշին» ՍՊԸ-ի տնօրինությունը։

Չեղյալ համարեք Թռչկանի ջրվեժի մոտ ՀԷԿ կառուցելու թույլտվությունը

Հետք

«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.

«Մենք՝ «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներս, հայտարարում ենք, որ «Ռոբշին» ՍՊԸ-ի կողմից երեկ տարածված հայտարարությունը դեռեւս չի նշանակում, որ խնդիրը ստացել է վերջնական (դրական) լուծում:

Խնդիրը վերջնական լուծված համարելու համար ՀՀ բնապահպանության նախարարից պահանջում ենք, որպեսզի իր առաջարկությամբ.

1. ՀՀ կառավարությունը ուժը կորցրած ճանաչի հողերի կատեգորիան փոխելու մասին ՀՀ կառավարության կողմից 15/07/2004թ. ընդունված N 1022 որոշումը, որով ՀՀ Լոռու մարզի Մեծ Պարնու գյուղական համայնքի պետական սեփականություն համարվող գյուղատնտեսական նշանակության մեկ հեկտար այլ հողեր փոխադրվել է էներգետիկայի, տրանսպորտի, կապի եւ կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի եւ օժանդակ կառույցների շինարարության համար:

2. Վերականգնվի վերոնշյալ որոշմամբ փոփոխված հողերի կատեգորիայի նախկին կարգավիճակը, և/կամ համապատասխան մասնագիտական և շահագրիռ կողմերի հետ քննարկելուց հետո նշյալ հողատարածքը ամբողջությամբ կամ մասնակի ներառվի բնության ջրագրական հուշարձան համարվող «Թռչկան» ջրվեժին պատկանող պահպանվող գոտում, կատարվի բնության հուշարձանի անձնագրավորում և սահմանվի պահպանության ռեժիմը:

3. Ուժը կորցրած ճանաչվի «ՀՀ Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից «Ռոբշին» ՍՊԸ-ին 21.06.2010թ. տրված N ԲՓ 58 դրական փորձաքննական եզրակացությունը:

4. Ուժը կորցրած ճանաչվեն ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից «Ռոբշին» ՍՊԸ-ին տրված ջրօգտագործման համապատասխան թույլտվությունները եւ ջրօգտագործման իրավունքի գրանցումն ու դրա հիման վրա տրված վկայականը:

5. Անհապաղ դադարեցվի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Ռոբշին» ՍՊԸ-ին տրված փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման 07/04/2010թ. N 0348 լիցենզիայի գործողությունը:

6. Վերականգնվի տվյալ տարածքում բնությանը հասցված վնասը:

7. Սեղմ ժամկետում քայլեր ձեռնարկվեն «Թռչկան» ջրվեժի' որպես բնության ջրագրական հուշարձանի անձնագիրը կազմելու և հաստատելու ուղղությամբ, այդ գործընթացում ներգրավելով նաեւ շագարգիռ կողմերին, բնապահպանական հասարակական կազմակերպությունների և մասնագիտական կառույցների ներկայացուցիչներին:

Մենք հաստատակամ ենք շարունակելու մեր պայքարը, մինչեւ վերոնշյալ բոլոր պահանջների վերջնական իրականացումը»: