«ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորներին չեն ուղարկում ՀԱԷԿ-ի ազդակիր համայնքներ. դրանք համարվում են վտանգավոր գոտիներ». Նաիրա Առաքելյան

«ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորներին չեն ուղարկում ՀԱԷԿ-ի ազդակիր համայնքներ. դրանք համարվում են վտանգավոր գոտիներ». Նաիրա Առաքելյան

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունն առաջարկում է լուծում տալ Հայկական ատոմային էլեկտրակայանում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի խնդրին և առաջարկում է «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարություն»: Լայն հանրությունը և ՀԱԷԿ-ի ազդակիր գոտու բնակչությունն անհանգստացած են այս խնդրով և պահանջում են հանրային լայն քննարկումներ:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն. «…Մինչև 1995 թ-ի ՀԱԷԿ-ի վերագործարկումը կայանի տարածքում կուտակվեց 600 միավոր աշխատած միջուկային վառելիք: 2000 թ-ին ֆրանսիական «Ֆրամատոմ» կազմակերպությունը ՀԱԷԿ-ի տարածքում կառուցեց գերեզմանոց չոր եղանակով թափոնների երկարաժամկետ պահման համար, որտեղ մինչև 2005 թ-ը տեղափոխվեց 616 միավոր աշխատած միջուկային վառելիք: Ամեն տարի ՀԱԷԿ-ն առաջացնում է 80 միավոր աշխատած միջուկային վառելիք:

2008թ-ին շահագործման հանձնվեց 672 միավոր աշխատած միջուկային վառելիքի համար պահպանման 2-րդ հերթի 1-ն մասը, որը լցվեց 2015 թ-ին: Նույն 2015 թ-ին շահագործման հանձնվեց 2-րդ հերթի 2-րդ մասը 672 միավոր աշխատած միջուկային վառելիքի համար: Նախատեսվում է մինչև 2034 թ-ը 168 միավոր աշխատած միջուկային վառելիքով լցնել 3-րդ հերթը, և ապա կառուցել 4-րդը՝ 593 միավոր աշխատած միջուկային վառելիքի համար, որի համար կօգտագործվեն բազմամյա օգտագործման կոնտեյներներ:

Ռազմավարության գլխավոր կետերից է ՀԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների նոր գերեզմանոցի կառուցման համար հարթակի ընտրությունը` նրա հետագա ընդլայնման հնարավորությամբ: Եվ առաջարկվում է ուսումնասիրել բարձր ակտիվության ռադիոակտիվ թափոնների խորը երկրաբանական ֆորմացիաներում թաղման հնարավորությունները` անցկացնելով հիդրոլոգիական և երկրաբանական հետազոտություններ»:

«Արմավիրի մամուլի ակումբ» ՀԿ-ի նախագահ Անժելա Ստեփանյանի կարծիքով՝ այս ռազմավարությունը շատ քաղաքացիների համար պարզ չէ: «Ատոմակայանը իր վառելիքով, թափոններով, ռադիոակտիվ ֆոնով հասարակության համար նման է մութ անտառի, ում ուզում եք հարցրեք: Նույնիսկ ատոմակայանին կից ապրող բնակչությունը տեղյակ չէ, թե ինչ ռիսկերի հետ գործ ունի և ինչպես պաշտպանվել դրանցից։ Նախկինում Մեծամորի գրեթե ողջ բնակչությունը և հասարակությունն ատոմակայանում աշխատողների միջոցով որոշ չափով տեղեկատվություն էին ստանում: Իսկ հիմա պատկերը լրիվ այլ է. աշխատողների մեծ մասը Երևանից է։ Պետք է լինի մասնագիտական փորձագիտական խումբ, որպեսզի որոշ հարցերի պատասխանի։ Մենք, ի դժբախտություն մեզ, ապրում ենք ակտիվ սեյսմիկ գոտում, հենց ատոմակայանի հարևանությամբ, ու եթե դրան գումարենք այս անկայուն ջրային ռեսուրսները, ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի հանգամանքը, պատկերը լրիվ կամբողջանա»,- Արմավիրի զարգացման կենտրոնում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ ասաց Անժելա Ստեփանյանը։

Նա հատուկ ուշադրություն դարձրեց ՀԱԷԿ-ի անվտանգության հետ կապված ջրի խնդիրների վրա (Էկոլուր. ՀԱԷԿ-ը օգտագործում է ջուր Սև ջուր գետից և 3 հորատանցքից. Սև ջուր գետի թողքի նվազումը պայմանավորված է Արարատյան դաշտավայրում ձկնաբուծարանների կողմից ստորգետնյա ջրերի անխնա օգտագործմամբ). « Իսկ հիմա մենք ունե՞նք Սև ջուր գետը: Չունենք։ Ու որտեղ էլ որ կառուցեն գերեզմանոցները, առաջանում է հարց՝ ինչպես է պաշտպանվելու հասարակությունը: Առաջանում է նաև շրջակա միջավայրի անվտանգության հարցը: Ռազմավարության մեջ ձևակերպումները հստակ չեն. ինչպե՞ս են լսելու բնակչությանը, ի՞նչ մեթոդներ են կիրառվելու անվտանգությունն ապահովելու համար, ատոմակայանի հարակից գյուղերում քանի՞ անձի համար են պատրաստվելու տարածքներ, կամ կա՞ն դրանք, թե` ոչ։ Կարող եմ միայն Արմավիր քաղաքի համար ասել, որ ոչինչ չկա, զրո է»,- ասաց Անժելա Ստեփանյանը:

Արմավիրի զարգացման կենտրոնի տնօրեն Նաիրա Առաքելյանը նշեց, որ իրենց կենտրոն այցելած ֆրանսիացի և ճապոնացի փորձագետները վստահեցրել են՝ շրջակա միջավայրի ռադիոակտիվ ֆոնը նորմայի մեջ է: «Միևնույն է, այս թեմայով պետք է մեծածավալ հանրային լսումներ անցկացնել մարզում: Ինչքան էլ ռադիոակտիվ ֆոնը նորմայի մեջ լինի, փաստ է, որ ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորներին մեր տարածաշրջան չեն ուղարկում, որովհետև այն համարվում է վտանգավոր գոտի»,- ասաց Նաիրա Առաքելյանը։

Նա նաև անրադարձավ ՀԱԷԿ-ի սոցիալական և կորպորատիվ պատասխանատվության հարցերին. արդյո՞ք կան սոցիալական և բնապահպանական ծրագրեր ազդակիր համայնքներում, ունե՞ն այդ համայնքները ինչ-որ առավելություններ էլէկտրաէներգիայի գնի հետ կապված։ «Կարևոր է, որ բնակչությունը իրազեկվի, անցկացվեն հանրային լսումներ և փորձագիտական հանդիպումներ: Բնակիչները ոռոգման ջրի խնդիր ունեն: Դա ազդում է ատոմակայանի հովացման համակարգի վրա»,- նշեց նա։

Նաիրա Առաքելյանը կարևորեց ՀԱԷԿ-ից մինչև 10 կիլոմետր շառավղով հեռու գտնվող համայնքները պաշտոնապես ազդակիր համայնքներ ճանաչելու հարցը։

Օգոստոս 29, 2017 at 14:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր