Բնապահպանության նախարարությունը պաշտպանում է բիզնեսի շահը` ի հեճուկս Մարցի բնակիչների կամքի

Բնապահպանության նախարարությունը պաշտպանում է բիզնեսի շահը` ի հեճուկս Մարցի բնակիչների կամքի

ԷկոԼուր

Բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը, բիզնեսը եւ Մարցի գյուղապետ  Ռոբերտ Գալստյանը միավորվել են հանուն «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման: Օրերս Բնապահպանության նախարարությունից 8 հոգանոց աշխատանքային խումբը ժամանել է Մարց գյուղ եւ բնակիչներին փորձել համոզել, որ  «Մարցէներջի» ՍՊԸ-ի կողմից «Մարցիգետ-1» փոքր ՀԷԿ-ի կառուցումը վնաս չի տա, եւ բոլոր թույլտվությունները կան: Մարցի գյուղապետ  Ռոբերտ Գալստյանը էկոԼուրի հետ զրույցում ասաց, որ աշխատանքային խմբի հետ հանդիպման ժամանակ հնչել են տարբեր կարծիքներ: «Առաջարկ եղավ, որ թեկուզ մի տոկոս փայատեր լինենք, բնակչությունն ասին հա»,- ասաց գյուղապետ Ռոբերտ Գալստյանը: Սակայն ի տարբերություն գյուղապետի, Մարցի բնակիչները միանգամայն այլ բան են ասում:

«Ոչ մի առաջարկ չենք ընդունում…Ստեղ երկու կարծիք չի լինում, ընդհանրապես դեմ ենք ու վերջ….Ընդամենը եկել էին մեզ համոզելու, որ կառուցեն եւ պայմանները թելադրեն իրենց  …Սաղս էլ դեմ ենք, տալող էլ չի: Տրուբեքը ոնց որ ջուրն ածինք, էդ իրանց էլ հետը ջուրը կածենք…5 կմ-ը վերեւն է ցամաքացրած, 7 կմ` ներքեւը, մնում է այս արանքի 4 կմ-ը գետի վրա: Այդ 4 կմ-ն էլ թողեք մեր հողերի վրա…»,- էկոԼուրին ասացին Մարցի բնակիչները:

Գյուղապետ Ռոբերտ Գալստյանը ստորագրել է «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի հասարակական լսումների արձանագրության տակ, որը չի արտացոլում Մարցի բնակիչների արտահայտած կարծիքը: Իսկ բնակիչները Բնապահպաննության նախարարությանն ուղղված իրենց բողոք նամակի տակ հավաքել են 280 ստորագրություն: «Բոլոր տարիքի մարդիկ են անհանգստացած: Ինչի՞ առաջ մարդկանց չեն հարցնում, նոր իրենց նախագծերը կառուցում: Հետո գալիս են ու ասում` դե գիտեք, մենք էսքան կառուցել ենք»,- ասաց Մարց համայնքի ավագանու անդամ Գայանե Քոչինյանը: Նրա խոսքերով` վնասը հսկայական է լինելու արոտավայրերի, մարգագետինների եւ հանգստի գոտիների համար: «Գետը մեր գլխավոր սանիտարն է: Այն տանումէ եւ գյուղը մաքրում է թափոններից: Իսկ եթե փոքր ՀԷԿ կառուցեն, ապա սանիտարական վիճակը կվատանա, դա բոլորը գիտեն»,- աաց Գայանե Մկրտչյանը:  

Իսկ թե ինչ պատասխանեց գյուղապետ Ռոբերտ Գալստյանը ԷկոԼուրին հարցին` արդյոք կպաշտպանեք 280 գյուղացիների շահը, դիտեք ԷկոԼուրի տեսանյութում:



Մայիս 31, 2013 at 11:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր