ԷկոԼուր
Մեղրի գետի վրա պետք է կառուցվի 9 փոքր ՀԷԿ: Յուրաքանչյուր ՀԷԿ-ը գետի ջուրը վերցնելու է միջինը 4 կմ երկարությամբ տարածքում: Ըստ այդ ՀԷԿ-երի միջեւ ընկած տարածքի`Մեղրիի գետային ավազանը 38 կմ տարածքում կենթարկվի փոքր ՀԷԿ-երի ազդեցությանը: Այդպիսով «Արեւիկ» ազգային պարկի լանդշաֆտը, որի տարածքը մասնակիորեն մտնում է Մեղրի գետի ավազան, կխախտվի: Բայց դա դեռ վերջը չէ: «Մեղրիի տարածքում նախատեսված է կառուցել 9 փոքր ՀԷԿ-եր, որոնք իմ խորին համոզմամբ Մեղրիի համար կունենան ողբերգական նշանակություն: …Նախ առաջինը, որ 38 կմ տարածքում ամեն մի ՀԷԿ-ից մյուս ՀԷԿ-ն ընկած տարածքում 3-4 կմ հեռավորությամբ ջուրն առնվելու է խողովակաշարի մեջ: Այդ ջրերը քանի գնում, նվազում են, եւ այն հաշվարկները, որոնք ներկայացված են, թե իբրեւ բավարարում են նման քանակի ՀԷԿ-եր աշխատացնելու համար, բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում: Եւ ես համոզված եմ, որ նման հաշվարկներով առաջնորդվելու դեպքում մեր տարածքներն ամբողջությամբ չորանալու են…. Որտեղ բարձրավոլտ հոսանքներ են գնում, այնտեղ մեղուն աշխատել չի կարող, եւ մեղվաբուծությունը զարգանալ չի կարող: Իսկ Մեղրին հայտնի է իր դեղին մեղուով, որը փոշոտում է մեր բուսականությունը եւ բերքի առատության երաշխիք է հանդիսանում: Չկա փոշոտում, չկա բերք, չկա բուսականություն…»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Մեղրիի ակտիվիստներից մեկը:
Մեր կողմից նշենք, որ 2012թ. մարտին ՀՀ կառավարության նիստի ընթացքում, Մեղրի գետի վտակի վրա փոքր ՀԷԿ կառուցելու համար հողերի կատեգորիան փոփոխելու մասին որոշման նախագիծը դիտարկելիս, ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջարկել էր առաջնորդվել կառավարության 15.10.2009թ. N 1209-Ն որոշմամբ, որով ստեղծվեց «Արեւիկ» ազգային պարկը: Հենց այս որոշմամբ ազգային պարկը, որպես հատուկ պահպանվող տարածք, պետք է պահպանման ռեժիմով պաշտպանվի այնպիսի գործունեությունից, որը կարող է վնաս պատճառել էկոհամակարգին: Սակայն կառավարությունը հաշվի չառավ նախարարության դիտողությունը եւ փոխեց հողերի կատեգորիան:
Նոյեմբեր 22, 2012 at 16:57