ԷկոԼուր
Արդեն մի քանի օր Ալավերդի քաղաքը պատել է թանձր սմոգը: Չի գործում «Վալլեքս» խմբի ընկերությունների կազմում գտնվող «ACP» ընկերության Ալավերդու պղնձաձուլարանի` Կոշաբերդ սարի գլխին կառուցված ծխնելույզը: www.aarhus.am կայքի միջոցով Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանը հայտնում է, որ հին խողովակը համարվում է պահեստային, որի օգտագործման անհրաժեշտությունը լինում է արտադրական վթարների կամ այլ համապատասխան իրավիճակների դեպքում: Սակայն, հին ծխատարից դուրս եկող ծխի ամպերի կուտակման հետեւանքով օրեր շարունակ քաղաքում նկատելիորեն փոփոխված է մթնոլորտային օդի վիճակը: Բնակչության շրջանում մտահոգության եւ խուճապի ալիք է բարձրացրել:
ԷկոԼուրի հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը հայտնեց, որ նախարարության տեսչության աշխատակիցները տեղյակ են խնդրի մասին եւ այժմ ուսումնասիրություն են իրականացնում, արդյունքերի մասին կհայտնեն ավելի ուշ:
Ձուլարանի ծխնելույզից օդ բաց թողնվող արտազատումները պարունակում են ծծմբի երկօքսիդ, որը բացասական ազդեցություն ունի մարդու առողջության վրա. մասնավորապես կարող է հանգեցնել վաղահաս ծննդաբերության, վիժումների և մեռելածնության:
Լուսանկարը վերցված է www.aarhus.am կայքից:
Հունիս 03, 2015 at 17:17