«S.O.S. Սևան» նախաձեռնության անդամները դատապարտում են Սևանա լճից ընդհանուր 270 միլիոն խմ ջրառի օրինագծի ընդունումը

«S.O.S. Սևան» նախաձեռնության անդամները դատապարտում են Սևանա լճից ընդհանուր 270 միլիոն խմ ջրառի օրինագծի ընդունումը

ԷկոԼուր

«S.O.S. Սևան» նախաձեռնության անդամները դատապարտում են Սևանա լճից ընդհանուր 270 միլիոն խմ ջրառի օրինագծի ընդունումը: Հուլիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից 100 միլիոն խմ հավելյալ ջրառի օրինագիծը՝ ավելացնելով արդեն եղած 170 միլիոն խմ-ին: Կողմ քվեարկեցին «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Ծառուկյան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 74 պատգամավոր, դեմ` «Ելք» խմբակցության 4 պատգամավորները` Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Լենա Նազարյանը և Արտակ Զեյնալյանը:

«S.O.S. Սևան» նախաձեռնության անդամ, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը հայտարարեց. «Նման հարաբերակցությամբ քվեարկության արդյունքները՝ 74 կողմ և ընդամենը 4 դեմ, ցույց են տալիս, որ մենք չունենք ընտրողների և ժողովրդի շահերը պաշտպանող խորհրդարան: Սա ցավալի է, հատկապես հաշվի առնելով, որ 2018 թ-ին մենք անցում ենք կատարելու կառավարման խորհրդարանական համակարգի: Բոլորն էլ հասկանում են՝ ինչ է իրականում մեզ համար Սևանը, համաշխարհային հանրության համար: Չմոռանանք, որ Սևանը համաշխարհային արժեք է, և արդեն երկար տարիներ գիտնականների մի ամբողջ խումբ զբաղվում է Սևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու հարցերով: Եվ հանկարծ ընդունում են Սևանի համար կործանարար որոշում: Սևանն ունի ռազմավարական նշանակություն, և եթե խորհրդարանը նման հեշտությամբ տրամադրում է այդ ռազմավարական առաջնահերթությունն անձնական շահերի բավարարման համար, ապա ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մնացած ռազմավարական առաջնահերթություններն էլ չեն տրամադրվի  նման հեշտությամբ: Սա ազգային անվտանգության լուրջ խնդիր է: Յուրաքանչյուրը, ով սեղմում է քվեարկության կոճակը, պետք է գիտակցի, որ պատասխան է տալու իր ձայնի համար: Սա կոլեկտիվ որոշում չէ, այլ յուրաքանչյուր պատգամավորի անձնական պատասխանատվությունը ժողովրդի առջև», - ասաց Նազելի Վարդանյանը:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյան. «Այս որոշումը կայացվել է ոչ ի օգուտ գյուղացիների, ինչպես պնդում են օրինագծի կողմնակիցները: Ֆերմերները չեն ստանում բավարար քանակությամբ ջուր վատ կառավարման, ոռոգման համակարգերում ջրի կորուստների, բյուջեից և վարկային միջոցներից ոչ նպատակային ծախսերի, Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային աղբյուրների ոչնչացման պատճառով: Բոլոր փաստարկներն այն մասին, որ անհրաժեշտ է շտապ շտկել այս իրավիճակը և չզոհաբերել Սևանը, մնացին ուշադրությունից դուրս»:

Հուլիս 06, 2017 at 19:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր