Դեպի Բոնն` Հայաստանը Կլիմայի փոփոխության կոնվենցիայի Կողմերի 23–րդ նստաշրջանի նախաշեմին

Դեպի Բոնն` Հայաստանը Կլիմայի փոփոխության կոնվենցիայի Կողմերի 23–րդ նստաշրջանի նախաշեմին

ԷկոԼուր

Նոյեմբերի 6-17-ը Գերմանիայի Բոնն քաղաքում անցկացվելու է Կլիմայի փոփոխության կոնվենցիայի Կողմ երկրների 23–րդ նստաշրջանը (COP 23), որին մասնակցելու է նաև Հայաստանը: Հայաստանը COP 23-ին կներկայացնի Փարիզյան համաձայնագրի ներքո պատրաստած առաջին երկամյա առաջընթացի զեկույցը: «Դեպի Բոնն (Ֆիջի)`Հայաստանը Կլիմայի փոփոխության կոնվենցիայի Կողմերի 23–րդ նստաշրջանի նախաշեմին» խորհրդաժողովը հոկտեմբերի 19-ին անցկացվեց Երևանում: Խորհրդաժողովը կազմակերպել էր «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ն:

Հայաստանը Փարիզյան համաձայնագիրը վավերացրել է 2017 թ-ի փետրվարի 8-ին: 2017 թ-ի հոկտեմբերի 16-ի դրությամբ համաձայնագիրը վավերացրել է 168 պետություն: Համաձայնագիրը վավերացրած պետություններից ԱՄՆ-ը որոշել է դուրս գալ Փարիզյան համաձայնագրից: Իր դիրքորոշման մեջ դեռ չի կողմնորոշվել նաև Ռուսաստանը և մինչ այժմ չի վավերացրել համաձայնագիրը:

ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը ներկայացրեց Հայաստանի առաջին երկամյա առաջընթացի զեկույցը:

Ըստ զեկույցի` ջերմոցային գազերի արտանետումների մեծ մասը` 70.3 տոկոսը, բաժին է ընկնում էներգետիկայի ոլորտին, 16.5 տոկոսը` գյուղատնտեսությանը, անտառային տնտեսությանը և այլ հողօգտագործմանը, 6.7 տոկոսը` արդյունաբերական պրոցեսներին և արտադրանքի օգտագործմանը, 6.4 տոկոսը` թափոններին:

Գնահատվել է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ներուժը 2030 թ-ի համար: Եթե իրականացվեն նախատեսված միջոցառումները, կրճատումները կկազմեն 6,326 Գգ CO2 համարժեք, որից 62.6 տոկոսը` Հայկական ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման, 16.8 տոկոսը` վերականգնվող աղբյուրների ներդրման շնորհիվ:

Նշենք, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցումը դեռ հարցականի տակ է, ինչի մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Ինչ վերաբերում է այլընտրանքային էներգետիկային, Հայաստանը ներկայում վերանայում է իր մոտեցումներն այլընտրանքային էներգետիկայի աղբյուրների նկատմամբ և ուժեղացնում արևային էներգետիկայի սեկտորը:

Հոկտեմբեր 20, 2017 at 14:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր