«Արարատյան դաշտի աղետի պատճառը ջրային ռեսուրսների վատ կառավարումն է». Արարատի մարզի բնակիչներ

«Արարատյան դաշտի աղետի պատճառը ջրային ռեսուրսների վատ կառավարումն է». Արարատի մարզի բնակիչներ

ԷկոԼուր

Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների սպառման հետեւանքով Արարատյան   դաշտում ստեղծված աղետալի վիճակը վատ կառավարման արդյունք է։ Այս կարծիքին են Արարատի մարզի Հովտաշատ համայնքի բնակիչները։ Հովտաշատում կան  70- ից   ավելի   արտեզյան   հորեր,  որոնցից ջուր կարելի է հանել միայն պոմպերի միջոցով:

Հիշեցնենք, որ Արարատյան դաշտում ջրերի  հանքայնացումը բարձրացել է: Հիդրերկրաբան Ռուբեն Յադոյանը դա պայմանավորում է պոմպերի օգտագործման հետ։ ԷկոԼուրին տված հարցազրույցներից մեկում նա զգուշացրեց, որ չի կարելի հզոր պոմպերով հորատանցքերից ջուր հանել։ «Ջրի երեք հորիզոն կա, վերեւի հորիզոնը քաղցրահամ է, բայց խմելու չէ: Ներքեւի երկու հորիզոնն են խմելու, նրանք կխառնվեն, շարքից դուրս կգան, հետո հնարավոր չի լինի վերականգնել: Բացի այդ, մեր Արարատյան դաշտավայրի իջվածքի տակ անպայման հանքային ջրեր են բարձրանում: Եթե դու իջնես ցած, դու այդ հանքային ջուրն էլ կհանես, կխառնես, քաղցրահամ ջրերը կփչացնես»,- ասել էր Ռուբեն Յադոյանը։ Բայց ինչպես երեւում է, այս ուղղությամբ որեւէ վերահսկողություն չկա։

«Մենք ե՛ւ ոռոգման, ե՛ւ խմելու ջրի համար օգտագործում ենք միայն արտեզյան հորերը, եւ բնապահպանության նախարարությունը փակում է ոչ թե անօրինական, այլ այն հորերը, որոնք արդեն պիտանի չեն օգտագործման համար: Դրան մենք դեմ չենք»,- ԷկոԼուրին ասացին Հովտաշատի բնակիչները: Նրանք նշեցին, որ խմելու, ոռոգման եւ ձկնաբուծության նպատակով ջուր ստանալու համար   ոչ մի խորքային հոր փակված չէ :  Ավելին, 2013թ.  բնապահպանության նախարարությունը 4 նոր հորերի համար տվել է թույլտվություններ: Հովտաշատում բնակիչներն օգտվում են միայն արտեզյան հորերից, որովհետեւ ոռոգման համակարգ չկա: «…Նախկինում   հովտաշատցիները   ոռոգման   համար   օգտվել   են   ջրանցքից,  սակայն   ջրանցքը   ցամաքել   է …»,- ասացին  բնակիչները:   ԷկոԼուրի հարցին, թե ինչն է եղել պատճառը,  բնակիչները պատասխանեցին. «Երեւի,  որ մարդիկ չեն վճարել ջրանցքի համար,   ՋՕԸ -ն   փակել է ջրանցքը…Չենք   վճարում   ջրի   համար   և   ոչ   մի   պայմանագիր   ՋՕԸ - ի   հետ չունենք…   ՋՕԸ - ն   զրկել   է   մեզ   այդ   ջրանցքից   օգտվելու   հնարավորությունից»: Իսկ ջրի համար չվճարելն էլ իր պատմությունն ունի։ «…ՀՀ   նախկին   վարչապետ   Անդրանիկ   Մարգարյանի   պաշտոնավարման   օրոք   Հովտաշատի   այդ   տարիների   գյուղապետը   խնդրել   է   Անդրանիկ   Մարգարյանին,  որպեսզի    Հովտաշատի   վրայից   հանեն   ջրի   վարձը:  Վարչապետը    համաձայնել   է:  Եվ   այդպես  գյուղի   բնակիչները   սովորել   են   չվճարել   ջրի   համար …»,- պատմում էին բնակիչները:

Հովտաշատում   արդեն   կա  5-6  կոնսերվացված   հոր :   Բնակչությանը   պիտանի   ոչ   մի   խորքային   հոր   չի   փակվել :  « …Խորքային   հոր   փակելով՝   աղետալի   վիճակը   չի   լուծվի…   Ո՛չ   պետք   է   խորքային   հոր   փակել ,  ո՛չ   էլ   բացթողումներ   անել   Սեւանից ,  այլ   պետք   է   պարզապես   ճիշտ   կառավարել …  Սեւանի   ջուրը   մեզ   չի   հասնում…Իսկ մենք խմելու ջուր տալիս ենք Երեւանին. տեսեք` ինչ վիճակում է համակարգը` հորատանցքից դուրս եկած ջուրը գետն է լցվում…»,- ասացին հովտաշատցիները:

Հիշեցնենք, որ Արարատի  գյուղաջակցության մարզային կենտրոնի  /ԳԱՄԿ/  համայնքային կապերի  մասնագետ Վարդան Ղազարյանը նույնպես կարծում է, որ Սեւանի ջուրը ոռոգման համար գյուղացուն չի հասնի։ Նրա խոսքերով՝ Սևանից ջուր վերցնելը կապված է ոչ թե Արարատյան դաշտի ոռոգման հետ, այլ Սևանի մակարդակը չբարձրանալու, շինությունները չքանդելու հետ։ «Եթե անգամ Սևանից ջուր բերեն, միևնույն է, գյուղացիները լիարժեք ջուր չեն ստանալու։ Եղած ջուրն էլ չի հասնում ոռոգման տարածքներին, իսկ Արարատյան դաշտը հնարավոր չէ ծառայեցնել գյուղատնտեսական նպատակներին առանց ջրի։ Պատճառը ջրի մեծ կորուստներն են, որոնք կազմում են մոտավորապես 50-60 տոկոս»,- էկոլուրին ասել է Վարդան Ղազարյանը: 

Նշենք, որ ներկայումս ՀՀ Ազգային Ժողովի հաստատմանն է ներկայացված ՀՀ կառավարության մշակած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Արարատյան դաշտի ոռոգումն ապահովելու համար 5 տարի ժամկետով Սեւանա լճից ջրառի չափաքանակը ավելացնել՝ 170 միլիոն խմ-ից հասցնելով 240 միլիոն խմ-ի։ Բնապահպանները դեմ են այս օրինագծին, քանի որ նրանց համոզմամբ, ջրառի ավելացումը Սեւանին սպառնում է ճահճացմամբ։

Ապրիլ 02, 2014 at 16:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր