«Թեղուտ» ՓԲԸ-ն ցանկանում է Դեբեդ գետից ջրառի թույլտվություն ստանալ

«Թեղուտ» ՓԲԸ-ն ցանկանում է Դեբեդ գետից ջրառի թույլտվություն ստանալ

ԷկոԼուր

Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն ցանկանում է Դեբեդ գետից ջրառի թույլտվություն ստանալ:

Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից մշակվում է «Թեղուտ» ՓԲԸ-ի՝ Լոռու մարզի Թեղուտ համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Դեբեդ գետից՝ 296.5լ/վ և լցակույտերի դրենաժի համակարգից՝ 8.0լ/վ ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը:

«Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):

Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2019 թ-ի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 16:00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ», - նշված է Շրջակա միջավայրի նախարարության ծանուցման մեջ:

Հիշեցնենք, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը վերագործարկվեց ս.թ. հուլիսի 9-ին: Ըստ Լոռու մարզպետարանի տվյալների՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն ստացել է տարեկան 7 միլիոն տոննա հանքաքար արտադրելու թույլտվություն, հանքավայրը կշահագործվի 15-20 տարի: Թեղուտի հանքավայրի շահագործումը դադարեցվել էր 2018 թ-ի հունվարի 12-ին՝ Թեղուտի պոչամբարի վթարային վիճակի պատճառով, ինչի մասին հայտնել էր նախկին շահագործող «Վալլեքս» խումբը: Ռուսական ՎՏԲ բանկում գրավադրված «Թեղուտ» ՓԲԸ-ի գույքը և ընկերությունը ներկայում պատկանում է հենց բանկին: Վերագործարկվելուց առաջ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը նոր բնապահպանական փորձաքննություն չի անցել, մինչդեռ հանքի շահագործման համար տրված բնապահապանական ԲՓ-135 դրական եզրակացության գործողության ժամկետն ավարտվել է 2014թ. նոյեմբերի 7-ին:

Հոկտեմբեր 15, 2019 at 16:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր