10 տարի առաջ Թեղուտի ծրագրի ռիսկերի վերաբերյալ ահազանգերն այսօր իրականություն են` Օլեգ Դուլգարյանը հանքարդյունաբերության հետևանքների մասին

10 տարի առաջ Թեղուտի ծրագրի ռիսկերի վերաբերյալ ահազանգերն այսօր իրականություն են` Օլեգ Դուլգարյանը հանքարդյունաբերության հետևանքների մասին

ԷկոԼուր

Ալավերդիում «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի նախաձեռնությամբ ցուցադրվեց ԷկոԼուրի նկարահանած «Սև ցուլի զոհերը» ֆիլմը, որը դեռ 2008 թ-ին ահազանգում էր Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ռիսկերի մասին: «Ֆիլմը մարգարեություն ուներ իր մեջ, կային մարդիկ, որոնք պատմում էին, թե ինչ կարող է կատարվի մի տասը տարի հետո և ինչ իրավիճակում կհայտնվենք: Գրեթե այդ ամբողջը ճշմարտություն է: Հիմա, մի գուցե, ավելի վատ իրավիճակում ենք հայտնվել: Ինչ կատարվեց այս տարիների ընթացքում. հատվեցին անտառներ հեկտարներով, ստեղծվեց «Թեղուտ» ընկերությունը գյուղատնտեսական նշանակության հողերի վրա, և դարերով գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց սովորեցրին նստել կոկիկ բնակարաններում ու աշխատել գործարանում որպես բանվորներ: Եվ հիմա «Թեղուտ»-ը փակ է, մարդիկ գործազուրկ են, բայց ցավն այն է, որ նրանք արդեն հետ են վարժվել և չեն կարող զբաղվել գյուղատնտեսությամբ, կամ չունեն այդ միջոցները, որ նորից ստեղծեն ինչ-որ տնտեսություն, չունեն կապիտալ, ֆինանսական հենք և ամբողջապես կախվածության մեջ են բանկերից, ունեն վարկեր: Ապրելով գյուղում` մարդիկ գյուղացու մտածելակերպը չունեն: Դա ամենամեծ վատությունն է, որը կարող էր անել մեր պետությունը մեր ժողովրդին »,-  ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Լոռու մարզի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը:

Օլեգ Դուլգարյան

Նա նշեց, որ հանքարդյունաբերության պատճառով աղտոտված գյուղատնտեսական նշանակության հողերն այլևս բերրի չեն: «Թեղուտ, Շնող, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին կից Այրում, Ճոճկան գյուղերի հողատարածքների պտղաբերությունը, գյուղատնտեսական ապրանքների ծավալները պակասել են ոչ միայն այն պատճառով, որ գյուղատնտեսությամբ քիչ են զբաղվում, պակասել են բնական ճանապարհով. էլ հողը բերրի չէ, մարդ ամեն տարի զբաղվում է գործունեությամբ, ծառերը ջրում է, էտում է, փորձում է թունաքիմիկատներով ապահովել վտանգներից, բայց մեծ ծավալների բերք չի լինում, և մարդն ավելի ու ավելի է աղքատանում: Էլ չասեմ, որ նույն բնակավայրերի բնակիչներն ահազանգում են, դա չստուգված է, բայց որ չարորակ հիվանդությունների տոկոսը իրենց մոտ մեծացել է: Բացի այդ, մարդիկ այնպիսի առողջական վիճակ ունեն, որ իրենց թվում է, որ իրենք ինչ-որ քնաբեր դեղի ազդեցության տակ են, անընդհատ ունեն շշմածություն, ունեն հասկացության հետ կապված խնդիրներ: Դա վերաբերում է Այրում և Թեղուտ համայնքների բնակիչներին»,- ասաց Օլեգ Դուլգարյանը:

Թեղուտի պոչամբարը

Դեբեդ գետը` Թեղուտի պոչամբարի արտահոսքերից հետո

«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի Նահատակի պոչամբարը

«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի Նազիկի ռեկուլտիվացված պոչամբարը

Ախթալա գետը

Հունիս 15, 2018 at 12:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր