

ԷկոԼուր
Թեղուտի անտառներում եւ հենց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի տարածքում Հայաստանի Կարմիր գրքում գրանցված տեսակներ կան: Այս մասին «ԷկոԼուր» մամուլի ակումբում ապրիլի 13-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար, աշխարագրական գիտությունների դոկտոր Հովիկ Սայադյանը: «Ես` ինքս, Թեղուտի հետ կապված ծառաթփային բուսականության վերաբերյալ կատարել եմ մի փոքր ուսումնասիրություն: Եթե դուք նայեք Հայաստանի Կարմիր գրքերը, ապա բավականին մեծ տեսակներ կան, որ հենց այդ տարածաշրջանից են»,- ասաց Հովիկ Սայադյանը: ԷկոԼուրի հարցին, թե արդյոք հենց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի տարածքում կան Կարմիր գրքում գրանցված տեսակներ, Հովիկ Սայադյանը պատասխանեց, որ կան: Նշենք, որ «Ընդերքի մասին» ՀՀ նոր օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասն արգելքում ընդերքօգտագործումը, եթե «հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան` Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաեւ եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ»:
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործելու համար անխնայորեն հատվում են անտառները, ոչնչանում է կենսաբազմազանություն: Թեպետ հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն անտառվերականգնման աշխատանքներ է իրականացնում, սակայն դա նույն արդյունքը չի տա: Այս կապակցությամբ Հովիկ Սայադյանն ասում է. «Հնարավոր չէ բնության մի հատվածը վերցնել եւ տրանսպլանտացիա անել ուրիշ վայրում, որովհետեւ եթե բույսն աճում է այնտեղ, նա ունի ուրույն երկրաբանական, հողային, ռելիեֆային, կլիմայական պայմաններ, որն իր միջավայրի հետ ստեղծում է մեկ ամբողջություն:Ես քիչ եմ հավատում այդպիսի վերականգնման հնարավորությանը: Շատերը մեկնաբանում են, որ անտառը վերցվում է մի հատվածից, դրվում է մի այլ հատվածում, այդպիսի բան բնության մեջ անհնար է»:
Ապրիլ 16, 2013 at 15:16
