Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾԹեղուտ

6-րդ վարչությունը ստուգումներ է սկսել. որտե՞ղ է Թեղուտի վառելափայտը

Department 6 Launched Examinations: Where is Teghout firewood?
17:27 Մայիս 19, 2011

Լարիսա Փարեմուզյան, Հետք

«Հայանտառի» «Հետքի» աղբյուրը հայտնեց, որ Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրով նախատեսված անտառների հատումներն ու հատված ծառերի վերամշակումն իրականացնող «Կարաստ» ՍՊԸ-ի նախագահ Կամո Շահնազարյանը հատված ծառերի վառելափայտից 2011 թ. 10 մլն դրամ արժեքով 1000 խմ վառելափայտ է յուրացրել:

Կամո Շահնազարյանը նաեւ «Լալվար» անտառտնտեսության տնօրենն է: «Կարաստ» ՍՊԸ-ի պահեստապետ Վարդան Մաշինյանը, ով նաեւ Կամո Շահնազարյանի դասընկերն է, ըստ նույն աղբյուրի, վիճել է Կ. Շահնազարյանի հետ` ասելով, թե էս ինչ ես անում, փայտը պակասեցնում ես, բա էս ո՞նց պետք է լինի: Կամո Շահնազարյանը 700 խմ փայտի ստացական է տվել պահեստապետ Վարդան Մաշինյանին, նրան հանգստացրել ու ասել. «Էդ փայտը ես կստեղծեմ, քո գործը չէ»:

«Կարաստ» ՍՊԸ-ի նախագահի դեմ բողոք են գրել ոստիկանություն, ոստիկանության 6-րդ վարչությունից եկել եւ անցած շաբաթ ստուգումներ են կատարել ընկերությունում: Մեր աղբյուրը հայտնեց, որ 6-րդ վարչությունը 400 խմ վառելափայտի պակասորդ է հայտնաբերել, որի գումարային արժեքը կազմում է 4 մլն դրամ:

Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրով նախատեսված անտառների հատված ծառերի 12,000 խմ վառելափայտը մինչեւ 2010 թ. աշունը կուտակված էր Շնող գյուղի ֆուտբոլի դաշտում: Այն տեսանելի վայր էր, արեւի ու անձրեւի տակ փչացող ու անտերության մատնված հսկայական վառելափայտը ոչ միայն ցավ էր պատճառում անցորդներին, այլ նախատինք էր դարձել «Թեղուտ» ՓԲԸ-ի ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համար:

Փայտի 1 խմ-ի գինը «Հայանտառը» սահմանել էր 12 հազար դրամ, այդ պատճառով էլ այն երկար ժամանակ չէր վաճառվում: Քանի որ Շնողի գյուղապետարանը 2010 թ. նախատեսել էր վերանորոգել գյուղի ֆուտբոլի դաշտը, վառելափայտը աշնանը տեղափոխվել է Շնողի Շեկ աղբյուր կոչվող հանդամասի գոմերի բակ: Շեկ աղբյուր հանդամասը, թեեւ ֆուտբոլի դաշտից հազիվ 500-600 մ հեռավորության վրա է, բայց աչքից հեռու վայր է:

Հանդամաս գնացող նորակառույց ճանապարհին մեզ հանդիպած շնողցիները հաստատեցին վառելափայտի յուրացման փաստը, իսկ նրանցից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, ասաց. «Ոստիկանության 6-րդ վարչությունը կարող է փակել էդ գործը, բայց էսօրվա գյուղնախարարը Կամո Շահնազարյանի հետ դեռ ոչ տված ունի, ոչ առած, կարող է Կամո Շահնազարյանի արարքին ճիշտ գնահատական տալ»: Շեկ աղբյուր հանդամասի գոմերում նոր հատված ծառերի վառելափայտ կար թափված: « Էդ նոր կտրած ծառերի վառելափայտը պետք է չլիներ»,- բացատրեց շնողցին:

Պահեստի մոտ առաջինը հանդիպեցինք պահակ Լավրենտիին: Վերջինիս էլ հարցրինք պահեստապետ Վարդան Մաշինյանի տեղը: Լավրենտին ասաց, որ պահեստապետը Շնողում է: Հեռախոսով կապվեց նրա հետ եւ հայտնեց, որ իրեն պահեստի մոտ հարցնողներ կան: Սակայն Վարդան Մաշինյանը խուսափեց հանդիպել եւ հեռախոսով ասաց, որ ճիշտ է` 6-րդ վարչությունից եկել պահեստը ստուգել են, բայց բան չեն գտել: Ասաց նաեւ, որ ինքը Վանաձորում է եւ չի կարող մեզ հետ զրուցել:

Պահակ Լավրենտին էլ ասաց, որ փայտի գործով ամեն օր մարդիկ են գալիս: «Էս երկու օրը շեստոյ ատդելը ստի էր, մի շաբաթ ստի էին, նոր գնացին: էս փայտն արդեն փտել է, 1 խմ-ը 10 հազար 200 դրամ է, հլե սհե փտացնում են»,- ասաց Լավրենտին:

«Հետքի» հետ զրույցում Կամո Շահնազարյանը վառելափայտի յուրացումների մասին տվեց իր բացատրությունը. «Հա, 6-րդ վարչությունը օրերս մեզ մոտ ստուգումներ արեց, պահեստում 500 խմ փայտ պակաս էր, պահեստապետին հարցնում ենք, ինքն էլ չի իմանում, թե խի էր պակաս»: «Լալվար» անտառտնտեսության գլխավոր անտառապետ Արամ Ռամազյանն էլ ասաց, որ 2008-ից մինչ օրս 62 հա հատված անտառներից մթերվել է 12,000 խմ վառելափայտ, որից վաճառվել է 10,500 խմ-ը, ներկայումս պահեստում պետք է լիներ 1500 խմ վառելափայտ:

«Հարկային մասով վճարները պետք է գնան պետբյուջե, մնացած գումարները պետք է նպատակաուղղվեն անտառավերականգնման աշխատանքներին: Անտառավերականգնման աշխատանքները պետք է իրականացնի «Հայանտառը»»,- ասաց Արամ Ռամազյանը:

Ըստ Կամո Շահնազարյանի` 2011 թ. Թեղուտի ծրագրով նախատեսված անտառահատման աշխատանքները դեռ չեն սկսվել: ««Հայանտառից» ստացել ենք մի հատ 1,3 հա, մի հատ 0,7 հա, մի հատ 0,3, մի հատ էլ 1,7 հա անտառ հատելու հրահանգ»,- տեղկացրեց Կ. Շահնազարյանը: Ապա ավելացրեց, որ պահեստապետ Վարդան Մաշինյանը դեռ որեւէ պատասխանատվության չի ենթարկվել:

«6-րդ վարչության քննությունը շարունակվում է, ավարտվելուց հետո կենթարկվի պատասխանատվության: Վարդան Մաշինյանը պատճառաբանում է, թե հնարավոր է սենց լինի, հնարավոր է` նենց: Բան չգիտի: Ես հաստատ գիտեմ, որ Վարդանը դա չէր կարող վաճառել, քանի որ անընդհատ նայում ենք, չէր կարող տանել: Ըստ երեւույթին, պահեստապետը խաբվել ա, թե ի՞նչ ձեւով է խաբվել, հլա առայժմ պարզ չի: Չգիտեմ, կոնկրետ չգիտեմ, ի՞նչ ասեմ»,- ավելացրեց Կամո Շահնազարյանը:

Նա համարում է, որ Շեկ Աղբյուր հանդամասի պահեստում ներկայումս մոտ 800 խմ փայտ է ամբարված` 1500 խմ վառելափայտի փոխարեն: