Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾԼեռնահանքային արդյունաբերություն

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ` ՊՐՈԳՐԵՍԻՎ ՀԱՐԿԱՄԱՆ ՏԱ՞Կ

MINING INDUSTRY UNDER PROGRESSIVE TAXATION?
Մարտ 03, 2011

Արմենակ Չատինյան, Կապիտալ

Պղնձի գնի թռիչքը ապահովում է արդյունահանողների գերշահույթը

Համաշխարհային շուկայում պղնձի գինն արդեն անցել է ռեկորդային սահմանագիծը՝ \\$ 10 հազ. մեկ տոննայի համար։ Ճիշտ է, վերջին շրջանում այն որոշակիորեն կայունացել է, սակայն, ըստ հանքարդյունաբերության ոլորտում աշխատող ընկերությունների՝ դա դեռ սահմանը չէ, քանի որ շուկայում գունավոր մետաղների նկատմամբ շատ մեծ չբավարարված պահանջարկ կա։ «Կապիտալի» հետ զրույցում «Վալլեքս» խմբի ընկերությունների գործադիր տնօրեն  Գագիկ Արզումանյանը պնդում է, որ հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ վարվող հարկային քաղաքականությունը արդարացի չէ։

- Ըստ Ձեզ` պղնձի համաշխարհային շուկայում գների աճը ինչո՞վ է պայմանավորված, և ի՞նչ միտումներ են սպասվում այս տարի: Որքա՞ն ժամանակ կպահպանվեն նման բարձր գները։

-Պղնձի (և ընդհանրապես մետաղների) գների մակարդակը պատճառահետևանքային կապերով կապված է համաշխարհային տնտեսական համակարգի բազմաթիվ տարրերի հետ, և գների փոփոխությունները պայմանավորող գործոնների մասին հնարավոր է խոսել միայն ընդհանրական-վերացական մակարդակում: Այժմ դիտարկվող գնաճի հիմնական պատճառը, թերևս, առաջարկի դեֆիցիտն է: Տարբեր վերլուծական կենտրոնների գնահատականների համաձայն՝ 2010թ. ընթացքում համաշխարհային շուկայում պղնձի պահանջարկը ավելի քան 3 անգամ բարձր է եղել, քան 2009թ.: Ըստ որոշ կանխատեսումների՝ 2011թ. այդ դեֆիցիտի ծավալները կարող են կկրկնապատկվել՝ ընդհուպ մոտենալով 900.000 տոննային: Դա, բնականաբար, հիմքեր է ստեղծում տեսանելի հեռանկարում պղնձի գների կայուն բարձրացում կանխատեսելու համար: Եթե դեֆիցիտի աճին զուգահեռ՝ բորսայական պահեստներում պաշարների ծավալների կտրուկ նվազում արձանագրվի, ապա չի բացառվում, որ պղնձի գնի դինամիկան մոտ ապագայում նաև «խուճապային» թռիչքներ արձանագրի:

-«ՎՏԲ բանկը» կարծես ձգձգում է Թեղուտի հանքավայրի շահագործման համար վարկային միջոցների հատկացումը։ Ո՞րն է խնդիրը, ե՞րբ է նախատեսվում ստորագրել պայմանագիրը, և պայմանների մասով՝ ի՞նչ փոփոխություն է եղել։

-Քանի որ այդ հարցի առնչությամբ, ինչպես կարող ենք ենթադրել հարցումների հաճախականությունից, ԶԼՄ-ի որոշ ներկայացուցիչների հետաքրքրությունը բավական մեծ է, պատասխանը նախընտրում եմ ձևակերպել առավելագույնս հստակ՝ հնարավորինս բացառելու համար որևէ թյուրըմբռնում. «Վալլեքս» խմբի ընկերությունները համագործակցում են  ինչպես «ՎՏԲ բանկի», այնպես էլ շատ այլ բանկերի հետ: «ՎՏԲ բանկի» հետ կնքված տարբեր վարկային համաձայնագրերի հիման վրա մենք արդյունավետորեն համագործակցել ենք նախկինում, համագործակցում ենք հիմա, և հուսով ենք, որ կհամագործակցենք նաև ապագայում:

-2010թ. հանքարդյունաբերական ընկերությունները զգալիորեն ավելացրել են վճարած հարկերը։ Դա պայմանավորված է մետաղների գներո՞վ, թե՞ վճարված հարկերում մեծ տեսակարար կշիռ ունեն գերավճարները։

-Մետաղների գների բարձրացումը, բնականաբար, ընդհանուր հաշվով ավելի նպաստավոր է դարձնում առևտրային պայմանները հանքարդյունաբերող ընկերությունների համար. աճում են հարկվող շրջանառության ծավալներն ու շահույթը: Քանի որ հանքարդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի զգալի մասն արտահանվում է Հայաստանից, հարկվող շրջանառության ծավալների աճին զուգահեռ՝ միանգամայն օրինաչափորեն կարող են ավելանալ ԱԱՀ-ի մասով առաջացող գերավճարների ծավալները: ԱԱՀ-ի գերավճարների ժամանակին վերադարձի խնդրում վերջին շրջանում ակնառու առաջընթաց ունենք, հաշվարկված գերավճարների վերադարձի ուշացման հետ կապված էական խնդիրներ մեր ձեռնարկություններում վերջին շրջանում չեն առաջանում:

-Կառավարությունը խոստացել է, որ այս տարի ԱԱՀ-ի գծով գերավճարների վերադարձը ուշացնելու դեպքում տուգանքներ է վճարելու։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ գործուն կլինի այդ մեխանիզմը։

-Դա արդեն ամրագրված է օրենքով. ««Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» 2010թ. մայիսի 20-ին ընդունված օրենքով նախատեսվում է, որ օրենքով սահմանված ժամկետից 90 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար հարկ վճարողին վճարվում է տույժ: ՀՀ կառավարության այս տարվա փետրվարի 10-ի թիվ 85-Ն որոշմամբ՝ տույժերը հաշվարկվում են՝ հիմք ընդունելով տվյալ ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված` բանկային տոկոսի հաշվարկային դրույքը: Թեպետ սա, իհարկե, որակական առաջընթաց է իր պարտավորությունների կատարման հարցում պետության կողմից պատասխանատվություն ստանձնելու ուղղությամբ, այդուհանդերձ կարևոր եմ համարում, որ օրենսդրական դաշտը հավասարակշռի մասնավոր սեկտորի և պետության շահերը, և իրավահարաբերության կողմերի պատասխանատվության «ծավալները» լինեն համեմատելի: Եթե օրենքով և ենթաօրենսդրական ակտերով ամրագրված մեխանիզմները հարկատուի կողմից հարկերի վճարումների ուշացման դեպքում նախատեսում են մի քանի անգամ ավելի մեծ տույժ (ընդ որում՝ առանց որևէ «արտոնյալ» ժամանակահատվածի), քան պետության կողմից նույն հարկատուին վճարումների ուշացման դեպքում, ապա ակնհայտ է, որ այստեղ պատասխանատվության հավասարակշռման խնդիր կա: Չնայած այն բանին, որ դեռևս առարկայական անհրաժեշտություն չի եղել կառավարության կողմից վճարվելիք տույժերի հաշվարկի վերոհիշյալ կարգին դիմելու, կարծում եմ, որ այդ խնդիրն իրոք հրատապ է և պետք է լուծվի:

-Հանքարդյունաբերության ոլորտի հարկման մեխանիզմներն այսօր որքանո՞վ են նպաստում կամ խոչընդոտում ոլորտի զարգացմանը և ներդրումներին։ Որոշ փորձագետներ կարծիք են հնչեցնում, որ գործող հարկային մեխանիզմները հնացած են, ու պետք է ներդնել ռենտավճարների գանձման, հարկման արդիական սխեմաներ։ Ավելի ստույգ՝ ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը հանքարդյունաբերական ընկերությունների բուն եկամուտների հարկման վերաբերյալ առաջարկների մասին, որոնց իմաստը հանգում է գանձվող հարկերի ծավալները անմիջականորեն գների դինամիկային կապելուն։  

-Չեմ կարծում, որ հարկման գործող մեխանիզմների տեսանկյունից Հայաստանը «հարկային դրախտ» է հանքարդյունաբերողների համար: Դրա լավագույն վկայությունն այսօր Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում ներդրումային ակտիվությունն է, որը, իմ կարծիքով, բավարար չէ: Եթե ավելի կոնկրետ խոսենք, ապա հանքարդյունաբերությունը Հայաստանում տնտեսավարման միակ ոլորտն է, որտեղ ըստ էության գործում է շահութահարկի պրոգրեսիվ դրույքաչափ. «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված է, որ շահութաբերության նորման՝ 25%-ը գերազանցելու դեպքում հանքարդյունահանմամբ զբաղվողները պարտավոր են վճարել տվյալ ժամանակահատվածում իրացված օգտակար հանածոյի համախառն հաշվարկային արժեքի 0.1%-ի չափով ռոյալթի` շահույթի՝ 25%-ը գերազանցող յուրաքանչյուր 0.8%-ի համար: Սա թերևս այնքան էլ արդարացի չէ. ստացվում է, որ տվյալ տարում տնտեսավարող սուբյեկտի շահույթը որոշակիորեն սահմանված տոկոսից բարձր լինելու դեպքում հարկային դրույքաչափն աճում է շահույթի ծավալին ոչ համամասնորեն, իսկ այլ տարիներին շահույթն այդ մակարդակից ցածր լինելու կամ գործունեության վնասաբերության դեպքում՝  նույն կարգով դրույքաչափը չի նվազեցվում, և չեն փոխհատուցվում տնտեսավարողի կրած վնասները: Այդուհանդերձ, այս մեխանիզմն արդեն իսկ իր մեջ պարունակում է արդյունահանվող օգտակար հանածոների միջազգային գների հետ պետական բյուջե վճարման ենթակա գումարների անուղղակի կապ:



Առնչվող նյութեր