Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾԹեղուտ

Սերժ Թանկյանն ի պաշտպանություն Թեղուտի

Serj Tankian in Support of Teghout
16:56 Օգոստոս 09, 2012

Մեր մոլորակի էկոլոգիական վիճակի վատթարացումը մարդկությանն ու մեր ողջ էկոհամակարգին սպառնացող ամենամեծ վտանգներից մեկն է: Կորպորացիաների գործունեության արդյունքում շարունակաբար աղտոտվում է ողջ մոլորակը՝ հողը, ջուրն ու օդը: Յուրաքանչյուր մարդ, որտեղ էլ որ նա լինի, ենթարկվում է աղտոտման բացասական ազդեցությանը: Որքան լավատեղյակ լինենք խնդրի պատճառների ու հետևանքների մասին, այնքան ավելի գիտակցված որոշումներ կկայացնենք և կկարողանանք փոխել մեր սովորությունները: Սա էլ իր հերթին կբերի ավելի մեծ փոփոխությունների՝ ազդելով ընկերությունների քաղաքականության ու գորունեության վրա:

Խնդիրը, որը ներիկայացնում եմ՝ Թեղուտի անտառն է: 2011թ. Հայաստան կատարած իմ առաջին այցելության ժամանակ եղա նաև Լոռու մարզում: Ես տեսա տեղի հրաշալի բնություը, տեսա վեր խոյացող անտառը, որ դեռ կանգուն էր: Երկու տարվա ընթացքում շատ բան է փոխվել: Պարզվում է, Թեղուտը՝ Հայաստանի վերջին և ամենալավ պահպանված անտառներից մեկը, կանգնած է իսպառ վերացման վտանգի առջև: Պատճառը բաց եղանակով մետաղական հանքի պլանավորվող շահագործումն է, որի արդյունքում առաջանալու են 500 միլիոն տոննա խիստ թունավոր թափոններով պոչամբար, և 600 միլիոն տոննա այլ թափոններ:

Հետևանքները. Թեղուտի անտառը խիտ սաղարթով ծառերով, գետերով, հազվագյուտ բուսատեսակներով և կենդանատեսակներով մի բացառիկ էկոհամակարգ է, որը ներկայումս գտնվում է մեկընդմիշտ կործանման եզրին: Այս սքանչելի ազգային հրաշալիքն այսօր կանգնած է էկոլոգիական մեռյալ գոտու վերածվելու վտանգի առջև, որի ազդեցությունն առկա է լինելու հարյուրամյակների, եթե ոչ հազարամյակների ընթացքում:

Արդարացումը. Հանքավայրը շահագործող ընկերությունն ու նրանք, ովքեր կողմ են հանքի բացմանը, պատճառաբանում են, թե դրա արդյունքում երկիրը տնտեսական աճ կարձանագրի, իսկ տեղի աշխատողների կյանքը կդառնա ավելի բարեկեցիկ:

Իրականությունը. Ներկայումս Հայաստանի մոտ 500 հանքերից, որոնց թիվը շարունակաբար աճում է, երկիրը դեռևս էական եկամուտներ չի ստանում, և հանքարդյունաբերությունը զգալի, երկարաժամկետ դրական ազդեցություն չի ունեցել հանքավայրերում աշխատող բանվորների կենսամակարդակի վրա: Ինչ վերաբերում է Թեղուտի անտառին, ապա այստեղ հանքավայրում աշխատողների մեծ մասը պետք է լինեն տեղի մոտ 360 բնակիչներից: Վերջիններս անգիտակցաբար վտանգում են ոչ միայն իրենց կյանքն ու առողջությունը, այլ նաև իրենց երեխաների, թոռների և եկող սերունդների: Եվ այս ամենն ընդամենը ամսական մոտ 150 դոլար եկամտի համար: Հանքավայրի շահագործման նախագծի համաձայն՝ հանքի շահագործումը տևելու է 25-30 տարի: Իսկ Թեղուտի անտառի գեղեցկությունը մենք կորցնելու ենք հազարամյակներով:

Այլընտրանքը. Բաց եղանակով հանքի շահագործումը կանխելու, կամ ավելի ճիշտ դադարեցնելու համար, չափազանց կարևոր է այդ շրջանի համար եկամտի այլընտրանքային աղբյուրներ գտնելը: Շրջանը գյուղատնտեսական առումով չափազանց բարեբեր է: Ակնհայտ է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելն ավելի նպատակահարմար է շրջանի և առհասարակ երկրի համար, թե տնտեսական և թե էկոլոգիական առումով: Այն գործարարները, ովքեր իսկապես շահագրգռված են Հայաստանի երկարաժամկետ զարգացմամբ, պետք է ուսումնասիրեն Թեղուտը գյուղատնտեսութան զարգացման հնարավորությունների և ոչ թանկարժեք մետաղների որոնման նպատակով, և ներդրումներ կատարեն կոլեկտիվ տնտեսությունների և փոքր բիզնեսի ստեղծման մեջ: Ի վերջո, ոչինչ այնքան կարևոր չէ, որքան շրջակա միջավայրը, գալիք սերունդների առողջությունն ու բարեկեցությունը:

Ինչ անել. Ծանոթացե՜ք Թեղուտի հիմնախնդրին: Միացե՜ք «Փրկենք Թեղուտը» բնապահպանական շարժմանը, ուսումնասիրեք խնդիրը, դրա հետևանքներն ու գոյություն ունեցող այլընտրանքային հնարավորությունները, կամ կիսվեք Թեղուտի անտառը փրկելու ձեր գաղափարներով: Այցելեք www.Teghut.amwww.ecolur.org կայքերը և ձեր մասնակցությունը բերեք այս գործին:

Ես Սերժ Թանկյանն եմ:
Շնորհակալություն