«ՎԱԼԼԵՔՍ-ԳՐՈՒՊ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ ԹՈՒՅԼ Է ՏՎԵԼ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎՐԱ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԿՐՃԱՏԵԼ ԹԵՂՈՒՏԻ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՀԱՏՈՒՄԸ

«ՎԱԼԼԵՔՍ-ԳՐՈՒՊ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ ԹՈՒՅԼ Է ՏՎԵԼ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎՐԱ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԿՐՃԱՏԵԼ ԹԵՂՈՒՏԻ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՀԱՏՈՒՄԸ

ԱրմԻնֆո

2011թ. ապրիլի 16-ին «Վալլեքսե խմբի ընկերությունները կազմակերպեցին ուսանողական հերթական շրջայց-ծառատունկը Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի հարակից տարածքներում: Ծառատունկին մասնակցեց ավելի քան 140 մարդ. ներգրավված էին ՀՀ առաջատար բուհերի ուսանողներ, «Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպություն», «Լոռվա երիտասարդների միասնություն» և հասարակական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, անվանի մտավորականներ:
 
Ինչպես  տեղեկացնում է «Վալլեքս» խմբի ընկերությունների Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ծառատունկն իրականացվեց գումարային շուրջ 1.5 հա մակերեսով՝ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից հատուկ այդ նպատակով ցանկապատված տարածքներում: Տնկվեց շուրջ 700 ծառ՝ 450 շագանակենի, 120 ընկուզենի, 70 սոճի և 60 լորենի: Ընկերությունը բազմիցս հայտարարել է, որ ընդհանուր առմամբ նախատեսում է տնկել 714 հա անտառ, ինչը գրեթե 2 անգամ գերազանցում է անտառատարածքները, որոնք հատվելու են պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար (357 հա): Սակայն, բնապահպանները վստահ են, որ «Վալլեքս-գրուպ»-ի «առատաձեռնության» հետևում սառը հաշվարկ է և ծառահատման իրական մասշտաբը թաքցնելու ցանկություն: «Դեռ 2003 թվականին, երբ Թեղուտի հանքավայրի շահագործման նախագիծը չէր հաստատվել, փաստաթղթերում նշվում էր, որ նախատեսվում է հատել 2500 հա անտառ: 2 տարի անց այդ թիվն առեղծվածային կերպով նվազեց մինչև 1970 հա, հետո`մինչև 1400 հա: Այնպես որ` 375 հեկտարի մասին տվյալները, որոնք այժմ հնչում են պաշտոնական մակարդակով, չեն համապատասխանում իրականությանը»,- ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի կանաչների միության ղեկավար Հակոբ Սանասարյանը: Նրա խոսքով, այսքան տարօրինակ մաթեմատիկան հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ ընկերությունը որոշել է հաշվի չառնել Թեղուտի անտառի թփերն ու թփուտները:
 
Սակայն, դրանով Թեղուտի հանքավայրի հանելուկները չեն ավարտվում: Սանասարյանի խոսքով, օրինակ`մեկ քառակուսի մետր հողատարածությունը գնահատվել է 0.8 դրամ ծիծաղելի գումար, իսկ քառակուսի մետր անտառային հողատարածքը` 2.8 դրամ: Ստացվում է, որ 12 քմ հողատարածքը արժե նույնքան, որքան մեկ լուցկու տուփը: Սանասարյանի խոսքով, Թեղուտ և Շնող գյուղի բնակիչները ստիպված էին կոպեկով վաճառել իրենց հողերը, իսկ դատարանի միջոցով արդարության հասնելու նրանց փորձերը դատապարտված էին ձախողման: Ավաղ, Հայաստանի օրենսդրությունն առաջվա պես լեռնահանքային ընկերությունների օգտին է գործում: Դրա օրինակը «Ընդերքի մասին» նոր օրենսգիրքն է, որը, ինչպես նշել է Սանասարյանը, անտառատարածքների հաշվին հանքավայրերի շահագործման անսահման հնարավորություններ է բացում ընկերությունների առջև: 
 
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ACP ընկերության ծրագիրը ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել 2007 թ. նոյեմբերին: Ինչպես բազմիցս նշվել է, կառավարության քննարկմանը ներկայացված ACP-ի նախագծում էկոլոգիական ռիսկերը նվազեցվել են մի քանի անգամ: Բացի այդ, Թեղուտի հանքավայրի շահագործումը հակասում է երկրի օրենսդրությանը և ստորագրված միջազգային կոնվենցիաներին:

Ապրիլ 20, 2011


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news