ԷկոԼուր
«Թեղուտ» ՓԲԸ-ի Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի (ներառյալ հանքավայր) մինչև 15մլն.տ/տարի ընդլայնման հայտն ուղարկվել է լրամշակման, փորձաքննական գործընթացը դադարեցվել է: Այս մասին ԷկոԼուրին հայտնեցին ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից:
«Թեղուտի հայտի հետ կապված մեր կողմից տրվել էր տեխնիկական առաջադրանք, և քանի որ ստացված նյութերը չէին համապատասխանում մեր տեխնիկական առաջադրանքին, հայտն ուղարկվել է լրամշակման: Այս պահին փորձաքննական գործընթացը դադարեցված է համարվում», - ասացին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Թեղուտի հանքավայրի ընդլայնման հայտը մերժելու պահանջով ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին էին դիմել ազդակիր Շնող համայնքի բնակիչները: Նախարարին իր կարծիքն էր ուղարկել նաև «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն` նշելով, որ Թեղուտի հանքավայրի ընդլայնման հայտին պետք է տրվի բացասական եզրակացություն:
Նշենք, որ Թեղուտի հանքավայրի շահագործման ընթացքում ազդակիր համայնքների բնակիչներից ու բնապահպաններից պարբերաբար հնչում են ահազանգեր Թեղուտի պոչամբարից Շնող գետ հոսող թունավոր արտահոսքերի մասին: 2017 թ-ի ամռանը ԷկոԼուրի տեսախցիկը ֆիքսել էր աղտոտված Շնող գետը: Սակայն մինչ օրս բնապահպանական տեսչությունը չի իրականացրել ստուգումներ: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը «ԷկոԼուր»-ին ուղղված նամակում նշել է, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Թեղուտ» ՓԲԸ-ում ստուգումներ կանցկացնի 2018 թ-ին:
Հունվար 09, 2018 at 14:10