«Վալլեքս» խմբի ընկերությունների պատասխանը, թե ինչու Շնողում անտառ չեն տնկել

«Վալլեքս» խմբի ընկերությունների պատասխանը, թե ինչու Շնողում անտառ չեն տնկել

ԷկոԼուր

«Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից ԷկոԼուրը ստացավ արձագանք` հրապարակված «Անտառային պատմություններ՝ ինչպես է «Թեղուտ» ՓԲԸ-ն անտառ տնկել» նյութի վերաբերյալ: Արձագանքի մեջ նշված է. ««Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Էկոլուր) www.ecolur.org համացանցային կայքում 2015թ. սեպտեմբերի 3-ին տեղակայված, «Անտառային պատմություններ՝ ինչպես է «Թեղուտ» ՓԲԸ-ն անտառ տնկել» վերնագրված հոդվածի (այսուհետ՝ Հոդված) վերաբերյալ հարկ ենք համարում հայտնել հետևյալը.

«Վալլեքս» խմբի ընկերությունները շնորհակալություն են հայտնում Էկոլուրին Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցման և գործունեության ծրագրի իրականացման նպատակով անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասի փոխհատուցման ծրագրի (հասանելի է հետևյալ հղումով՝ http://teghout-old.vallexgroup.am/images/docs/Teghout_forestation_program.pdf, այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում իրականացված անտառպատման աշխատանքների արդյունավետության նկատմամբ ցուցաբերած ուշադրության և հանրային վերահսկողության տարրեր պարունակող գործողությունների համար: Մենք բազմիցս դիմել ենք Հայաստանի բնապահպանական իրադրությամբ շահագրգիռ հանրությանը՝ խնդրելով մասնակցել Ծրագրի արդյունավետության նկատմամբ հանրային վերահսկողությանը, և այս առումով Էկոլուրի վարքագիծը համարում ենք դրական և օրինակելի:

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում որոշ պարզաբանումներ ներկայացնել: Ծրագիրը, որը ենթադրում է հատման ենթակա տարածքների գումարային մակերեսը կրկնակի գերազանցող գումարային մակերեսով տարածքների անտառպատում, «Վալլեքս» խմբի «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) ժամանակին մշակել և դրա կատարումը ստանձնել է առանց որևէ իրավական պարտադրվածության՝ սոցիալական պատասխանատվության իր որդեգրած հայեցակարգի շրջանակներում: Ծրագրի կազմման գործում Ընկերությունը հաշվի է առել այդ ոլորտում առաջադեմ միջազգային փորձը, գործընթացին ներգրավվելու կոչ արել և դրա պատշաճ հնարավորությամբ ապահովել շահագրգիռ հանրությանը: Մենք այն համոզմանն ենք, որ Ծրագիրը առողջ մեխանիզմներ է պարունակում անտառպատման տարածքների ընտրությունն այնպես կատարելու համար, որ Ծրագրի իրականացումը որևէ կերպ չխոչընդոտի տնտեսության այլ ոլորտների զարգացմանը: Ծրագրում նաև ներդրված են անտառպատման աշխատանքների բնագավառում մասնագիտացված կազմակերպությունների ներգրավման առողջ մրցակցայնություն և արդյունքների նկատմամբ բազմամակարդակ վերահսկողություն ապահովելու մեխանիզմներ: Անցած ժամանակահատվածում հատված 194.4 հա գումարային մակերեսով տարածքների դիմաց Ծրագրի շրջանակներում արդեն կատարվել են 415.7 հա գումարային մակերեսով անտառպատման աշխատանքներ: Ցավոք, հնարավոր չի եղել լիարժեքորեն խուսափել բացթողումներից, և մրցութային կարգով ընտրված մասնագիտացված կազմակերպություններից մեկը հենց այն տեղամասում, ուր այցելել է Էկոլուրը, թերացել է կատարել իր պայմանագրային պարտավորությունները: Տվյալ կապալառուի կողմից պայմանագրի պայմանների խախտման մասին Ընկերությունն ինքն է բազմիցս հայտարարել: Անկախ այն հանգամանքից, որ Ընկերությանը հասցված վնասը վերականգնելու նպատակով մենք դիմել ենք դատական պաշտպանության, հաշվի առնելով ազդակիր համայնքների համար խնդրի կարևորությունը և չսպասելով գործի դատական հանգուցալուծմանը, Ընկերության ֆինանսավորմամբ նույն համայնքի վարչական սահմաններում նույն մակերեսով ներկայում անտառպատման աշխատանքներ է իրականացնում կազմակերպություն, որի թեկնածությունն առաջարկվել է ազդակիր համայնքների կողմից:

Ընկերությունը բնապահպանական հասարակական կազմակերպություններից ոչ պակաս շահագրգիռ է Ծրագրի իրականացման թերությունները հայտնաբերելու, անհրաժեշտության դեպքում՝ մեղավորներին հրապարակայնորեն խարազանելու գործում: Մենք հեռու ենք այն մտայնությունից, որ Հայաստանում հնարավոր չէ արդյունավետորեն իրականացնել անտառպատման ծրագրեր, և համոզված ենք, որ այդ տեսանկյունից աշխարհի ամենաառաջադեմ փորձը Հայաստանում տեղայնացնելու գործին մեծապես կնպաստի հենց հանրային վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ներդրումը: Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ մենք մշտապես համարժեք ենք արձագանքում Ծրագրին առնչվող քննարկումներին մասնակցելու հրավերներին, և հորդորում ենք այդպիսի քննարկումներ նախաձեռնելիս առավելագույն օբյեկտիվություն ու բազմակարծություն ապահովելու նպատակով չխուսափել դրանց` Ընկերության ներկայացուցիչներին հրավիրելուց: Նաև պատրաստակամություն ենք հայտնում մասնակցելու Հոդվածում ակնարկված ակնկալվող այցելություններին Ծրագրի իրականացման այլ տարածքներ»:

Մեր կողմից նշենք, որ ԷկոԼուրի ահազանգի էությունն այն է, որ իրականում անտառտնկումերի աշխատանքներն էականորեն տարբերվում են փաստաթղթերում արտացոլված անտառտնկումների նախագծերից, միջոցառումներից եւ արդյունքներից:

Քանի որ ԷկոԼուրը մտադիր է շարունակել «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից իրականացված անտառտնկումների վերաբերյալ մոնիտորինգը, «Թեղուտ» ՓԲԸ-ի հետ տարաձայնություններ չունենալու համար խնդրում ենք ընկերությանը տրամադրել մեզ 415.7 հա գումարային մակերեսով տարածքներում տնկված եւ աճող անտառների լուսանկարները` նշելով ստույգ վայրը, տարին, ծառատեսակը:

Սեպտեմբեր 11, 2015 at 17:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր