

ԷկոԼուր
«Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն արձագանքեց «ԷկոԼուր»-ի՝ 2012թ. հուլիսի 11-ին հրապարակած «Ընդերքօգտագործող ընկերությունները բնօգտագործման վճարների հաշվետվություն չեն ներկայացրել» նյութին: Նամակում ասված է. ««ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի www.ecolur.org կայքում 11.07.2012թ., ժամը 18:27 թվագրմամբ տեղակայված՝ «Ընդերքօգտագործող ընկերությունները բնօգտագործման վճարների հաշվետվություն չեն ներկայացրել» վերնագրով hոդվածում նշվել է, որ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը 2011 թ. 2-4 եռամսյակներում բնօգտագործման հաշվարկ-հաշվետվություն չի ներկայացրել 2 եռամսյակների համար:
Այդ առնչությամբ հայտնում ենք, որ «Թեղուտ» ՓԲ ընկերության կողմից ներկայում իրականացվում են Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքներ, սակայն, մինչ օրս այդ հանքավայրի շահագործման լիցենզիայով ամրագրված օգտակար հանածոների մասով ընդերքօգտագործում չի իրականացվել: Ուստի՝ մետաղական օգտակար հանածոների մասով դեռևս չի ծագել բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն:
Մինչ այժմ, որպես բնօգտագործում, ընկերությունն իրականացրել է մակերևութային և ստորգետնյա ջրերի և բալաստային հումք ու լցանյութ համարվող ապարների օգտագործում, որի համար բնօգտագործման համապատասխան հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետներում 2011 թ. բոլոր եռամսյակներին ներկայացվել են ՀՀ բնապահպանության նախարարություն, 2012 թ.-ից՝ բալաստային հումք և լցանյութ համարվող ապարների օգտագործման համար բնօգտագործման համապատասխան հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետներում ներկայացվում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն: Այդ հաշվետվությունների մեկական օրինակները հաստատումից հետո՝ սահմանված 5-օրյա ժամկետում ներկայացվել են հարկային մարմնին և օրենքով սահմանված կարգով կատարվել է բնօգտագործման վճարների վճարման պարտավորությունը»:
Նշենք, որ այդ հաշվետվության ներկայացված չլինելու մասին պաշտոնական տեղեկատվությունը վերցված է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքից:
Հուլիս 14, 2012 at 12:42
