Շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելը հանվել է Քրեական օրենսգրքի նոր նախագծից

Շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելը հանվել է Քրեական օրենսգրքի նոր նախագծից

էկոԼուր

Շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելու կամ դրանք դիտավորյալ աղավաղելու դեպքում անձն այլևս չի ենթարկվի քրեական պատասխանատվության, եթե ընդունվի Քրեական օրենսգրքի նոր նախագիծը:

«Փոխանակ շրջակա միջավայրի պաշտպանության օրենսդրությունը ուժեղացնելու մասին մտածեն` անում են կատեգորիկ հակառակը»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը: Նրա գրառմանն արձագանքել է ՀՀ Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը. «Ըստ անհրաժեշտության, նախագծում հնարավոր է կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ»:

Նշենք, որ գործող օրենսգրքի 282-րդ հոդվածը սահմանում է. «Պաշտոնատար անձի կողմից բնակչությունից մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր ռադիոակտիվ, քիմիական, մանրէաբանական կամ այլ կենսաբանական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ այլ վտանգավոր տեղեկություններ թաքցնելը կամ այդպիսի աղտոտման վերաբերյալ դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով»:

Քրեական օրենսգրքի նոր նախագիծը տեղեկատվություն թաքցնելուն անդրադառնում է «Բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործություններ»՝ 41 գլխի 399 հոդվածում, որը սակայն քրեական պատասխանատվություն է սահմանում միայն այն դեպքում, եթե տեղեկություն թաքցնելը կամ աղավաղելը անզգուշությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս է պատճառել մարդու առողջությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որի շրջանակներում պետբյուջեից հատկացված շուրջ 400 հազար դոլարով փաստաթղթային փորձաքննություն իրականացրեց «Earth link & Advanced Resources Development» (ELARD) լիբանանյան ընկերությունը և մի շարք բացթողումներ և խնդիրներ հայտնաբերեց Ամուլսարի ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության մեջ: Քրեական գործը դեռ չի ավարտվել:

16:24 Դեկտեմբեր 18, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news