ՀՀ վարչապետը հանձնարարեց 2 ամսվա ընթացքում վերացնել աղբահանության և սանիտարական մաքրման խնդիրները

ՀՀ վարչապետը հանձնարարեց 2 ամսվա ընթացքում վերացնել աղբահանության և սանիտարական մաքրման խնդիրները

ԷկոԼուր

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության ապրիլի 20-ի նիստում հանձնարարեց գործադիր մարմինների ղեկավարներին 2-ամսյա ժամկետում միջոցներ ձեռնարկել ոլորտային ենթակայության տակ գտնվող տարածքների աղբահանության և սանիտարական մաքրման խնդիրները համակարգային վերացնելու ուղղությամբ:

«Վիճակն ուղղակի ողբերգական է, և կարծում եմ, որ բոլորդ էլ դա նկատել եք: Անհրաժեշտ է արձանագրել, որ մեծ մասամբ մարզպետերի, համայնքների ղեկավարների տարիների ընթացքում վատ աշխատանքի, թերացումների, իսկ շատ դեպքերում նաև իրենց պարտականությունների ուղղակի չկատարման արդյունքում ունենք այս վիճակը։ Վերջիններս պատասխանատու են ոչ միայն ընթացիկ աղբահավաքության ու սանիտարական մաքրման պատշաճ կազմակերպման համար, հատկապես ստեղծված վիճակը շտկելու, եղած աղբակույտերը, ցրված աղբը հավաքելու և տեղափոխելու, անկանոն շահագործվող աղբավայրերը փակելու համար։ Հետևաբար, այս բոլոր խնդիրների լուծումը պետք է ներառել մարզպետերի, համայնքների ղեկավարների հետ համատեղ մշակվող մարզային և համայնքային ծրագրերում»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարել է 2-ամսյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական առաջարկություններ աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում իրավախախտումների համար առավել հստակ և համապարփակ պատասխանատվության նորմեր նախատեսելու հնարավորության վերաբերյալ, նախատեսված վարչական տույժերը խստացնելու, ըստ անհրաժեշտության քրեական պատասխանատվություն նախատեսելու, ինչպես նաև վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակը ընդլայնելու ուղղությամբ։

Վարչապետը հանձնարարել է ՀՀ ԿԱ ոստիկանության պետին 1-ամսյա ժամկետում ապահովել չսահմանված կամ չնախատեսված տեղերում ու վայրերում աղբ թափելու դեպքերը ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության ուժերով կանխարգելումը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ 1-ամսյա ժամկետում մարզպետերի, համայնքների ղեկավարների հետ համատեղ մշակվող մարզային և համայնքային ծրագրերում հստակ սահմանել աղբահանության և համայքներում սանիտարական մաքրման ոլորտին վերաբերող միջոցառումներ և դրանց կատարման նկատմամբ սահմանել խիստ հսկողություն:

Հաշվի առնելով Հայաստանը բոլորի համար գրավիչ և հարմարավետ դարձնելու որդեգրած քաղաքականությունը` Կարեն Կարապետյանը հանձնարարել է մեկնարկել «Մաքուր Հայաստան» ծրագիրը հենց այսօրվանից։ Հանձնարարվել է նաև «Մաքուր Հայաստան» ծրագրի վերաբերյալ ապահովել հնարավորինս լայն իրազեկում, համագործակցելով միջազգային ու տեղական ոլորտային կազմակերպությունների հետ՝ իրականացնել ծրագրի ընդհանուր համակարգման աշխատանքները:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից:

Ապրիլ 20, 2017 at 16:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր