Ինչպես պետք չէ կառավարել աղբը. Բաթումի (Լուսանկարներ)

Ինչպես պետք չէ կառավարել աղբը. Բաթումի (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Կենցաղային թափոնների սխալ կառավարման պատճառով տուժում է ոչ միայն Բաթումի հանգստավայրը, այլ նաև Սև ծովը: Բաթումիի աղբավայրը տեղակայված է Ճորոխ գետի երկայնքով, Սև ծովի ափից 2 կմ հեռավորության վրա և մոտավորապես 3 կմ հեռավորության վրա Բաթումիի միջազգային օդանավակայանից:

Աղբավայրը ցանկապատված չէ: Մարդիկ և կենդանիները կարող են ազատ մուտք գործել աղբավայրի տարածք:


ԷկոԼուրը «Կանաչ ակադեմիա-2016»-ի մասնակիցների հետ այցելեց աղբավայր: Մեզ դիմավորեցին աղբավայրի աշխատակիցները. երկու կին, հինգ տղամարդ և մեկ անչափահաս տղա՝ 14-15 տարեկան, որը մեզ տեսնելուն պես միանգամից հեռացավ:



Աշխատակիցները սկզբում խոսել չէին ցանկանում: Բայց հետո նրանցից մեկը պատմեց, որ արդեն երկար տարիներ աշխատում է աղբավայրում և զբաղվում է պլաստիկի և մետաղի տեսակավորմամբ: Օրական հանձնում է 10-15 կգ մետաղի ջարդոն և դիմացը ստանում 10 լարի (4.2 դոլար): «Իմ ընտանիքը չի ուզում, որ ես այստեղ աշխատեմ, բայց ուրիշ աշխատանք չկա», - ասաց աղբավայրի աշխատակիցը:


Աղբավայրում օրական կարելի է տեսնել 50-60 կով: Աշխատակիցների խոսքով՝ կովերին այստեղ բերում են ֆերմերները. «Տերերը՝ իրենք, են բերում իրենց կովերին, դրանք էլ ամբողջ օրն արածում են այստեղ, իսկ այդ կաթը վաճառում են խանութներում, մարդիկ էլ գնում են»:

2015 թվականին ընդունված օրենքի համաձայն՝ Վրաստանում աղբահանությամբ զբաղվում են քաղաքային կառույցները: Բաթումիի աղբավայրի կառավարումը 2012 թվականից իրականացնում է «Սեվերի» ՍՊԸ-ն (LLC "Severi"):



Ճորոխ գետին մոտ լինելու պատճառով հեղեղների կամ հորդառատ անձրևների ժամանակ աղբը լցվում է գետը, այնուհետև Սև ծով: «Այս աղբավայրը տեղակայված է սխալ վայրում: 1994 թվականին աշխատանքներ սկսեցին, որպեսզի այն կարգի բերեն: Կառուցվեց մեծ պատ աղբավայրի և Ճորոխ գետի միջև, բայց դա չօգնեց: Բացի այդ, աղբավայրում կուտակված մեթանը սպառնալիք է տեղի օդանավակայանի համար, քանի որ էական ռիսկեր է պարունակում ինքնաթիռների վայրէջքի ժամանակ», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց «Bankwatch» ՀԿ-ների ցանցի Կենտրոնական եւ Արևելյան Եվրոպայի (CEE Bankwatch Network) տարածաշրջանային համակարգող, Թբիլիսիում գործող «Կանաչ այլընտրանք» բնապահպանական կազմակերպության նախագահ Մանանա Կոչլադզեն:

«2000 թվականին Բաթումիում աղբավայրի համար սկսեցին մշակել նոր սխեմա, որպեսզի հեռացնեն աղբավայրը գետից: Նոր վայր որոշեցին՝ հյուրանոցի կողքին: Բայց տեղի բնակիչները բոյկոտեցին: Հիմա պատրաստվում են նոր տարածք տրամադրել, ինչի համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) տրամադրել է 5 միլիոն եվրոյի վարկ: Սակայն այդ գումարի մեջ հաշվի չեն առել գոյություն ունեցող աղբավայրի վնասազերծման մեխանիզմները: Այսինքն, բոլոր խնդիրները մնում են չլուծված, դրանց լուծման համար ոչ մի մեխանիզմ չի առաջարկվում», - նշեց Մանանա Կոչլադզեն:

Լուսանկարները՝ Մոնիկա Երիցյանի, Եվա Հարությունյանի, Մարիամ Դեվիդզեի

Օգոստոս 17, 2016 at 17:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր