ԱԴՈԼՖ ԲԻՐԿՀՈՖԵՐ. «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՇԱՏ ԲԱՐՁՐ Է»

Սամվել Սարգսյան, «Նոյյան Տապան»

Հայկական ԱԷԿ-ի անվտանգության ոլորտում ՀՀ նախագահին կից Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) կողմից իրականացվող աշխատանքն ապահովում է Հայաստանի էներգետիկ անվտանգության պահպանումը պատշաճ, բարձր մակարդակով: Այս գնահատականը դեկտեմբերի 2-ին հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ԱԷԱԽ-ի 10-րդ նիստի բացմանը:

Ըստ նրա, Խորհրդի առաջարկությունները եւ խորհրդատվությունը դառնում են մանրազնին վերլուծության առարկա, եւ դրանցից շատերն իրականացվել են գործնականում: Մասնավորապես, Հայաստանի միջուկային անվտանգությունը կարգավորող մարմնի` «Պետատոմհսկողության», կարգավիճակը բարձրացնելու մասին Խորհրդի առաջարկությամբ այդ կառույցը վերակազմակերպվել է ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի:

ԱԷԱԽ-ի նախագահ, ատոմային էներգետիկայի ոլորտի միջազգային կառույցներում ղեկավար պաշտոններ զբաղեցրած գերմանացի փորձագետ Ադոլֆ Բիրկհոֆերը (Adolf Birkhofer) լրագրողներին ասաց, որ ներկայումս ՀՀ-ում ատոմային էներգետիկայի անվտանգության մակարդակը շատ ավելի բարձր է, քան այն ժամանակ, երբ ԱԷԱԽ-ն սկսեց իր գործունեությունը: Նրա գնահատմամբ, ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակը լիովին համեմատալի է աշխարհի այլ երկրներում գործող նմանատիպ ատոմակայանների անվտանգության մակարդակի հետ: Ա.Բիրկհոֆերի խոսքերով, եթե ՀԱԷԿ-ի ներկայումս գործող 2-րդ էներգաբլոկը պետք է շարունակի աշխատել եւս յոթ-ութ տարի, ապա դրա անվտանգության բարձրացման միջոցառումները պետք է իրականացվեն եւս երեք-չորս տարի:

Ըստ «ՀԱԷԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանի, ԱԷԱԽ-ի 10-րդ նիստում կքննարկվեն 2007-08թթ.-ին ատոմակայանի անվտանգության բարձրացման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքները: Դրանք իրականացվել են Եվրոմիության, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Չեխիայի տրամադրած ավելի քան 10 մլն դոլար ընդհանուր գումարի հատկացումների հաշվին:

Նա հայտնեց, որ մեկ շաբաթ առաջ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ), տեղի, հայաստանցի եւ ռուսաստանցի մասնագետների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ որոշվել է, թե ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման որ ուղղություններով է ծախսվելու այս տարի Ռուսաստանի կառավարության կողմից այդ նպատակով հատկացված 240 մլն ռուբլի (մոտ 10 մլն ԱՄՆ դոլար) գումարը: Ըստ Գ.Մարկոսյանի, խորհրդակցության ժամանակ համապատասխան 12 նախագիծ ներառող եռամյա ծրագրի իրականացման հետ կապված հայկական կողմի բոլոր առաջարկները հաշվի են առնվել, եւ ներկայումս հայկական կողմն սպասում է ԱԷՄԳ-ում ծրագրի հաստատմանը:

«ՀԱԷԿ»-ի գլխավոր տնօրենը հայտնեց, որ ընկերությունը անցյալ շաբաթ հայտարարել է ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության հրապարակի սեյսմիկ հետազոտությունների մրցույթ: Նա նշեց, որ կողմնակից է 30 տարվա շահագործման նախագծային ժամկետի լրանալուց` 2016թ.-ից, հետո գործող էներգաբլոկի շահագործմանը, եթե մինչ այդ նոր էներգաբլոկը չկառուցվի:

Նրա տվյալներով, Ռուսաստանում կա նմանատիպ ռեակտորով չորս էներգաբլոկների արդեն 45 տարվա շահագործման նախադեպ, նման նախադեպեր կան նաեւ Եվրոպայում ու ԱՄՆ-ում, եւ համապատասխան փորձը կարող է օգտագործվել ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի անվտանգության բարձրացման համար:

Նշենք, որ ԱԷԱԽ-ի անդամներ են ատոմային էներգետիկայի անվտանգության ոլորտի ռուսաստանցի երեք, հայաստանցի երկու, ֆրանսիացի երկու, ամերիկացի, չեխ, ավստրիացի մեկական մասնագետներ:

Դեկտեմբեր 03, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր