Հայաստանում պետք է հաշվարկվեն բոլոր թունաքիմիկատների պահեստարանները եւ չեզոքացվեն

Հայաստանում պետք է հաշվարկվեն բոլոր թունաքիմիկատների պահեստարանները եւ չեզոքացվեն

ԷկոԼուր

ՀՀ բնապահապանության նախարարությունում հունվարի 22-ին տեղի է ունեցել «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով վարակված տարածքների աղտազերծում» ծրագրի ղեկավար կոմիտեի անդրանիկ նիստը: Այն վարել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Ինչպես տեղեկացնում է Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը, հաստատվել է ծրագրի ղեկավար կազմը, որը բաղկացած է ՀՀ արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի գյուղատնտեսության, առողջապահության, տարածքային կառավարման, պաշտպանության նախարությունների, ՀՀ կառավարությանն առնթեր գերատեսչությունների միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի բնապահպանական ծրագրերի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, գիտական հիմնարկների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Նախարար Արամ Հարությունանը նշել է, որ իրականացվելիք աշխատանքները բացառապես պետք է լինեն Հայաստանի կողմից ստանձնած միջազգային կոնվենցիաների շրջանակներում: Նա հայտնել է նաև, որ Հայաստանում պետք է հաշվարկվեն բոլոր թունաքիմիկատների պահեստարանները և սահմանված կարգով չեզոքացվեն:

Նախարարի խոսքով, պետք է կարճ ժամկետում ավարտել լայնածավալ ծրագրի աշխատանքների նախապատրաստական փուլը և անցնել կոնկրետ գործողությունների՝ ոչնչացմանն ու վնասազերծմանը:  «Մենք ունենք Ժամկետանց պեստիցիդների վերացման մի քանի տարբերակ, ծրագրի իրականացման ընթացքում կորոշվի, թե որ տարբերակն է ավելի նպատակահարմար իրականացնելու համար»,- նշել է նախարարը: Արամ Հարությունյանը հույս է հայտնել, որ այս ծրագրով բեկում կմտնի ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացմանն ուղղված գործողություններում:

Քննարկման ընթացքում առաջարկվել է օգտագործել նաև Հայաստանում գործող «Օրհուս» կենտրոնների ներուժը:

Հիշեցնենք, որ ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացման և կայուն օրգանական աղտոտիչներով վարակված տեղանքների աղտազերծման ծրագրի համար Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը 4,7 միլիոն դոլլար է տրամադրել: Ծրագիրն իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:

Հունվար 22, 2013 at 17:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր